Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարմիր-դարչնագրսյն է՝ կանաչ-մանուշակագույն մետաղ. փայլով: Կտուցը (աղեղնանման) և ոտքերը երկար են: Երիտասարդը խամրած է, գլխին, պարանոցին կան բաց գույնի մանր պտեր: Թռչում է՝ վիզն առաջ ձգած, ոտքերը հետ տարածած, հաճախ՝ խմբերով, երամներով և առանձին զույգերով: Կեր է որոնում տիղմում և ծանծաղուտում: Բնակվում է արհեստ. ու բնական լճերում, ջրավազաններում (եղեգնուտներով): Սնվում է որդերով, միջատներով և խեցգետնակերպներով:

Բույնը գաղութային է՝ մի շարք տառեղների, փոքր ձկնկուլի, ճահճային մկնաճուռակի և տարգալակտուցի համակեցությամբ (թվաքանակով գերազանցում է նշված տեսակներին՝ բացառությամբ փոքր ձկնկուլի): Բույնը հարթակ է՝ եղեգնուտում կամ ծառերի վրա. կառուցում են էգը և արուն: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի վերջը: Դնում է 52 մմ տրամագծով, մուգ կապտականաչավուն 4-5 ձու: Թխսակալում է մայիսից՝ 21 օր: Ձագերը բնից դուրս են գալիս 30 օրականում:

Ք. տարածված էր և բնադրում էր Արարատյան դաշտի ձկնաբուծ. տնտեսություններում, սակայն 2003-04-ին գաղութային բնադրման օջախներ են հայտնաբերվել նաև Արմաշի ձկնաբուծ. տնտեսություններում:

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

ՔԱՐԱԴՐՆԵՐ (Charadriidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Աշխարհում տեսակների թիվը ճշտված չէ: ՀՀ-ում հայտնի է 12 տեսակ, որից 5-ը (սպիտակապոչ եղտյուրիկ, սովորական կիվիվ, ծովային քարադր, հաստակտուց քարադր, փոքր քարադր) բնադրող են, մյուս 7-ի (ճախրուկ, թևաբտիկ կիվիվ, պինդիրա, մոխրագույն, ոսկեփայլ, փողկապավոր Ք.) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:

Կտուցը համեմատաբար կարճ է, փետրավորումը՝ մոխրաավազագույն, որովայնը՝ սպիտակ: Փետրածածկը հիմնականում բաց մոխրաշագանակագույն է, կոնքերը և փորը՝ սպիտակ, գլխին կամ կրծքին կան սև բծեր:

ՔԱՐԱԹՌՉՆԱԿՆԵՐ, կեռնեխների ընտանիքի թռչուններ: ՀՀ-ում հայտնի է 7 տեսակ՝ անապատային քարաթռչնակ, շիկապոչ քարաթռչնակ, պարող քարաթռչնակ, սևաթիկունք քարաթռչնակ, սևախածի քարաթռչնակ, սևախայտ քարաթռչնակ, սևավիզ քարաթռչնակ, սովորական քարաթռչնակ:

Ճնճղուկից մինչև սարյակի մեծության թռչուններ են (երկար.՝ 14-18 սմ)։ Կտուցը բարակ է, հիմքում՝ լայնացած: Ոտքերն ուժեղ են, երկար: Փետրածածկը հիմնականում սևի, մոխրագույնի ու սպիտակի համադրությամբ է, առանձին դեպքերում՝ հողագույն, պոչը՝ շիկավուն: Էգերը միատարր մոխրագույն են: Արուները երգում են հարսանեկան թռիչքների ընթացքում:

Գերադասում են թփուտային քարքարոտ հարթավայրերը, ձորակները, բլրալանջերը:

ՔԱՐԱԿԱՔԱՎ (Alectoris chukar), փասիանների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, տարածված:

Մարմնի երկար. 32-34 սմ է, թևերի բացվածքը՝ 47-52 սմ, կենդանի զանգվածը՝ 370-770 գ: Գլուխը և կոկորդը ցայտուն նախշերով են: Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, կուրծքը՝ մոխրագույն, մարմնի կողքերը՝ բաց դեղնավուն-սպիտակ, կարմրագույն-դարչնագույն շերտերը լայն են՝ սև ուղղահայաց զոլերով: Ուսափետուրները մոխրագույն-կապույտ են՝ վարդագույն երանգով: Երիտասարդն ավելի փոքր է, մարմնի կողքերի զոլերը և գլխի նախշերը բացակայում են: Անհարթ տարածքներով վազում է արագ և հեշտությամբ բարձրանում զառիթափ լանջերը, սարն ի վար սահասավառնում է երկար տարածություն: Հանդիպում է փոքր երամներով: Թաքստոցին մոտենալիս հանկարծակի դիմում է թռիչքի: Բնակվում է քարքարոտ սարալանջերին՝ ժայռագոյացությունների հարևանությամբ, կիսաանապատներում ու չոր լեռնատափաստաններում, նաև գետերի ու առվակների մոտ: Մեծ քանակով պահպանված են Եղեգնաձորում և Վայքում (Վայոց ձորի մարզ): Սնվում է սերմերով, խոտաբույսերի կանաչ զանգվածով, երբեմն՝ միջատներով:

Հարսանեկան խաղերը և բնադրազույգերի ձևավորումը՝ ապրիլի սկզբից մայիսին: Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի սկիզբը: Ձվադրմանը պատրաստ բները հայտնվում են մայիսի 1-ին կեսից: Բույնը փոսիկ է (տրամագիծը՝ 19-30 սմ x 15-20 սմ)՝ գետնին, ցամքարը՝ չոր խոտաբույսերից: Բնադրում է թփուտներում և խիտ խոտաբույսերում: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-20-ը: Դնում է 39 մմ տրամագծով, դեղին-սպիտակ՝ բաց դարչնագույն-կարմիր պտերով 8-20 ձու: Թխսակալում է էգը՝ 28-30 օր: Ձագերը հայտնվում են հունիսին, ինքնուրույն թռչողները՝ օգոստոսի վերջից սեպտեմբեր:

Հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, հաջողությամբ բազմանում է նաև տնային պայմաններում: Համարվում է արժեքավոր որսորդ․ թռչուն: Գրավիչ է՝ կաքավին բնորոշ կեցվածքով ու կչկչոցով: Համակեցություններում թվաքանակը նվազում է հվ-ից հս.:

ՔԱՐԱԿԶԱՔԻՍ (Martes foina), կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի: ՀՀ-ում տարածված է բոլոր մարզերում: Բնակվում է ժայռաճեղքերում, քարակույտերի մեջ, անմարդաբնակ շինություններում, այլ կենդանիների հին բներում:

Մարմնի երկար. 45-54 սմ է, պոչինը՝ 27-37 սմ, կենդանի զանգվածը՝ 2,5 կգ։ Սնվում է կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, միջատներով, թռչուններով և նրանց ձվերով ու ձագերով, նաև բուս․ կերով (մրգեր, հատապտուղներ): Բազմանում է տարին 1 անգամ: Կտղուցը հունիսին է, զուգավորումը՝ հունիս-հուլիսին (երբեմն՝ մինչև օգոստոսի վերջը): Հղիությունը տևում է 236-237 օր: Հաջորդ տարվա մարտի վերջին կամ ապրիլի սկզբին ծնում է 3-5 ձագ, որոնք կաթով կերակրվում են 40 (45) օր: 7 շաբաթական ձագերը կարողանում են ինքնուրույն որս անել: Օգոստոս-սեպտեմբերին անջատվում են