սպիտակավուն բրգաձև ելուստներ: Ստորին շրթունքը պատված է եղջերանյութով: Բերանի անկյուններում կան 1 զույգ կարճ բեղիկներ: Մեջքային լողակի եզրը գոգավոր է: Պոչային լողակը մկրատաձև է: Մեջքը կողքերից սեղմված է մինչև մեջքային լողակի հիմքը: Թեփուկները կողագծում 57-63 հատ են: Մեջքային լողակում կա 13-14 ճառագայթ, հետնալողակում՝ 8: Մեջքային լողակի վերջին՝ չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է մանր ատամիկներ, որոնց ծայրերն ուղիղ են կամ դեպի վեր թեքված: Առաջին խռիկային աղեղի վրա կա 22-25 առէջ: Կլանային ատամները եռաշարք են: Մեջքը մուգ մոխրագույնից սև է, կողքերը՝ մոխրագույն՝ յուրահատուկ պողպատե նրբերանգով: Փորիկը սպիտակավուն է, բաց մոխրագույն կամ արծաթասպիտակ: Բոլոր լողակները միագույն են՝ մուգ մոխրագույն, մոխրագույն կամ սև: Որովայնախոռոչը պատված է սև թաղանթով: Երիտասարդների աչքի ծիածանաթաղանթը մոխրաարծաթավուն է կամ դեղնավուն, հասունինը՝ ոսկեգույն՝ սև բծերով:
Սեռահասուն է դառնում 4-5 տարեկանում կամ ավելի ուշ: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Էգերը սովորաբար խոշոր են արուներից: Բազմանում է ամռան 1-ին կեսին: Ձկնկիթը դեղին է՝ 1,6-1,8 մմ տրամագծով:
Հանդիպում է սակավաթիվ առանձնյակներից կազմված փոքրիկ խմբերով: Վարում է մերձհատակային կենսաձև: Սնվում է ստորակարգ ջրիմուռներով, դետրիտով և բենթոսով: Մանրաձկները սնվում են պլանկտոնային օրգանիզմներով:
Արդ. նշանակություն չունի: Սիրող. ձկնորսության ցանկալի օբյեկտ է: Ներկայումս պաշարներն զգալի նվազել են, և Ք. կ. պահպանության կարիք ունի:
ՔՈՒՌԻ ՍՊԻՏԱԿԱՁՈՒԿ (Alburnus filippi), ծածանաձկների ընտանիքի ձուկ: ՀՀ-ում տարածված է Արաքս, Մեծամոր, Հրազդան, Արփա, Ախուրյան, Քասաղ, Եղեգիս, Որոտան գետերում և նրանց ջրերով սնվող արհեստ. լճակներում ու ջրանցքներում: Ավելի հաճախ հանդիպում է գետերի արագահոս տեղամասերում:
Մարմինը կողքերից մի փոքր սեղմված է, երկար.՝ 7-8 (երբեմն՝ մինչև 15) սմ, զանգվածը՝ մինչև 40 գ և ավելի: Բերանը դնչի ծայրին է՝ դեպի վեր ուղղված թեք կտրվածքով, ստորին ծնոտը վերինից Երկար է: Փորային լողակների և հետնալողակի միջև կա ողնուց, որը հիմնականում պատված է թեփուկներով: Պոչային լողակը մկրատաձև է, որի ստորին բլթակը վերինից մի փոքր երկար է: Թեփուկները մանր են, կողագծում՝ 47-64 հատ: Մեջքային լողակում կա 10-11 ճառագայթ, հետնալողակում՝ 13-17: Ալանային ատամները երկշարք են: Մեջքը և գլխի վերին մասը կեղտոտ դեղնականաչավուն են՝ արծաթագույն նրբերանգով: Կողքերը արծաթափայլ են, փորիկը՝ արծաթասպիտակ: Կենդանի ձկների կողքերի վերին մասով ձգվում է լավ արտահայտված մոխրասև շերտ, որի վերին մասում, որոշակի լուսավորության դեպքում, ի հայտ է գալիս կանաչաոսկեգույն մեկ այլ շերտ: Մահացած ձկների կողքերը դառնում են արծաթավուն՝ առանց սև շերտի: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ հաճախ անգույն: Աչքի ծիածանաթաղանթը սպիտակաարծաթավուն է:
Սեռահասուն է դառնում 1-2 տարեկանում: Սեռ. երկձևությունը թույլ է արտահայտված: Արուներն էգերից փոքր են ու ցածրամարմին՝ ավելի երկար զույգ լողակներով: Բազմացման շրջանում նրանց գլխի և լողակների վրա հայտնվում է «մարգարտյա» ցան: Բազմանում է գարնանը և ամռանը (կախված ջրի ջերմաստիճանից): Բեղունությունը հասնում է մինչև 8 հզ. ձկնկիթի:
Ապրում է վտառներով: Կենդանակեր է: Սնվում է մանր անողնաշարավորներով (միջատներ, Նրանց թրթուրները, ջրային իշուկներ, ջրալվեր և այլն ), երբեմն՝ ջրային բույսերով, նաև ձկնկիթով ու ձկների թրթուրներով:
Արդ. նշանակություն չունի:
ՕՁԱԿԵՐ ԱՐԾԻՎ (Circaetus gallicus), եվրոպական օձակեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն: Բնադրող-չվող է, քիչ տարածված:
Մարմնի երկար. 62-67 սմ է, թևերի բացվածքը՝ 185-195 սմ, կենդանի զանգվածը՝ 1,5-2 կգ էգը խոշոր է արուից: Խոշոր թռչուն է՝ լայն գլխով, երկար ու լայն թևերով, պոչը՝ 3-4 նկատելի շերտերով: Գունավորումը փոփոխական է. բաց գույնի անհատները վերևից բաց դարչնագույն են, ներքևից՝ սպիտակավուն՝ թույլ նախշերով, թևերի ծայրերը՝ մուգ: Մուգ անհատները վերևից մոխրագույն-դարչնագույն են, ներքևից՝ ավելի հստակ զոլերով: Մուգ գլուխը և կրծքի վերին մասը կնգուղի տպավորություն են ստեղծում: Առավելապես հանդիպում է առանձին անհատներով: Անզգույշ է վտանգի պահին: Հաճախ կանգ է առնում օդում, կերակրվում է միայնակ կամ զույգերով: ՀՀ-ում տարածված է Տավուշի մարզի, Գեղամա, Զանգեզուրի կիսաանապատային նախալեռներում, ժայռերի և անտառների հարևանությամբ: Սնվում է առավելապես թունավոր օձերով (գյուրզա, հայկ. իժ և այլն): Օձին ճանկում է գլխից կամ գլխին մոտ հատվածից՝ խուսափելով օձի կծելուց, որը մահաբեր է նրա համար:
Գարնանային վերադարձը՝ ապրիլի սկզբին: Բույնը փոքր հարթակ է՝ ճյուղերից և կանաչ բույսերից: Բնադրում է ծառերին: Թխսակալում են էգը և արուն՝ մոտ 40 օր: Ձագերը 70-80-րդ օրը տիրապետում են թռիչքին:
Հաջողությամբ բազմանում է Խոսրովի անտառ արգելոցում:
Աշնանային չուն՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: