Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕՁԵՐ (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ: Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978 (2006), ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ՝ որդանման կույր օձը, արևմտան վիշապիկը, Պալլասի և անդրկովկասյան մագլցող սահնօձերը, սովորական պսակաօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, պարսկ. պսևդոցիկլոֆիսը, վզնոցավոր, հանդարտ ու հայկ. էյրենիսները, կապարագույն իժանման, Շմիդտի, նայադային, խայտաբղետ սահնօձերը, սովորական և ջրային լորտուները, կովկասյան կատվաօձը, սովորական մողեսաօձը, Դարևսկու և հայկ. լեռնատափաստանային վահանագլուխ իժերը, Ռադդեի լեռն. իժը և գյուրզան:

Հայտնի են Օ-ի ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող տեսակների խմբեր:

Տարբեր տեսակների հասուն Օ-ի մարմնի երկար. 7,5-12 մ է, զանգվածը՝ 5 գ 200 կգ։ Կյանքի տևողությունը 8-40 տարի է:

Գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս կուլ տալ բավական խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել: Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված: Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման: Կրծքավանդակ չունեն: Զուրկ են վերջավորություններից, միայն որոշ տեասկախմբերում պահպանված են հետին վերջավորությունների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով: Օ-ի թոքերը զարգացած են անհամաչափ, աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը: Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ: Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով: Արտաքին ականջ չունեն, լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ: Հիմն. զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմ. միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է յակոբսոնյան օրգանի մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը: Սնվում են բացառապես կենդ. ծագման կերով, այդ թվում՝ լեշերով:

Բազմանում են ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու): Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով:

Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ: Մաշկն արժեքավոր է:

ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ (Annelides), բարձրակարգ որդերի տիպ՝ մարմնի երկրորդական խոռոչով (ցելոմ):

Մարմինը [երկար, մի քանի մմ-ից 3 մ է (արևադարձային անձրևաորդ)] երկկողմանի համաչափ է՝ ներքին միջնապատերով հատվածների (սոմիտներ) բաժանված, որոնց համապատասխանում է արտաքին օղակավորումը: Հատվածների քանակը կարող է հասնել մի քանի հարյուրի: Յուրաքանչյուր հատվածի վրա կարող են լինել խոզաններով պատված կողային ելուններ, որոնք համարվում են պարզունակ վերջավորություններ (պարապոդներ): Արյան շրջանառությունը փակ է՝ բաղկացած 2 գլխ. անոթներից (մեջքային և որովայնային), որոնք միացած են օղակավոր անոթներով: Շնչառությունը մաշկային է, երբեմն լինում են նաև խռիկներ: Արտաթորության օրգանները երիկամային են: Նյարդային համակարգը բաղկացած է գլխուղեղից, ենթաըմպանային հանգույցներից և որովայնային նյարդային շղթայից: Տարասեռ են կամ հերմաֆրոդիտ, զարգացումն ուղղակի է կամ թրթուրների միջոցով: Բազմանում է սեռ. (երբեմն՝ անսեռ) ճանապարհով: O.ո. բաժանվում են 4 դասի. բազմախոզանավորներ՝ ունեն 6 հզ-ից ավելի (առավելապես ծովային) տեսակներ, սակավախոզանավորներ՝ շուրջ 3 հզ. տեսակ, ապրում են հողում (անձրևաորդ) և քաղցրահամ ջրերում, տզրուկներ՝ հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում (մոտ 300 տեսակ), որոշ տեսակներ մակաբույծներ են, էխուրիդներ՝ ոչ մեծ քանակով հողի գրունտում ապրող ծովային որդեր են, որոնք կորցրել են մարմնի հատվածավորությունը:

ՕՂԱԿԱՎՈՐ ՏԱՏՐԱԿ (Streptopelia decaocto), աղավնիների ընտանիքի թռչուն: Նստակյաց է, հազվագյուտ: ՀՀ-ում հայտնաբերվել է 1991-ին, 1994-95-ին գրանցվել որպես բնադրող տեսակ:

Մարմնի երկար. 31-33 սմ է, թևերի բացվածքը՝ 47-55 սմ: Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, արտաքին թևի թափահարող փետուրները՝ սևավուն, ներքևից՝ վարդագույն երանգով: Ներքնապոչը սպիտակ է, հիմքը՝ սև: Արուի դիմային մասը վարդագույն երանգով է, էգինը՝ դեղնավուն: Վզի հետնամասում կա սև օձիք: Երիտասարդն ավելի խամրած է, վզի օձիքը բացակայում է: Բնակվում է քաղաքամերձ տարածքներում: Սնվում է սերմերով:

Բույնը նոսր հարթակ է՝ ճյուղերից: Բնադրում է ծառերին կամ շենքերի քիվերին: Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու:

Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:

ՖԻՏՈՆԵՄԱՏՈԴՆԵՐ, բուս. օրգաններում ապրող և սնվող կլոր որդերի (նեմաաոդներ) էկոլոգ. խմբերի յուրահատուկ համալիր: Առաջացել են կլոր որդերի դասի հողային ներկայացուցիչներից և էկոլոգ. ու կենս. փուլերով կապված են աճող բույսին:

Մարմինն իլիկաձև է կամ թելանման, երկար.՝ 0,5-2(5) մմ, ընդլայնական կտրվածքը՝ կլոր: Մակաբույծ կենսակերպի հետևանքով որոշ տեսակների մարմնի ձևերը խիստ փոխվել են. գալային և ցիստառաջացնող Ֆ-ի էգերն անկանոն գնդաձև են, կիտրոնաձև կամ շշաձև և անշարժ, իսկ արուները պահպանել են բնորոշ թելանման ձևն ու շարժունակությունը: Ֆ-ի մարմինը բաժանվում է գլխի, մարմնի և պոչի: Բաժանասեռ են, բազմանում են ձվադրությամբ, հազվադեպ՝ կուսածնությամբ: Ֆ-ից շատերն ընդունակ են անաբիոտիկ վիճակում ամիսներ ու տարիներ պահպանել կենսունակությունը, օրինակ՝ ցորենի նեմատոդը (Anguina tritici)