Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարման հետ չկապված օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակներով:

ՀՀ-ում Ա-ների ծավալներն ու ժամկետները (ըստ առանձին անտառտնտեսությունների) որոշում է «Հայանտառ» կազմակերպությունը:

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ, անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման նպատակով իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց: Ա.մ. իրականացվում է անտառների և անտառային հողերի քանակ․ և որակ․ փոփոխությունների ընթացքի, մարդահարույց և բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և բացասական երևույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Մոնիտորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են անտառների կայուն կառավարման նպատակով:

ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, նախկին անտառածածկ տարածքներում անտառի վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներ: Ա-ման խնդիրն է անտառային էկոհամակարգերի վատթարացման կանխարգելումը, անտառային պաշարների վերականգնումը, անտառների արտադրողականության բարձրացման, ինչպես նաև անտառային կենսաբազմազանության պահպանման, բնական վերաճի և անտառածածկ տարածքների ընդլայնման ապահովումը: Ա. կատարվում է արդ. նշանակության ծառատեսակներով ու թփերով՝ առաջնությունը տալով սերմնային վերարտադրությանը, կամ անտառային տնկարկի ստեղծմամբ: Ա. ընդգրկում է անտառտնտեսվարման աշխատանքներ՝ սերմնաբուծություն, տնկարանային տնտեսության վարում (տնկիների և սերմնաբույսերի աճեցում), հողի նախապատրաստում, անտառտնկում, ոռոգում, ագրոտեխ. սպասարկում և խնամք: Անտառի ծառատեսակների վերականգնումը բնական ճանապարհով իրականացնելու համար կատարում են վերականգնող, անտառհատումներ դրանք զուգակցելով բնական վերականգնմանն օժանդակող միջոցառումներով:

Ա. կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005):

ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, անտառային պաշարների համալիր օգտագործում, որն ապահովում է անտառի օգտակար հատկությունների կիրառումը հաս. արտադրության զարգացման և մարդկային պահանջմունքների բավարարման բնագավառում: Անտառօգտագործողներ կարող են լինել պետ. ու հաս. հիմնարկները և առանձին քաղաքացիներ, որոնք, ըստ անտառապահպանության անհրաժեշտության, պարտավոր են աշխատանքները կատարելու ընթացքում բացառել կամ սահմանափակել Ա-ման բացասական ազդեցությունն անտառի վիճակի և վերարտադրության վրա, թույլ չտալ գերհատումևեր, թերհատումներ, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ժամանակին կատարել բնապահպան. վճարումները և այլն: ՀՀ-ում անտառներն ու անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներն օգտագործվում են բնափայտի, երկրորդական անտառանյութի (կոճղեր, կեղևներ) մթերման, կողմնակի (խոտհունձ, կենդանիների արածեցում, մեղվապահություն, վայրի պտուղների, սնկերի, հատապտուղների, սերմերի, դեղաբույսերի, խեժատու, յուղատու, ներկատու բույսերի հավաքում և մթերում), կենդ, աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման, գիտահետազոտ., կրթ., ռեկրեացիայի նպատակներով (չվնասելով անտառային էկոհամակարգը):

Ա. կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005):

Տես նաև Անտառհատում:

ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության: Կազմակերպվել է 1998-ին՝ Հայկ. անասնաբուժության ԳՀԻ [1992, կազմավորվել է Դաբաղի Համ ԳՀԻ անդրկովկասյան մասնաճյուղի (1972) և Անասնաբուժության ԳՀԻ (1980) միավորմամբ) և Անասնաբուծության տոհմային գործի ԳԱՄ-ի (1987, կազմավորվել է Հայկ. անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ հիման վրա) միավորմամբ: Հիմն․ խնդիրներն են գյուղատնտ. կենդանիների և թռչունների բուծման և կերակրման արդյունավետ տեխնոլոգիաների մշակումը, բարձր մսատու, կաթնատու և հիվանդությունների նկատմամբ դիմացկուն ցեղերի ստեղծումը, դրանց օրգանիզմի կառուցվածքի, նրանում ընթացող բնականոն և ախտաբան․ շարժընթացների ուսումնասիրումը, վարակիչ, մակաբուծ. և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և բուժումը, ինչպես նաև կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների ՀՀ ներթափանցումը կանխող միջոցառումների մշակումը:

Ունի տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզերի, թռչունների, վերարտադրության, վիրուսաբանության, մակաբուծաբանության, կենասպատրաստուկների վերահսկման, կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման, հատուկ վտանգավոր հիվանդությունների ուսումնասիրման և բջջային կուլտուրաների բաժիններ: Ստեղծվել են կովկասյան գորշ տավարի, հայկ. մառդեր ճագարի, երևանյան հավերի, հայկ. կիսակոպտաբուրդ ոչխարի ցեղերը, արագածյան ոչխարների ցեղախումբը և բազմաթիվ ներցեղային տիպեր: Մշակվել են գյուղատնտ. կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդյունավետ եղանակներ:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ, Երկիր մոլորակի միասնական, ամբողջական, ամենաբարդ և ամենաընդարձակ թաղանթը, նյութ․ միասնական համակարգ, որը գոյացել է մթնոլորտի, քարոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի, այժմ նաև մարդոլորտի փոխազդեցության, փոխներթափանցման հետևանքով:

Ա.թ-ի բաղադրիչները միմյանցից կտրուկ չեն սահմանազատվում: Վերին սահմանը մթնոլորտում օզոնի շերտն է (մինչև 25-30 կմ բարձր-ներում), որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր անդրամանուշակագույն ճառագայթները: Ստորին սահմանը քարոլորտի հողմահարման կեղևի շերտն է, որը