Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ Ա-ի առանձին հատվածներում նրա անհետացման հետևանքով:

ԱՐԵՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, հելիոթերապիա, արևի ճառագայթների օգտագործումը հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակով: Օրգանիզմի վրա ազդում են արևի և՛ տեսանելի, և՛ ոչ տեսանելի (ենթակարմիր, անդրամանուշակագույն) ճառագայթները: Ա. իրականացվում է արևային լոգանքների ձևով, որի արդյունքում առաջանում է ջերմային կարմրամաշկություն (երբեմն ուղեկցվում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացումով), խթանվում է նյութափոխանակությունը, բարձրանում իմունիտետը: Ա. նպաստում է արյունաստեղծմանը, հյուսվածքների վերականգնմանը, բարելավում ախորժակը և քունը: Ձմեռային պայմաններում Ա. իրականացվում է հատուկ սարքավորված շինություններում, որոնք ունեն անդրամանուշակագույն ճառագայթման համար թափանցիկ ծածկեր: Լոգանքների ժամանակ օրգանիզմը ենթարկվում է ոչ միայն ճառագայթների, այլև շարժվող օդի ներգործությանը: Ա. բարձրացնում է օրգանիզմի տոնուսը և դիմադրողականությունը, կարգավորում կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը, խթանում ոսկրագոյացումը: Ա-յան չարաշահումը կարող է պատճառ դառնալ արևահարության, արևային այրվածքների, նյարդային և սիրտանոթային համակարգի գործունեության խանգարումների և քրոնիկ. բորբոքումների սրացման: Ա. հակացուցված է թոքերի տուբերկուլոզի ակտիվ ձևերի, անոթների կարծրախտի, հիպերտոնիկ հիվանդության, արյունահոսական նախատրամադրվածության և հյուծվածության դեպքերում: Լայնորեն կիրառվում է առողջարաններում, աշակերտ. և ուսանող. ճամբարներում:

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ գյուղատնտեսության նախարարության (1993-98-ին՝ Բանջարաբոստանային մշակաբույսերի ԳՀԻ): Կազմավորվել է Բանջարաբոստանային բույսերի ընտրասերման-սերմնաբուծ. կայանի (1949) հիման վրա (որին 1981-ին միացել է Երկրագործության ԳՀԻ բանջարաբոստանային մշակաբույսերի բաժինը): Հիմն. խնդիրներն են բանջարաբոստանային և տեխ. մշակաբույսերի սերմնաբուծությունը, սերմնարտադրությունը, բանջարաբոստանային մշակաբույսերի առավել բերքատու, բարձրորակ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ դիմացկուն սորտերի ստեղծումը՝ ավանդ. և նորագույն (կենսատեխնոլոգիա, մուտագենեզ և այլն) եղանակներով, դրանց մշակության արդյունավետ տեխնոլգիաների, հումքի վերամշակման եղանակների մշակումը, բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի, ջերմոցներում բանջարեղենի արտասեզոնային աճեցման, ոռոգման, պարարտացման ուսումնասիրումը:

Ունի մորմազգի բանջարային մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության, բոստանային մշակաբույսերի ընտրասերման, սերմնաբուծության և մշակության տեխնոլոգիայի, պաշտպանված գրունտի, բույսերի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի և հումքի վերամշակման բաժիններ, բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիա:

Մշակվել և արտադրության մեջ ներդրվել են բաց և պաշտպանված գրունտում բանջարաբույսերի մշակության տեխնոլոգիաներ: Ընտրասերվել և ներդրվել են 40-ից ավելի նոր սորտեր և հիբրիդներ, լոլիկի՝ Նվեր, Լիա, Վաղահաս նուշ, Առաքել, Լուսին, Երազ, Զուրաբ, Գյումրի, Նոր Անահիտ, Սյունիք և ջերմոցային՝ Զվարթնոց, Նորակերտ, Ձյունանուշ, Հայկ. ջերմոցային սորտերը, տաքդեղի՝ Անի, Աբրահամ, Նուշ 55, Հայկ, բամիայի՝ Սոնա, սմբուկի՝ Ադելա, Արշալույս, Ավանդ, վարունգի՝ Դարակերտի 18, Գայանե, դդումի՝ Բերքանուշ, դդմիկի՝ Աննա, ձմերուկի՝ Արևիկ, սեխի՝ Դուրեկան, Գետառ, Գովական, Անուշիկ և այլ սորտեր:

ԲՆԱԿԱՆ ԼԱՆԴՇԱՖՏ, աշխարհագր. համեմատաբար միասեռ տարածք, որտեղ թնական միջավայրի հիմն․ բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուս․ ու կենդ․ աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ, աշխարհագրական միջավայրի բնական բաղադրիչը. այն ամենը, ինչն ունի բնական ծագում և հիմք է ծառայում հասարակության գոյության ու զարգացման համար: Բ.մ. ներառում է անկենդան և կենդանի բնության օբյեկտները, որոնք կարող են պահպանված լինել իրենց նախասկզբնական վիճակով կամ փոփոխված լինեն մարդու ազդեցությամբ՝ պահպանելով բնական հատկանիշները, ինքնազարգացման հատկությունը, օրինակ՝ մասամբ հատված անտառը, խոպան մնացած վարելահողը և այլն:

ժամանակի ընթացքում Բ.մ-ի մաս կարող են դառնալ մարդու ստեղծած միջավայրի առանձին տարրեր, եթե մարդը չի շարունակում միջամտել դրանց զարգացմանը, օրինակ՝ լքված այգիները, ջրանցքները, քարհանքերը, ջրամբարները և այլն:

ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ, բնության օբյեկտների և երևույթների ամբողջությունը, որը գոյություն ունի մարդկանց գործունեությունից անկախ, ազդում է կենդանի օրգանիզմների, մարմինների և երևույթների վրա: Բ.պ. են նաև բնության այն օբյեկտներն ու ուժերը, որոնք կարևոր են արտադրող․ ուժերի զարգացման և հասարակության տնտ. գործունեության համար, սակայն անմիջականորեն չեն մասնակցում մարդու նյութ., արտադր. և ոչ արտադր. գործունեությանը (օրինակ՝ կլիմա և այլն):

Տես նաև Աշխարհագրական միջավայր:

ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ, բնական տարրեր և ուժեր (կամ դրանց համախումբը), ինչպես նաև էներգիայի տեսակներ, որոնք արտադրող․ ուժերի զարգացման կոնկրետ փուլում օգտագործվում են կամ կարող են օգտագործվել