Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Մեղրու նախալեռն․ շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները (Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճեր), հրաբխային կոները (Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (Գորիս, Խնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռն. լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (Թռչկան, Ջերմուկի, Շաքիի) և այլն:

Տես նաև Երկրաբանական հուշարձաններ։

ԲՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆՄՈՒՇ, բնական տարածք, որը, բնածին և մարդահարույց գործոնների փոխազդեցության արդյունքում, պահպանել է բնական լանդշաֆտի ծագումնային վիճակը կամ նվազագույն փոփոխության Ենթարկվել: Բ.չ-ները մարդուն հետաքրքրում են իրենց բնական վիճակով, որտեղ նյութի և էներգիայի շրջապտույտը, բնական Երևույթներն ընթանում են առանց մարդու միջամտության: Դրանց միջոցով հնարավոր է լինում ավելի ճիշտ որոշել նույնատիպ լանդշաֆտների վրա մարդու ներգործության հետևանքները և գնահատել միջավայրին հասցված վնասի չափը:

ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, պետ. ու հաս. միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը: Բ.պ-յան խնդիրներն են՝

1. ապահովել մարդկանց ապրելու և կենսագործունեության համար պիտանի բնական միջավայր,

2. պահպանել բնական գենոֆոնդը, նպաստել կենդ․ ու բուս․ աշխարհների հարստությունների վերարտադրմանը,

3. պահպանել բնատարածքային համալիրների ընդհանուր էկոլոգիական հավասարակշռությունը և լանդշաֆտների բազմազանությունը,

4. պահպանել և արդյունավետ օգտագործել օգտակար հանածոների պաշարները, ապահովել դրանց համակարգված և անթափոն շահագործումը,

5. պահպանել հազվագյուտ բնական համալիրները և ազգ. ժառանգություն հանդիսացող պատմամշակութային ու գեղագիտ. բնական արժեքները:

Բ.պ. իրականացվում է միջազգ., պետ. ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն: Բ.պ-յան հիմն․ սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգ. օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութ, արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգ. փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտ. կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգ. վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա:

Բ.պ-յան հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը: Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգ. բնապահպան. կազմակերպություններ, որոնք միավորում են Բ.պ-յան որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց: Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպան. միջազգ. կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավար․ կազմակերպություններ: Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպան. կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխ. ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է:

Բ.պ-յան կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Հայաստանում Բ.պ-յան խնդիրներով զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից: Խոսրով Բ թագավորի հրամանով ստեղծվել են Տաճար մայրի (Գառնիից մինչև Դվին), Խոսրովակերտ (վերջինիս շարունակությունը դեպի հվ.) անտառները, որոնք բնակեցվել են որսի կենդանիներով ու գազաններով և այդ ժամանակներից դարձել արգելոցներ: Անհարկի անտառհատումևերի, պտղատու ծառերի հատումների արգելման վերաբերյալ որոշակի օրենքներ կան Մխիթար Գոշի (XII դ.) և Սմբատ Սպարապետի (XIII դ.) դատաստանագրքերում:

ՀԽՍՀ-ում բնապահպանության առաջին դեկրետները՝ անտառի, հողի, ջրի, ընդերքի պետականացման, վայրի դեղաբույսերի մենաշնորհի, կենդանիների և բույսերի հազվագյուտ բրածո մնացորդների արտահանման արգելման վերաբերյալ, ընդունվել են 1921-23-ին: Եղել են առանձին որոշումներ բնության օբյեկտների պահպանության, բնական պաշարների օգտագործման, միջավայրի սանիտար․ վիճակի կարգավորման մասին:

Բ.պ. իրականացվում է Բնապահպանական օրենսդրության շրջանակներում.

Ջրային պաշարների, մթնոլորտային օդի պահպանության համար խոշոր քաղաքներում ու գետերի վրա կառուցվել են մաքրման կայաններ, վերակառուցվել մի շարք աղտոտող