Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կայունությունն ու հասարակության բնականոն գոյությունը:

Միջավայրի ցանկացած տարր, որը կենդանի օրգանիզմների վրա կարող է ունենալ ուղղակի կամ միջնորդված ազդեցություն, կոչվում է էկոլոգիական գործոն, այն պայմանականորեն բաժանվում է կենսահարույց և ոչ կենսահարույց տեսակների: Կենսահարույց են սննդային, ինչպես նաև առանձին առանձնյակների կամ նույն տեսակի առանձնյակների խմբերի (օրինակ՝ մրցակցություն տարածքի, սննդի, ջրի, վերարտադրության համար և այլն) և տարբեր տեսակների առանձնյակների (օրինակ՝ գիշատչություն, մակաբուծականություն և այլն) փոխհարաբերությունները բնութագրող գործոնները: Ոչ կենսահարույց են օդի ջերմաստիճանը, լույսը, խոնավությունը, տեղումները, մթն. ճնշումը, քամին, մթնոլորտի իոնացումը և այլն:

Էվոլյուցիոն զարգացման ընթացքում յուրաքանչյուր տեսակ իր անհատ., ֆիզիոլոգ․ առանձնահատկությունների շնորհիվ հարմարվել է էկոլոգ. որոշակի գործոնների ազդեցությանը: ՀՀ-ում, օրինակ, բորակաթուփը, աղահասկիկը, սոդայակիր օշանն աճում են միայն Արարատյան դաշտի սոդայով հարուստ հողերում: Օրգանիզմը, ենթարկվելով միջավայրի էկոլոգ. գործոնների (լույս, ջերմություն, խոնավություն և այլն) ազդեցությանը, իր հերթին ազդում է դրանց վրա: Կանաչ բույսերը լուսասինթեզի միջոցով փոխում են օդի բաղադրությունը, ոչնչացնում ախտածին մանրեները: Արմատներն արտադրում են թթուներ, որոնք նպաստում են ապարների քայքայմանը, հողմահարմանը, հողառաջացմանը: Բույսերը, կենդանիները, միկրոօրգանիզմները, տևականորեն համատեղ ապրելով ընդհանուր տարածքում, ստեղծում են գործնականորեն փակ էկոհամակարգ, որի շղթայի որևէ օղակի խաթարումը կարող է հանգեցնել անսպասելի բնական փոփոխությունների (օրինակ՝ ծածանի ներմուծումը Սևանա լիճ անցանկալի ազդեցություն ունեցավ իշխանի վրա):

Կենդանի օրգանիզմների (նաև մարդու) և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների ուսումնասիրությունները ներառում են կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության, երկրաքիմիայի, աշխարհագրության, տնտեսագիտության և այլ գիտ-ների հետազոտման եղանակներն ու տվյալները: Միաժամանակ է. նպաստում է գիտության մյուս ճյուղերի զարգացմանը: Օրինակ՝ մակաբուծաբանության մեջ էկոլոգ. ուղղությունը նպաստել է մարդու հիվանդությունների բնական օջախայնության մասին տեսության զարգացմանը:

Տարբերում են է-ի 3 բաժին: Բնագիտական է. ուսումնասիրում է օրգանիզմների բնակության ֆիզքիմ. միջավայրը, ջրային, հողային և օդային միջավայրերի առանձնահատկությունները, պոպուլացիաները, նրանց շարժուն և անշարժ բնութագրերը, համակեցությունների զարգացման օրինաչափությունները: Տեխնածին է. ուսումնասիրում է էկոլոգիական ճգնաժամերը, որոնք առաջանում են ցամաքային ու ջրային էկոհամակարգերի և պաշարների չհիմնավորված եղանակներով ու չափերով օգտագործման հետևանքով և հանգեցնում են միջավայրի աղտոտման, էկոլոգ. ու տնտ. զգալի վնասների: 1970-ական թթ-ից սկսած՝ ձևավորվել է մարդու կամ սոցիալական է., որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի և հասարակության փոխազդեցության օրինաչափությունները: Հետազոտություններ են կատարվում մարդու տնտ. գործունեության պայմաններում կենսոլորտի փոփոխության, մարդու օրգանիզմի վրա միջավայրի աղտոտող գործոնների ազդեցության, բնօգտագործման արդյունավետ եղանակների ուսումնասիրման ուղղություններով: Կենսոլորտի վրա մարդու գործունեության անբարենպաստ ազդեցության սրման՝ էկոլոգիական ճգնաժամի պայմաններում խիստ աճում է է-ի կիրառ. նշանակությունը, բնական գիտ-ների, արտադրակարգերի ու արտադրությունների մեջ առաջանում է էկոլոգ. պահանջների պարտադիր հաշվառման անհրաժեշտություն՝ դրանց «էկոլոգացում»: Մշակվում են բնական պաշարների և տարածքների օգտագործման այնպիսի ծրագրեր, որոնք էապես չազդեն կենսոլորտի բնական հավասարակշռության վրա:

ժամանակակից է-ի շատ խնդիրներ սերտորեն կապված են բժշկության հետ և ունեն խիստ արտահայտված սոցիալ-հիգիենային նշանակություն: Շրջակա միջավայրի վրա մարդու ներգործման աճող տեմպերը և դրա հետևանքով առաջացած փոփոխությունները հաճախ հանգեցնում են մարդու և շրջակա միջավայրի միջև էկոլոգիական հավասարակշռության խախտման:

Մարդու առողջության և շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը նպաստող մարդու արտադր. գործունեության սկզբունքային կատարելագործման նպատակով լուծվում են խոշոր արտադր. կազմակերպությունների կառավարման կատարելագործման, խոշոր ձեռնարկություններում կենսաապահովման լավորակ համակարգերի ստեղծման, լանդշաֆտների առողջացման, տարբեր հիվանդություններով մարդու վարակման վտանգի վերացման խնդիրներ: Դրանք նպաստում են հիվանդությունների բնական օջախայնության իմացության հետագա խորացմանը, հիվանդությունների հարուցիչների և փոխանցողների է-ի մանրամասն ուսումնասիրմանը, բնական օջախում առավել խոցելի վայրերի արագ հայտնաբերմանն ու առողջացման միջոցների մշակմանը: Օրինակ՝ իմանալով մալարիա փոխանցող մոծակների է.՝ հնարավոր դարձավ հեշտությամբ պայքարել այդ հիվանդության դեմ: Օնիխոցերկոզ հիվանդությունը փոխանցող մժղուկների բազմացումը խոչընդոտող հատուկ կառուցվածքով պատնեշների ստեղծումը նպաստեց այդ հիվանդության մի շարք բնական օջախների վերացմանը: Պայքարի կենսբ. եղանակների (հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների նկատմամբ գիշատիչ կամ մակաբույծ տեսակների օգտագործում) մշակումը հնարավոր դարձավ միայն մարդու հիվանդությունների փոխանցողների կամ հարուցիչների օրգանիզմների կենսագործունեության առանձնահատկությունների ուսումնասիրությունների շնորհիվ: ՀՀ-ում 1-ին էկոլոգ. ծրագիրը ներառել է Սևանա լճի հիմնահարցը (տես Սևանա լճի պահպանություն): Բնության պահպանության տարածքային համալիր սխեմաներ են