տարբեր մակարդակների և ուղղվածության կրթ. ծրագրերի, դասընթացների, ուս. հաստատությունների ու կրթության կառավարման մարմինների փոխկապակցված ամբողջություն է: Է.կ. ներառում է հետևյալ մակարդակները՝ նախադպրոց. (է.կ. ընտանիքում և նախադպրոց․ հաստատություններում), միջնակարգ, միջին մասնագիտ., բարձրագույն մասնագիտ., հետբուհ., հասարակության լայն խավերի, այդ թվում զինված ուժերի կրթությունը:
Է.կ-յան բնագավառում ՀՀ Կառավարության իրավասություններն են այդ ոլորտի պետ. քաղաքականության մշակումը և դրա կենսագործման համար պայմանների ստեղծումը, ՀՀ-ում անընդմեջ է.կ-յան կազմակերպումը, Է.կ-յան պետ. ծրագրերի մշակումն ու կենսագործումը, միջագգ. էկոլոգ. կրթ. ծրագրերի մշակմանը մասնակցությունը, Է.կ-յան կազմակերպման կրթ. հաստատությունների և կազմակերպությունների գործունեության արտոնագրման ու պետ. հավատարմագրման կարգի սահմանումը, պետ. ծառայողների և շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության հետ կապված մասնագետների, ինչպես նաև կրթության, առողջապահության, գիտության ու մշակույթի համակարգերի աշխատողների էկոլոգմասնագիտ. պատրաստվածության ստուգումը, Է.կ-յան համար մասնագետ-էկոլոգների, գիտ., մանկավարժ․ կադրերի և պետ. ծառայողների պատրաստումը և որակավորման բարձրացումը, անընդմեջ է.կ-յան համակարգի տեղեկատվ. ու գիտամեթոդ. համակարգի ապահովումը:
1988-ին ԵՊՀ կենսբ. ֆակ-ում ստեղծվել է էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն, 1993-ին՝ քիմիայի ֆակ-ում՝ քիմիա և բնապահպանություն բաժին, 1991-ին՝ ՀՊՃՀ-ում՝ քիմ. տեխնոլոգիաների և բնապահպան. ճարտարագիտության դեպարտամենտ, 1996-ին՝ ՀՊՄՀ-ում՝ էկոլոգիայի և բնության պահպանության, 1999-ին՝ ՀՊԱՀ-ում՝ ագրոէկոլոգիայի, 2001-ին՝ ԵՊԲՀ-ում՝ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոններ և այլն:
Բնակչության Է.կ-յան բնագավառում պետ. քաղաքականության սկզբունքները, իրավ., կազմակերպչ. և ֆինանսատնտ. հիմքերը կարգավորվում են «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքով (2001):
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ, էկոհամակարգի բաղադրիչների՝ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, թվաքանակի, տարածվածության, վերարտադրության, ինչպես նաև բնական միջավայրի ժամանակային փոփոխությունների, բնական համակեցություններում նյութերի կենսահարույց շրջապտույտի և այլ կենսբ. շարժընթացների հարաբեր․ կայունությունը: Էկոհամակարգերի Է.հ-յան հիմքում ընկած են նյութերի կենսահարույց շրջապտույտի հաստատունությունն ու փակ լինելը, ինչը յուրաքանչյուր կոնկրետ էկոհամակարգում ունի իր առանձնահատկությունները: Այս դեպքում վճռական նշանակություն ունի ինքնասուն (ավտոտրոֆ՝ լուսասինթեզի կամ քեմոսինթեզի միջոցով անօրգ. նյութերն օրգանականի փոխարկող) և տարասուն (հետերոտրոֆ՝ այլ օրգանիզմների ստեղծած օրգ. նյութերով սնվող) օրգանիզմների հարաբերակցությունը, ինչպես նաև միմյանց և բնակմիջավայրին նրանց յուրահատուկ հարմարումը: Այս գործոնների ամբողջությունը, ձևավորվելով էվոլյուցիայի ընթացքում, ապահովում է էկոհամակարգի կայունությունը կամ նրա հոմեոստազը: Որպես էկոհամակարգերի կայունության չափանիշ՝ հաճախ ընդունում են նրանց տեսակային բազմազանությունը, և որքան շատ է այն, այնքան հուսալի է Է.h-յան պահպանումը: Տվյալ էկոհամակարգի համար միջավայրի պայմանների սովորականից ավելի տատանումների դեպքում տեղի է ունենում Է.h-յան խախտում, որը հանգեցնում է մի տեսակի թվաքանակի նվազման և մյուսների կտրուկ աճման: Օրգանիզմների բնական համակեցությունները կարող են դիմադրել տարբեր վնասակար ազդեցությունների և բնականոն պայմանների վերականգնման դեպքում վերադառնալ նախկինին մոտ վիճակի (այսինքն՝ ունեն որոշակի կայունություն): Անբարենպաստ պայմաններում այս կամ այն տեսակի խտությունը նվազում է, իսկ բարենպաստ պայմաններում աճում է բազմացման, աճի և զարգացման արագությունը, և տեսակի խտությունը վերականգնվում է:
Է.h-յան գոյությունը չի նշանակում ժամանակի ընթացքում օրինաչափ փոփոխությունների բացակայություն, ընդհակառակը, այն սերտորեն կապված է տվյալ էկոհամակարգի լինելիության և զարգացման շարժընթացների հետ: Հաճախ, Է.h-յան խախտում ասելով՝ հասկանում են ոչ միայն տարբեր կենսահարույց գործոնների փոփոխությունները, այլև մթնոլորտի գազային բաղադրության, ջրաբան․ ռեժիմի, շրջակա միջավայրի խոշորաչափ աղտոտման նշանակալի տատանումները, այսինքն՝ բնական շարժընթացների բոլոր էական շեղումները: Առանց Է.h-յան բարդ ու փոխկապակցված մեխանիզմների իմացության՝ հնարավոր չէ իրականացնել արդյունավետ բնօգտագործում, կանխատեսել տնտ. գործունեության ճիշտ կազմակերպում և պահպանել բնական միջավայրը՝ կյանքի համար պիտանի վիճակում:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ, 1. մարդահարույց գործոնների ազդեցությամբ էկոհամակարգի կայունության և բնական հավասարակշռության խախտում, որը, որակապես փոխելով բնական միջավայրը, բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության, բուս․ և կենդ․ պաշարների պահպանության ու վերարտադրության վրա և հանգեցնում բնական միջավայրի, մթնոլորտի, ջրի աղտոտման:
2. Բնության և հասարակության փոխհարաբերությունների լարվածություն, որն առաջանում է արտադրող. ուժերի և արտադր. հարաբերությունների անհամապատասխան զարգացման հետևանքով: Է.ճ. բնութագրվում է ոչ միայն բնության վրա մարդու ազդեցության ուժեղացմամբ, այլև հասարակության զարգացման վրա մարդու վերափոխած բնության ազդեցության մեծացմամբ: Է.ճ. դարձելի երևույթ է, որի ակտիվ գործող կողմը մարդն է: Է.ճ-ի խորացումը հանգեցնում է էկոլոգիական աղետի, որը ոչ դարձելի երևույթ է. այս դեպքում մարդը պասսիվ է և կրում է