Ժամանակակից կենսատեխնոլոգիան երկակի բնույթ ունի: Այն մի կողմից զգալիորեն նպաստում է մարդու բարեկեցության աճին, հատկապես՝ պարենային մթերքների, գյուղատնտ. և առողջապահության հետ կապված կենս․ պահանջների բավարարմամբ, մյուս կողմից՝ ակնհայտ վնասակար ազդեցություն է թողնում կենսաբանական բազմազանության և մարդու առողջության վրա, ուստի, որպես արդ. բարձր արտադրող. ճյուղ, այն Կ.ա-յան տեսակետից կանոնակարգման և վերահսկման կարիք ունի: ՄԱԿ-ի շրջանակներում մշակվել և 2000-ին Մոնրեալում ընդունվել է «Կենսաբանական անվտանգության մասին» արձանագրություն, ըստ որի՝ անհրաժեշտ է առևտրի և շրջակա միջավայրի պահպանության պահանջները համաձայնեցնել կենսատեխնոլոգ. արդ-յան հետ: Կ.ա-յան ապահովման սկզբունքներն են՝ 1. կենսաբազմազանության պահպանումը, 2. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության սահմանափակումների և պահանջների իրավ․ ակտերով ապահովվածությունը, 3. ազգաբնակչության առողջության և կենսաբազմազանություն վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հնարավոր վնասակար ներգործության ռիսկերից ապահովումը. 4. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ որոշումների կայացման ընթացում հավատարմագրված գիտ. կազմակերպությունների, գիտ. փորձագետների, պաշտոնապես ստեղծված Կ.ա-յան ազգ. իրավասու մարմնի, ազգ. համակարգող կենտրոնի և հանրության մասնակցությունը, 5. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության վերաբերյալ որոշումների կայացման օբյեկտիվությունը, օրինականությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, 6. գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգ գործածության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման ֆինանս․ և նյութատեխ. նախադրյալների ապահովումը:
Տես նաև Համաձայնագրեր։
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, կենսաբազմազանություն, օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը: Կ.բ. հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտ. զարգացման հիմքն է: ՀՀ աշխարհագր. դիրքը և ռելիեֆը նպաստել են Կ․բ-յան մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: ՀՀ տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ: Ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ հազարից: ՀՀ Կ.բ. հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով: Բույսերի մոտ 2000 տեսակներ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ հատկանիշներով (տես Բուսական պաշարներ, Կենդանական պաշարներ)։
Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է Կ.բ-յան բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում:
Կ.բ-յան օգտագործումը ՀՀ-ում ընթացել է տարերայնորեն, առանց հաշվի առնելու բուս․ և կենդ․ պաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները: Դրա պատճառով աստիճանաբար տեղի են ունեցել տեսակների դեգրադացիա և ոչնչացում՝ հանգեցնելով Կ.բ-յան աղքատացման: Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝ կապված շրջակա միջավայրի արդ., գյուղատնտ., տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ: Իրավիճակն ավելի է սրվել վերջին տարիների քաղաք, և սոցիալ-տնտ. վերակառուցումների ընթացքում Կ.բ-յան անկայուն օգտագործման պատճառով որոշ բնակմիջավայրեր դեգրադացվել են (ներառյալ անտառները, լեռն․ արոտավայրերը և գերխոնավ տարածքները), իսկ մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին: Բնական և մարդահարույց ներգործության արդի պայմաններում պահպանության կարիք ունեն ՀՀ բուսա- և կենդանատեսակների գրեթե կեսը:
Կ.բ-յան պահպանությունը համընդհանուր էկոլոգ. խնդիր է: Բուս․ և կենդ․ աշխարհների յուրաքանչյուր տեսակի կորուստը կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության, հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար: Կ.բ-յան պահպանության հիմն․ խնդիրներն են բուս․ և կենդ․ աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության ապահովումը, բուս, և կենդ, աշխարհների օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը և պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից ու բնական աղետներից:
Կ.բ-յան պահպանությունն իրականացվում է in-situ (բնական միջավայրում) և ex-situ (բնական միջավայրից դուրս) պայմաններում:
Կ.բ-յան in-situ պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ՀՀ օրենսդրությամբ Կ.բ-յան պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմների սահմանմամբ) և այդ տարածքներից դուրս՝ Կ.բ-յան օգտագործման նորմավորմամբ (տես Ազգային պարկ, Արգելավայր, Արգելոց։
Կ.բ-յան in-situ պահպանությունը և կայուն օգտագործման մոտեցումները հնագույն ժամանակներից դրսևորվել են հայ ժողովրդի տնտեսվարման ավանդ․ ձևերում: Պաշտամունքի առարկա են դարձել տարբեր բուսատեսակներ (կենի, սոսի, կաղնի, ընկուզենի և այլն) ու դրանց շրջակայքում սահմանվել պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ:
Կ.բ-յան ex-situ պահպանությունն իրականացվում է բուսաբան․ և կենդանաբան. այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել ՀՀ տվյալ տարածաշրջանի բուս․ և կենդ․ աշխարհները նոր՝ օտարածին, տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար հատկություններով օժտված բուսա- և կենդանատեսակներով, ապահովել տեղ. հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ և մնացուկային