Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տանձենի, խնձորենի, թզենի, նռնենի, շագանակենի ևն):

Միջնաշխարհում, չորության պատճառով, անտառային գոտին բացակայում է. անտառը հանդիպում է կղզյակների ձևով:

Մերձալպյան գոտին հաջորդում է լեռնաանտառայինին:

Այս գոտին նույնպես տարբեր բարձրություններ ունի, հս-ում մինչև 2500 մ է, հվ-ում՝ մինչև 3000 մ։

Բարձր լեռներում բնական պայմանները, հետևաբար և լանդշաֆտներն ամենուրեք միօրինակ չեն: Տիրապետում են ցուրտ կլիմ. պայմանները: Տարվա մեծ մասը մակերևույթը ձնածածկ է: Ամառը կարճատև է, զով:

Հողերը լեռնամարգագետնային են: Բուս․ աշխարհը փարթամ է և հարուստ տեսակային կազմով (բոշխ, ձնծաղիկ, դաշտավլուկ, սագասոխուկ, թթվիճ, կղմուխ, վուշ, զանգակածաղիկ, երեքնուկ ևն): Խոտաբույսերի բարձրությունը հասնում է 60-70 սմ-ի։ Կան լավորակ խոտհարքներ և արոտավայրեր: Ժայռոտ վայրերում հանդիպում են բեզոարյան այծ, այծյամ, բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, մկները: Ամռանը հարուստ է թռչնաշխարհը՝ լոր, աղավնի, արծիվ, անգղ, ճնճղուկ, ծիծեռնակ: Ձմռանն այս գոտին անկենդան է:

Ալպյան գոտին լեռնաշխարհի հս-ում հասնում է մինչև 3000 մ բարձրության, իսկ հվ-ում՝ 3700 մ: Կլիման խիստ է: Ձմեռը երկարատև է, ձնածածկույթը՝ 8-9 ամիս: Ամառը կարճատև է, և միայն ցերեկվա ժամերին է օդի ջերմաստիճանը բարձրանում 0°C-ից:

Հողերը մարգագետնային են, շատ հատվածներում՝ կմախքային, քարքարոտ: Բուսատեսակները (շյուղախոտ, գնարբուկ, անմոռուկ, զանգակածաղիկ) ավելի քիչ են, քան մերձալպյան գոտում: Մարգագետինները մի շարք վայրերում նմանվում են բազմերանգ գորգերի: Շատ են կրծողները, թռչունները և այլն:

Ձնամերձ գոտին գտնվում է ալպյան գոտուց վեր՝ բարձր լեռնագագաթներին: Այստեղ մակերևույթի ցածրություններում ձյունը մնում է շուրջ տարին: Լեռնալանջերը ժայռոտ են և զառիթափ: Ձևավորված հողեր չկան: Բույսերը հատուկենտ են (քարբեկ, բոշխ և այլն): Կենդ․ աշխարհն աղքատ է: Հավերժ․ ձյան սահմանը սկսվում է 4100-4200 մ-ից:

Հազարամյակներ շարունակ մարդը ներգործել է լեռնաշխարհի բնության վրա. շատ վայրերում փոխել է բուսածածկույթը, հատել է անտառը, որսացել վայրի կենդանիներ: Դա հանգեցրել է բնության աղքատացման, այդ երևույթ ավելի մեծ թափով շարունակվում է նաև մեր օրերում: Ներկայումս բնության պահպանությունը դարձել է հույժ անհրաժեշտություն:

ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐ, վտանգավոր երկրաֆիզ., երկրբ., ջրաբան., մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային գոհեր, նյութ․ արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում:

Տ.ա. տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն): Տ.ա. կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն: Տ.ա-ի առանձին խումբ են կազմում գյուղատնտ. ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ-ից ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0°C-ից ցածր ջերմաստիճան) և այլն։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտ. գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է Տ.ա-ի հասցրած վնասը: Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է Տ.ա-ի հավանականությունն ու չափերը: Տ.ա-ին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են:

ՀՀ տարածքում Տ.ա-ից առավել բնորոշ են երկրաշարժերը, սելավները, կարկուտը, ցրտահարությունը և այլն:

ՑԱՄԱՔՈՒՐԴ, դրենաժ, հողերի ցամաքեցման եղանակ՝ ստորգետնյա արհեստ․ ջրհոսքերի միջոցով: Կիրառվում է հավելուրդային խոնավություն ունեցող հողերը ցամաքեցնելու (ցամաքեցման Ց.), աղակալած հողերը աղազերծելու (աղազերծման Ց.), ծանր կավային հողերում գազափոխանակությունն ուժեղացնելու (աերացիային Ց.) համար:

Ց-ները լինում են բաց և փակ: Բաց Ց-ները տեղադրվում են մինչև 200 մ հեռավորության վրա՝ 1-2 մ խորությամբ, փակ Ց-ները հիմնականում գետնաջրերի հեռացման համար են: Այս դեպքում կառուցում են խրամներ, դրանց հատակին դնում տարբեր կառուցվածքներով Ց-ներ և ծածկում հողով: Ջրատար շերտից ջուրը հոսում է Ց-ի մեջ, որի հետևանքով իջնում է ջրի մակարդակը: Հեռավորությունը փակ Ց-ների միջև 10-50 մ է: Ցամաքեցման Ց. կիրառում են այն հողերում, որտեղ գրունտային ջրերի մակարդակը չորացման չափաքանակից ցածր է: Գործնականում տարածված են հորիզոն. խողովակային Ց-ներ, հանքային հողերի Ց-ների համար կավե ցամաքային խողովակներ և այլն: Աղազերծման Ց. կիրառվում է գրունտային ջրերի մակարդակի իջեցման, լվացման ջրերի հեռացման և ոռոգելի հողերի աղակալումը կանխելու համար: Աղակալած ոռոգելի հողերում Ց-ները պետք է ստեղծեն գետնաջրերի անընդհատ արտահոսք, ջրատար շերտում ջրափոխանակություն, որի շնորհիվ ապահովվում է հողի արմատամերձ շերտի և գետնաջրերի լրիվ աղազերծումը: ՀՀ-ում Ց-ներ կիրառում են Արարատյան դաշտի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի հողատարածքների հավելուրդային ջրերը հեռացնելու, հողերն աղազերծելու նպատակով:

ՓԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ, անթափոն տեխնոլոգիա, տեխնոլոգ․ ամբողջություն, որն ապահովում է արտադր. թափոնների վերացումը կամ առավելագույն