նրա կառուցվածքից: Ապարի 50%-ից պակաս բաղադրամասերի բնութագրման համար ավելացվում է համապատասխան ածական՝ ավազաքարային, դոլոմիտային և այլն: Մաքուր Կ. սպիտակ է կամ բաց մոխրագույն: Կ-երը դասակարգվում են ըստ կառուցվածքի և ծագման: Փոխակերպման դեպքում վերափոխվում է մարմարի: Կ. կա տարբեր հասակների նստվածքներում՝ մինչքեմբրից մինչև անթրոպոգեն: Տարածված է ՀՀ Շիրակի, Արարատի մարզերում: Օգտագործվում է սև մետաղաձուլության (որպես բովախառնուրդ), քիմ. արդ. և շին-յան մեջ:
ԿՈՒՏԱԿԱՆԻ ՔՐՈՄԻՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Կուտական գ-ից 3 կմ հս-արմ.՝ Սևանի լեռնաշղթայի հվ-արմ. լանջին: Հայտնաբերվել է 1935-ին, հետախուզվել 1945-ին և 1952-ին: Վերին կավճի մագմայական հանքավայր է՝ բաղկացած լայնակի ուղղությամբ տարածվող 15 ոսպնյակաձև (երկար.՝ 4-25 մ, հաստ.՝ 0,2-1 մ) ու 3 բնաձև (լայնակի կտրվածքը՝ մոտ 2 մ2) հանքամարմիններից: Տեղադրված է պերիդոտիտային տեղամասերում և եզրավորված է մինչև 3 սմ հաստության դունիտային շերտով: Հանքանյութը հոծ է (43% Cr2O3), հազվադեպ՝ ցանավոր:
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՄԵՏԱՂՆԵՐ, երկրակեղևում համեմատաբար սակավ տարածված մետաղներ, որոնք արդ. կիրառություն են գտել ոչ վաղ անցյալում: Հ. մ. բաժանվում են 5 խմբի՝ թեթև (լիթիում, բերիլիում, ռուբիդիում, ցեզիում), ցրված (գալիում, ինդիում, թալիում), հազվագյուտ հողային (սկանդիում, իտրիում, լանթան և լանթանոիդներ), դժվարահալ (տիտան, ցիրկոնիում, հաֆնիում, վանադիում, նիոբիում, տանտալ, մոլիբդեն, վոլֆրամ, ռենիում), ճառագայթաակտիվ (ֆրանսիում, ռադիում, ակտինիում, պոլոնիում, ուրան և անդրուրանային տարրեր): Այս դասակարգումը խիստ պայմանական է: Որոշ Հ.մ. կարող են պատկանել տարբեր խմբերի (օրինակ՝ տիտանը դժվարահալ մետաղ է, բայց միաժամանակ՝ նաև թեթև, ռուբիդիումը և ցեզիումը՝ թեթև և ցրված, ռենիումը՝ ցրված և դժվարահալ): Շատ մետաղներ (օրինակ՝ վանադիումը, մոլիբդենը, տիտանը) աստիճանաբար դուրս են գալիս Հ.մ-ի շարքից:
ՀԱՂԱՐԾՆԻ ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ՀՀ Տավուշի մարզում՝ Հաղարծին գետի ստորին հոսանքում՝ Դիլիջանից մոտ 9 կմ հվ-արլ.: Նստվածքային մագնետիտ-ավազաքարային հանքավայր է: Հանքանյութը գոյացել է էոցենի ծովային մերձափնյա գոտում: Երկրբ. կառուցվածքում մասնակցում են պորֆիրիտներ, ավազաքարեր, տուֆաավազաքարեր, տուֆախառնաքարեր: Հանքավայրի շրջանում մերկանում են մոնցոնիտային կազմի խորքային ապարները:
Հանքանյութը կազմված է տիտանամագնետիտ, քիչ քանակով՝ իլմենիտ, նաև պլագիոկլազ ու քվարց միներալներից: Առանձնացվում են երկաթով հարուստ հոծ, միջին հարստության և աղքատ ցանավոր հանքանյութեր: Հանքավայրի կանխատեսված պաշարները 6 մլն տ են՝ 26 % Fe-ի միջին պարունակությամբ:
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ, ստորերկրյա ջրեր (հազվադեպ՝ մակերևութային), որոնք պարունակում են համեմատաբար մեծ քանակությամբ (ավելի քան 1 գ/լ) կենսաբանորեն ակտիվ անօրգ. (սակավ՝ օրգ.) նյութեր և օժտված են յուրահատուկ ֆիզքիմ. հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ճառագայթաակտիվություն), որոնց շնորհիվ ունեն բուժիչ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Օգտագործվում են որպես արտաքին և ներքին բուժամիջոց: Հ.ջ-ի բաղադրությունը կախված է տարածքի երկրբ. զարգացումից, տեկտոն. կառուցվածքի բնույթից, երկրաջերմային և այլ պայմաններից, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխ. շարժընթացներից:
ՀՀ տարածքը հարուստ է քիմ. տարբեր բաղադրության Հ.ջ-ով՝ «Արարատ», «Արզևի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Լոռի», «Հանքավան», «Ջերմուկ», «Սևան» և այլն (մոտ 1000 բնական ելքեր): Նշանակալի ջրաքանակով ելքերը կապված են երկրակեղևի տեկտոն. խախտումների հետ: Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ճառագայթաակտիվությամբ, ունեն միջին հանքայնացում: Ջերմաստիճանը տատանվում է 4-ից (Գռիձոր գ.) մինչև 64°C (Ջերմուկ ք.) սահմաններում: Ըստ քիմ. կազմի՝ լինում են քլորիդային (CI՜), հիդրոկարբոնատային (HCOg), սուլֆատային (SO4-2), նատրիումային (Na+), կալցիումային (Ca2+), մագնեզիումային (Mg2+)՝ անիոնների և կատիոնների տարբեր զուգակցություններով: Ըստ գազերի՝ առավելապես տարածված են ածխաթթվական, ավելի քիչ՝ ազոտ-ածխաթթվական, ածխաթթվածծմբաջրածնային բաղադրության Հ.ջ.: Պարունակում են նաև միկրոտարրեր՝ Fe, Li, Zn, Mn, Cu, Pb, F, Br, I, B, Ba, Sr և այլն: Հ.ջ-ի քիմ. կազմն արտահայտում են Մ. Կուռլովի և է. Կարստենսի առաջարկած բանաձևով, սկզբում տրվում է գազի (CO2, H2S և այլն) և ակտիվ տարրերի (Br, I, Fe, As) պարունակությունը: Հանքայնացման աստիճանը նշանակվում