Jump to content

Էջ:Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան (Nature of Armenia encyclopedia in Armenian).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստող աղերից: Ս-ները բարձրանում են ստալակտիտներին դեմ հանդիման և երբեմն միանալով նրանց՝ առաջացնում են սյուներ (ստալագնատներ):

ՍՏԱԼԱԿՏԻՏ (<հուն. stalaktós - հոսանստվածք կաթիլով), շթաքար, հոսանստվածքային (հաճախ՝ կրաքարային) գոյացում, որը սառցալեզվակների, սանրի, խողովակների, ծոպերի և դրանց նման տեսքերով կախվում է կարստային քարայրերի առաստաղներից: Առաջանում է կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշացման հետևանքով նստող աղերից: Երբեմն հանդիպում են գիպսային և աղային Ս-ներ:

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ, ջրեր երկրակեղևի վերին շերտերում՝ հեղուկ, պինդ կամ գոլորշի վիճակում: Տարբերում են ծանրահակ, գոլորշանման, թաղանթային, մազանոթային, բյուրեղային, պինդ (սառույց) և այլ Ս.ջ.: Ծանրահակը (գրավիտացիոն) ապարների ճեղքերով ազատ հոսող ջուրն է, որով հագեցած ապարաշերտերն առաջացնում են ջրառատ հորիզոններ: Մակերևույթից հաշված՝ առաջին՝ ոչ ճնշումային ջրատար հորիզոնը գրունտային ջրերի հորիզոնն է, որից վեր աերացիային (օդավորման) գոտին է, որտեղ հանդիպում են Ս.ջ-ի ժամանակավոր կուտակներ՝ վերնաջրեր: Գրունտային ջրերից ներքև տեղադրված են հիմնականում ճնշումային՝ արտեզյան ջրերի միջշերտային հորիզոնները: Ս.ջ. բնական լուծույթներ են՝ հագեցած ավելի քան 60 քիմ. տարրերով, միկրոօրգանիզմներով և գազերով: Ըստ հանքայնացման աստիճանի՝ լինում են քաղցրահամ, կիսաքաղցրահամ, հանքային, ըստ ջերմաստիճանի՝ գերսառը, սառը, գոլ, տաք և գերտաք, ըստ ծագման-ներծծման, խտացման, նստված քակուտակումային և մագմայական: Ս.ջ. երկրի ջրային պաշարների մաս են. կապ են ստեղծում քարոլորտի, ջրոլորտի, մթնոլորտի, կենսոլորտի միջև, շահագործման ընթացքում վերականգնվում են (հիմնականում մագմայական ջրերի հաշվին): Ջրատար հորիզոններն առաջացնում են Ս.ջ-ի հանքավայրեր: Օգտագործման բնույթով ՀՀ-ում տարբերում են խմելու, տեխ., արդ. և հանքային ջրեր:

ՀՀ-ում Ս. ջ-ի դերը մեծ է գետերի հոսքի ձևավորման գործում, քանի որ տարածքի զգալի մասի ապարները հրաբխային են՝ ծակոտկեն, ճեղքավորված: Մթն. տեղումները, ներծծվելով, առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը երկրի մակերևույթ է դուրս գալիս՝ սնելով գետերը: ՀՀ-ում ստորերկրյա սնման բաղադրիչը մեծ է հետևյալ գետերում՝ Մեծամոր՝ 93%, Աշոցք՝ 85%, Գավառագետ՝ 83%, Մասրիկ՝ 78%, Գորիս՝ 73%, Ազատ՝ 69 %, Ախուրյան՝ 59 %, Որոտան՝ 54 %, Արփա՝ 53 %, Քասաղ՝ 51 % և այլն:

Ներկայումս բնապահպան. լուրջ խնդիր է Ս.ջ-ի անաղարտության պահպանումը:

ՎԱՆԱԿԱՏ, օբսիդիան, հրաբխային ապակի, միասեռ ապակենման հրաբխային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սև, կարմրասև, դարչնագույն, ծխագույն, գորշ) և խեցային ջարդվածքով: Կարծր. 5 է, խտութ.՝ 2500-2600 կգ/մ3: Հեշտ հղկվող է, բյուրեղային համակարգը՝ իզոտրոպային:

ՀՀ-ում Վ-ի կուտակումներ կան Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթնային մասերում: Ամենախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենի) հանքավայրն է: Մեկ այլ խոշոր՝ Ջրաբերի հանքավայրը գտնվում է Հատիսի լանջին: Վ-ին բնորոշ է ջերմափքությունը: Օգտագործվում է հղկիչ, կտրիչ գործիքների արտադրության մեջ: Վ-ի գեղազարդիչ տարատեսակներից պատրաստում են կենցաղային առարկաներ (սկահակներ, գրապիտույքներ, մոխրամաններ, զարդեր և այլն):Հատուկ վառարաններում որոշակի ճնշման և բարձր ջերմաստիճանի (900-1200°C) պայմաններում Վ-ից ստանում են պեռլիտ։

Մ.թ.ա. II—I հազարամյակներում Վ. Հայաստանից (Վանա լճի շրջակայքից, որտեղից էլ՝ անվանումը) տարվում էր Պարսից ծոցի և Միջերկրածովյան երկրներ:

ՎԵՐԻՆ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, ընդգրկում է Ախուրյանի վերին ավազանի միջլեռն. գոգավորությունը՝ եզրավորված Եղնախաղի, Ջավախքի, Բազումի լեռնաշղթաներով: Ռելիեֆի երկրբ. և ջրաերկրբ. առանձնահատկություններով առանձնացվում են Վարդաղբյուրի, Աշոցք-Կրասարի ու Արփի լճի գոգավորությունները: Միջլեռն. գոգավորության երկրբ. կառուցվածքը երկհարկ է: Ստորերկրյա ջրերի հիմն․ պաշարները կուտակվում են վերին հարկում, որը կազմված է պլիոցեն-անթրոպոգենի բազալտային անդեզիտների լավաներից, բեկորային