Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


թել մոտ 200 հզ․ մարդ։ Մինչև 1970-ական թթ․ վերջերը և 1988-ից հետո միջհանրապետ․ տարաշարժը բնութագրվել է դրական, 1991-ից՝ բացասական մնացորդով։ Հանրապետությունում հողի սեփականաշնորհումից հետո, 1992-ից փոխվել է մինչ այդ տեղի ունեցող ներհանրապետ․ տարաշարժի ուղղությունը (քաղաքից՝ գյուղ․ վայրեր)։

Միատարր ազգաբնակչությամբ ՀՀ-ում (93,3 %-ը՝ հայեր, 1989) բնակվում են նաև ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ, ասորիներ, հույներ և այլք։ ՀՀ խիտ բնակեցված երկիր է։ Գյուղ․ բնակչությամբ խիտ են բնակեցված Արարատյան գոգավորությունը, նոսր՝ լեռն․ շրջանները։ Խոշոր բնակավայրերը գտնվում են Արարատյան դաշտում, Լոռու սարահարթում, Սևանա լճի հվ․ ու արմ․ ափերին, փոքր բնակավայրերը՝ Զանգեզուրի, Վայոց ձորի, Շիրակի մարզերում։ Առավել խիտ են բնակեցված մինչև 500_1500 մ բարձր-ները․ 2000_2500 մ բարձր-ներում բնակվում է բնակչության 6 %-ը։ 2500 մ-ից բարձր վայրերում մշտական բնակչություն չկա։

Մինչև 1920-ը ՀՀ ներկա տարածքում կար 4 քաղաքային բնակավայր (Երևան, Ալեքսանդրապոլ, Նոր Բայազետ, Գորիս)։ 1960-ական թթ․ կառուցվեցին նոր քաղաքներ։ 1999-ին կար 995 բնակավայր, որից 947-ը՝ գյուղական, 48-ը՝ քաղաքային։ Խոշոր քաղաքներն են Երևանը (1248,7 հզ․ բն․), Գյումրին (211,7 հզ․), Վանաձորը (172,7 հզ․), Վաղարշապատը (65,5 հզ․), Հրազդանը (63,9 հզ․), Աբովյանը (61,1 հզ․)։


8․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Նախնադարյան համայնական հասարակարգը Հայկական լեռնաշխարհում։ Երկրբ․ և հնագիտ․ հետազոտություններով ապացուցվել է, որ Չորրորդական դարաշրջանում (0,6_3,5 մլն տարի առաջ) Հայկ․ լեռնաշխարհում նախամարդու բնակության և մարդկային հասարակության զարգացման համար առկա են եղել բարենպաստ բոլոր պայմանները։ Այստեղ է ձևավորվել հայ ժողովուրդը ու անցել պատմ․ զարգացման բոլոր փուլերը։

Նախնադարյան հասարակության պատմությունն ընդգրկել է նախամարդու տարածումից մինչև վաղ դասակարգ․ հասարակության ձևավորման ժամանակաշրջանը (մոտ 2 մլն տարի առաջ _ մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջ), որը համընկել է քարի դարաշրջանին։ Հնագիտ․ պարբերացմամբ՝ քարի դարաշրջանը բաժանվել է հնաքարի (հուն․ պալեոլիթ), միջնաքարի (հուն․ մեզոլիթ) և նորաքարի (հուն․ նեոլիթ) ենթաշրջանների։ Նորաքարի ենթաշրջանի եզրափակիչ փուլում Հայկ․ լեռնաշխարհի բնակչությունը յուրացրել է պղնձի մշակությունը և աստիճանաբար անցել մետաղի դարաշրջանին։ Անցման այդ ժամանակաշրջանը (մ․թ․ա․ 5_4-րդ հազարամյակներ) անվանում ենք պղնձաքարի (հուն․ էնեոլիթ) դարաշրջան։

Նախնադարյան համայնական հասարակարգի քայքայումը, ցեղային միությունների և վաղ պետականության սաղմերի ձևավորումը։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջին Հայկ․ լեռնաշխարհում սկզբնավորվել է բրոնզի դարաշրջանը (մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջ _ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջ), որը հատկանշվել է տոհմատիր․ հասարակարգի քայքայմամբ, վաղ քաղաքային կյանքի և քաղաքաց․ հասարակության ձևավորմամբ, նշանագրերի գյուտով։

Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջին և հատկապես մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի 1-ին կեսին ձևավորվել են ցեղերն ու ցեղամիությունները։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում Հայկ․ լեռնաշխարհում այդ ցեղամիություններն առաջին քաղ․ կազմավորումներն էին, որոնք բովանդակել են վաղ պետականության սաղմեր՝ կիսանահապետական, կիսաավատապետական ձևի մեջ։ Խեթական և ասորեստանյան սկզբնաղբյուրների հավաստմամբ, մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի կեսին Հայկ․ լեռնաշխարհի ցեղերն արդեն համախմբված էին խոշոր ու մանր քաղ․ կազմավորումների մեջ, որոնցից յուրաքանչյուրն ուներ դրացիներից սահմանազատված իր տարածքը՝ «երկիրը»