կամ «աշխարհը», ինքնանվանումը, զին․ ուժերն ու պաշտպան․ կառույցները, ներքին վարչաբաժանումները, պաշտամունքը և կրոնական ընդհանուր տաճարը, ցեղաբարբառը և հոգևոր մշակույթի ինքնահատուկ գծերը, շերտավորված հասարակությունը, կառավարման մարմինները՝ ժառանգական մենաշնորհով օժտված իշխանատան գլխավորությամբ։
Մ․թ․ա․ XV_XIII դդ․ խեթական արքունի արձանագրություններում Հայկ․ լեռնաշխարհի քաղ․ կազմավորումներից առանձնապես հիշատակվում են Ալշե, Իշուվա և Բարձր «երկրները», որոնք համապատասխանաբար նույնանում են հին հայկ․ Աղձնիք, Ծոփք և Բարձր Հայք «աշխարհներին»։
Հայկ․ լեռնաշխարհի հնագույն քաղ․ կազմավորումներից է համարվում խեթական արձանագրություններում հիշատակվող Խայաշա-Ացցի (Հայասա-Ազզի) ցեղամիությունը։
Մ․թ․ա․ XIV_XX դդ․ ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում տեղեկություններ են պահպանվել Հայկ․ լեռնաշխարհի մի շարք քաղ․ կազմավորումների մասին, որոնք հորջորջվել են Նարի կամ Նաիրի «երկրներ» ընդհանրացված անվանումով։ Դրանցից առանձնապես հիշատակվում են Կադմուխին (Կադմուք-Կորդուք), Մուշկին (Մոկս), Ալձին (Աղձնիք), Իշուան (Ծոփք), Դայանին կամ Դայաենին (Տայք) ևն, որոնք տարածվել են գերազանցապես Տիգրիս, Եփրատ գետերի վերին հոսանքների և դրանց վտակների ու ակունքների ընդարձակ շրջաններում։ Ասորեստանի հարձակումների ընդհանուր վտանգը դիմակայելու նպատակով Նաիրի «երկըրները» հարկադրված միավորել են իրենց զին․ ուժերը, պաշտպան․ համակարգը, նյութ․ միջոցները, ցեղային շահերը զուգակցել կամ ենթարկել ընդհանուր շահերին և ծավալել փոխհամաձայնեցված գործունեություն։ Ասորեստանի Թուկուլտի-Նինուրտա Ա թագավորը (մ․թ․ա․ 1243_21) Նաիրի «երկրների» դեմ արշավանքներում արդեն բախվել է 43, իսկ Թգլատպալասար Ա թագավորը (մ․թ․ա․ 1115_1077)՝ նախ 23, ապա՝ 60 դաշնակից ցեղային իշխանությունների միացյալ ուժերի դիմադրությանը։
Արարատյան թագավորությունը (մ․ թ․ ա․ IX_VI դ դ․)։ Մ․թ․ա․ IX դ․ 1-ին քառորդից ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում կարևոր տեղեկություններ են պահպանվել Հայկ․ լեռնաշխարհում ծաղկած «Ուրարտու» քաղ․ կազմավորման մասին։
Մ․թ․ա․ XIV դարից սկսած Ասորեստանի տիրակալները թեև բազմիցս արշավել են Հայկ․ քաղ․ կազմավորումների վրա, սակայն մինչև մ․թ․ա․ IX դ․ նրանց թողած արձանագրություններում որևէ տեղեկություն չի պահպանվել Ուրարտու «աշխարհի» մասին։ Հավանաբար բուն Ուրարտու «աշխարհը», հվ-ից և արմ-ից պատնեշվելով Նաիրյան ցեղապետություններով, մինչև IX դ․ սկիզբը զերծ է մնացել Ասորեստանի ներխուժումներից և ապրել համեմատաբար պարփակ կյանքով։
Ասորեստանյան տեղեկությունները հավաստում են, որ Աշշուրնաձիրապալ Բ-ի և Սալմանասար Գ-ի գահակալման տարիներին Ուրարտու «աշխարհի» սահմանները դեռևս պարփակվել են Հայկ․ լեռնաշխարհի միջնատարածքում՝ հնուց հայտնի Արարատ կամ Այրարատ անունով «աշխարհում»։
Այրարատ միջնաշխարհում պատմ․ վաղ շրջանում ստեղծված քաղ․ կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ․թ․ա․ IX դ․ 1-ին կեսին հասել է ռազմաքաղ․ և տնտ․ այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ․թ․ա․ մոտ 860_840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկ․ ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները․ ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ․թ․ա․ 832/831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Ուրարտուի Սարդուրի Ա թագավորի (մ․թ․ա․ մոտ 835_825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հվ-արլ․ ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հվ-ում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ․թ․ա․ IX դ․ վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։
Իշպուինի թագավորի (մ․թ․ա․ մոտ 825_810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ․թ․ա․ մոտ 810_786) օրոք Հայկ․ լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծամասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արարատյան թագավորության հզորացումը, վերելքն ու ազդեցության ոլորտների ծավալումը շարունակվել են Արգիշտի Ա-ի (մ․թ․ա․ մոտ 786_764), Սարդուրի Բ-ի (մ․թ․ա․ մոտ 764_735) և Ռուսա Ա-ի (մ․թ․ա․ մոտ 735_714) գահակալման տարիներին։ Արարատյան տերության կառուցվածքը, հաս-քաղ․ և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիր․ (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հաս-տնտ․ կազմավորում էր, այլ գլխավորապես հաս-քաղ․ և իրավական հարաբերություննեի