Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդ․ հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։

Տարածքային և պետ․ միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոն․ ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիր․ հարաբերությունները և քաղ․ կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ․թ․ա․ IX դ․ վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը (պանթեոնը), սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։

Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զին․ ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչ․ կենտրոնները ևն։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հս-արլ․ և մինչև Հայկ․ լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղ․, տնտ․, ռազմ․ և կրոնամշակութ․ կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։ Զին․ ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հզ․ միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զին․ ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։

Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։

Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպան․ համակարգի և ռազմ․ արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտր․ և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմն․ ուղիներն արգելափակվել են պաշտպան․ հենակետերով։

Ուրարտու-Արարատյան թագավորության հզորությունը և ռազմաքաղ․ հաջողությունները մեծապես պայմանավորվել են նրա տնտեսության զարգացման բարձր մակարդակով։ Տնտեսության վերելքը խթանվել է երկրի հարուստ մետաղահանքերի շահագործմամբ և մետաղե, մասնավորապես՝ երկաթե ու պողպատե գործիքների լայն օգտագործմամբ։ Մետաղագործության հիման վրա ծավալվել են արհեստները (դարբնություն, զինագործություն, քարգործություն, փայտամշակություն ևն), ընդլայնվել առևտուրը, կատարելագործվել շին․ տեխնիկան։ Երկաթե գութանի և այլ աշխ․ գործիքների կիրառությունն ու պետ․ հիմքերի վրա դրված ջրանցքաշինությունը խթանել են երկրագործությունը, յուրացվել են նոր ցանքադաշտեր, բարելավվել է հողամշակումը։ Լեռնային ու նախալեռնային շրջաններում զբաղվել են անասնապահությամբ և անասնաբուծությամբ։ Պեղածո նյութերը վկայում են հատիկավոր բույսերի մշակման, խաղողագործության, գինեգործության, ձիթհանության և գյուղատնտ․ այլ կուլտուրաների մշակման մասին։

Արարատյան միասնական պետությունը վճռականապես նպաստել է Հայկ․ լեռնաշխարհի տարանջատ ցեղերի ու ցեղային իշխանությունների համախմբմանը, նրանց միաձուլմանը և հայ ժողովրդի կազմավորման ավարտին։