իշխան Սահակ Բագրատունուն։ Դվինում կազմվել է ազգ․ նոր կառավարություն, որը խնդիր է դրել վերականգնել Հայոց թագավորությունը։ Պարսկ․ զորքերը ջախջախիչ պարտություն են կրել 482-ի Ակոռիի ճակատամարտում և 483-ին՝ Ներսեհապատի ճակատամարտում։ 482-ին Կուր գետի ափին տեղի ունեցած Ճարմանայնի ճակատամարտում թեև հայ-վրաց․ միացյալ զորքերը պարտվել են և տվել զգալի կորուստներ (զոհվել են Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակը և ուր․), սակայն Վահան Մամիկոնյանը մերժել է պարսկ․ հրամանատարության հաշտության առաջարկը և շարունակել լեռնային համառ կռիվները Սասանյանների զորքերի դեմ։ 484-ին հեփթաղների դեմ պատերազմում պարսկ․ զորքերի պարտությունից և Պերոզի զոհվելուց հետո Սասանյան նոր արքա Վաղարշը Հայաստանից դուրս է բերել իր զորքերը և հաշտության առաջարկով պատվիրակություն ուղարկել Վահան Մամիկոնյանի մոտ։ 484-ին ստորագրած Նվարսակի պայմանագրի համաձայն՝ Սասանյան արքունիքը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը և նախարարների ավանդ․ իրավունքները, պարտավորվել է չմիջամտել նրանց ներքին գործերին, չխրախուսել հայրենադավ և հավատուրաց մարդկանց, չցուցաբերել կամայականություններ, հարգել հայերի դավանանքի ազատությունը։ 485-ին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև տանուտեր Հայոց և մարզպան, որին 505-ին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թթ․։
Բյուզ․ տիրապետության ներքո գտնվող Արմ․ Հայաստանը ընդգրկել է Փոքր Հայք, Ներքին Հայք և Նախարարական (Սատրապական) Հայք վարչամիավորները։ Հռոմ․ կայսրությունը Փոքր Հայքը IV դ․ վերջին տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտինե կենտրոնով) նահանգների։ Նույն ժամանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում Բարձր Հայքը, նույնպես վերածվել է կայսր․ նահանգի՝ կոմեսի գլխավորությամբ։ Նախարար․ Հայքն ընդգրկել է Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները։ Մինչև Հուստինիանոս I կայսրի գահակալումը (527_565) Արմ․ Հայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ նախարարները պահպանել են իրենց ժառանգ․ հողատիրույթները, սեփական ռազմ․ ուժերը, ավանդ․ իրավունքներն ու արտոնությունները, որոնք խոչընդոտել են կայսրության վարած ուծացման (ասիմիլյացիա) քաղաքականությունը։ Չհանդուրժելով նման իրավիճակը՝ Հուստինիանոս I 529-ին վերացրել է հայ նախարարների՝ սեփական զորամասեր ունենալու իրավունքը և նրանց զրկել իրենց ռազմ․ հզորությունից։ Կայսրությանը ենթակա հայկ․ բոլոր հողերը բյուզանդացի ստրատեգոսի գլխավորությամբ միացվել են առանձին ռազմ․ շրջանի (ստրատեգիայի) մեջ, որի կենտրոնն էր Կարին քաղաքը։ 536-ին Արմ․ Հայաստանը բաժանվել է Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք նահանգների։ Հայ նախարարների տնտ․ հզորությունն ու ինքնուրույնությունը պայմանավորվել է նրանց հայրենատիրույթներով, որոնք հորից (պատրոն) անտրոհելիորեն փոխանցվել են ավագ որդուն։ 536-ի հրովարտակով նախարարների կրտսեր որդիներին ու դուստրերին՝ մանր ու միջին ազնվականներին նույնպես իրավունք է վերապահվել հավասար հիմունքներով կալվածներ ստանալ իրենց պատրոններից, փոշիացվել է հայ նախարարների տնտ․ հզորությունը, ինչը առաջ է բերել նրանց խոր դժգոհությունները, որոնք երբեմն ուղեկցվել են արյունալի բախումներով։ Այդ պատճառով կայսրությանը չի հաջողվել հիմնովին կենսագործել իր մտադրություններն Արմ․ Հայաստանում։
Մարզպանական Հայաստանի քաղ․ ինքնուրույնությունը վերստին վտանգվել է 560_570-ական թթ․ կապված պարսկա-բյուզ․ հարաբերությունների լարման և քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Սասանյանների ծավալած բռնությունների ու զավթողական ծրագրերի հետ։ Հայաստանի պարսիկ մարզպան Սուրենը (564_571), հենվելով Դվինում տեղակայված պարսկ․ 15 հզ-անոց զորաբանակի վրա, ծանրացրել է հարկերը, սաստկացրել կամայականություններն ու բռնությունները հայրենասեր ուժերի հանդեպ, բորբոքել կրոն․ հալածանքներ, որոնք ի վերջո հանգեցրել են հուժկու ազգ-ազատագր․ պատերազմի։ Այն գլխավորել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան Կրտսերը (Վասակի որդին, մարզպան Վարդ Մամիկոնյանի թոռը)։ 571-ի վաղ գարնանը հայկ․ բանակը գրավել է Դվինը, ոչնչացրել պարսկ․ զորքերին և սպանել մարզպանին։ Շուտով պարսկ․ 20 հզ-անոց մի զորաբանակ ներխուժել է Հայաստան, բայց Խաղամախու ճակատամարտում պարտություն է կրել և դուրս շպրտվել երկրի սահմաններից։ Այնուհետև Վարդան Մամիկոնյանը, իր շուրջ համախմբելով Այսրկովկասի այլ քրիստոնյա ժողովուրդների (աղվաններ, վրացիներ, եգերացիներ, աբխազներ, ալաններ), թոթափել է Պարսից գերիշխանությունը և դիմել Բյուզանդիայի հովանավորությանը։ Այդ պատճառով 572-ին երկու աշխարհակալությունների միջև բորբոքվել է նոր պատերազմ։ Այն ավարտվել է 591-ին կնքած հաշտության պայմանագրով, համաձայն որի Հայաստանի և Այսրկովկասի մեծագույն մասն անցել է Բյուզանդիայի գերիշխանության ներքո։ Պարսկա-բյուզ․ մրցապայքարը Հայաստանի և Այսրկովկասի համար