Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Տայքը, Կղարջքը ևն։ Ճկուն դիվանագիտությամբ և շրջահայաց քաղաքականությամբ նրանք Հայոց իշխանի և սպարապետի գերագույն պաշտոնները դարձրել են իրենց տոհմական մենաշնորհը, անվիճելիորեն տնօրինել երկրի քաղ․ և ռազմ․ կյանքը։

Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (մոտ 790_826), որը հայտնի է Քաջ և Մսակեր մականուններով, իշխանանիստը Կոգովիտ գավառի Դարույնք ամրոցից տեղափոխել է Արշարունիք գավառի Բագարան բերդաքաղաք։ Նրա եղբայր Շապուհն ստանձնել է Հայոց սպարապետի պաշտոնը։ Թուլացող խալիֆայությունը հարկադրված ճանաչել է Աշոտ Բագրատունի Քաջի ինքնիշխանությունը, համակերպվել Հայաստանում և Այսրկովկասում Բագրատունիների գերակայության հետ։ Աշոտ Բագրատունու մահից հետո Հայոց իշխանի կամ Իշխանաց իշխանի գերագույն պաշտոնը ժառանգել է նրա ավագ որդին՝ Բագարատ Բագրատունին (826_851), իսկ սպարապետությունը՝ կրտսեր որդին՝ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852_855)։ IX դ․ 1-ին կեսին հարկերի գանձումը Հայաստանում վերապահվել է Հայոց իշխանին, և խալիֆայության գերիշխանությունն արտահայտվել է Հայոց իշխանից տարեկան որոշ հարկեր ստանալով։

Մութավաքիլ խալիֆան (847_861) Բագրատունիների իշխանությունը վերացնելու ծրագրով 849-ին Հայաստանի կառավարիչ և հարկերի հավաքման վերակացու է նշանակել Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին, միաժամանակ արաբ․ զորքերը սկսել են ասպատակել երկիրը։ Հայաստանում նվաճողների դեմ ծավալվել է նոր ազատագր․ պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով շարունակվել է մինչև 855-ը։ Ի վերջո, խալիֆայությունն ստիպված իր զորքերը դուրս է բերել Հայաստանից և ճանաչել նրա ինքնավարությունը։

Բագրատունիների թագավորությունը IX_XI դդ․։ 851-ին Հայոց իշխան Բագարատ Բագրատունու, իսկ 852-ին նրա որդիների՝ Աշոտ և Դավիթ Բագրատունիների, ինչպես նաև Սասունի իշխան Հովնան Բագրատունու գերեվարումից հետո Հայոց իշխանի պաշտոնն ստանձնել է սպարապետ Սմբատ Բագրատունի Աբլբասը (852_ 855)։ 855-ին նա ևս ձերբակալվել և աքսորվել է Սամառա (Իրաք)։ Սակայն Հայաստանից արաբ․ պարտված զորքերը դուրս բերելուց հետո խալիֆայությունն ստիպված նույն 855-ին Հայոց իշխան է ճանաչել Սմբատ Բագրատունի Աբլբասի 35-ամյա որդուն՝ Աշոտ Բագրատունուն (885-ից՝ Հայոց թագավոր Աշոտ Ա Մեծ)։ Հայաստանում և Այսրկովկասում իր ազդեցությունը պահպանելու մտահոգությամբ 862-ին խալիֆայությունը Աշոտ Բագրատունուն ճանաչել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխան՝ նրան վերապահելով նաև հարկերի գանձման իրավունքը։ Նույն թվականին Աշոտ Բագրատունին Հայոց սպարապետության գործակալությունը հանձնարարել է իր կրտսեր եղբորը՝ Աբաս Բագրատունուն։

Աշոտ Բագրատունին 860-ական թթ․ կարգավորել է կառավարման մարմինները, իր գերագահության ներքո համախմբել Հայաստանի և Այսրկովկասի ազդեցիկ իշխան․ տոհմերին, վարել ներքին և արտաքին խոհեմ քաղաքականություն։ Շուտով (հավանաբար 869-ին) հայ իշխանների և բարձրադաս հոգևորականների համատեղ խորհրդում Աշոտ Բագրատունին հռչակվել է թագավոր։ 875_876-ին Աշոտ Բագրատունին բացահայտել է իր և հայ մեծամեծ իշխանների դեմ խալիֆայության նախապատրաստած դավադրությունը, զինաթափել արաբ․ զորքերին և արտաքսել երկրից։

Բյուզանդիայի կայսր Վասիլ I (867_ 886) փորձել է շահել Աշոտ Բագրատունու զինակցությունը՝ ընդդեմ խալիֆայության։ Սակայն վերջինս, բարեկամական հարաբերություններ հաստատելով Վասիլ I-ի հետ, խոհեմաբար չեզոքություն է պահպանել հակամարտող կողմերի միջև։ Մութավաքիլ խալիֆան, հայ-բյուզ․ մերձեցումը կասեցնելու և Աշոտ Բագրատունուն սիրաշահելու նպատակով, 884-ին նրան ճանաչել է «թագավոր Հայոց և Վրաց»։ Հայոց արքայի գահը ճանաչել է նաև Բյուզանդիայի Վասիլ I կայսրը։

Բագրատունիների նորաստեղծ թագավորության իրավասությունը տարածվել է Հայաստանի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիային միացված արմ․ «աշխարհների» (Փոքր Հայք, Բարձր Հայք, Ծոփք) և խալիֆայության Ջեզիրե կուսակալությանը կցված հվ․ որոշ գավառների։ Հայ և արաբ պատմագիրների հաստատմամբ՝ Աշոտ Ա Բագրատունու օրոք Հայոց թագավորության սահմանները հվ-ում ընդգրկել են Կորճայք և Աղձնիք «աշխարհների» մեծ մասը, հվ-արլ-ում հասել մինչև Ատրպատական, արլ-ում՝ մինչև Պարտավ, արմ-ում՝ Ծոփք և Բարձր Հայք «աշխարհները», հս-արմ-ում՝ մինչև Եգերաց աշխարհը, հս-ում՝ մինչև Կովկասյան Մեծ լ-շղթան և Ալանաց դուռը։ Աշոտ Ա Բագրատունու գերիշխանությանն են ենթարկվել Վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին և Հայոց Արևելից Կողմանց (Արցախ, Ուտիք, Կամբեճան) թագավոր Համամ Արևելցին։ Հայոց և Վրաց թագավորության հս․ սահմաններն ամրապնդելու նպատակով Աշոտ Ա Բագրատունին 887-ին արշավել է մինչև Կովկասյան Մեծ լ-շղթա, ընկճել տեղի անհաշտ ցեղերին, իսկ Եգերաց թագավորին հարկադրել ընդունել իր գերիշխանությունը։ Այնուհետև զբաղվել է Բագարան մայրաքաղաքի կառուցապատմամբ, երկրի պաշտպան․ համակարգի բարելավմամբ և բանակի հզորացմամբ (40 հզ․ հեծյալ մարտիկ)՝ մահից հետո իր որդի Սմբատին թողնելով կայուն և վերընթաց զարգացում ապրող թագավորություն։

Սմբատ Ա Բագրատունու