Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայ հոգևորականների և մելիքների նախաձեռնությամբ 1441-ին Հայոց կաթողիկոսության ընդհանրական աթոռը վերահաստատվել է Էջմիածնի վանքում, որով վերստին բարձրացել է Արլ․ Հայաստանի դերն ու համազգ․ նշանակությունը հայ ժողովրդի համախմբման գործում։

1460-ական թթ․ Արծրունիների շառավիղ Սմբատ Սեֆեդինյանը Ջհան շահի հովանավորությամբ օծվել է Հայոց թագավոր (1465-67)․ ժամանակակիցների վկայությամբ՝ Սմբատի գահակալումը մեծապես ոգևորել և խանդավառել է հայ ժողովրդին։

XV դ․ վերջին և XVI դ․ սկզբին Հայաստանի և հայ ժողովրդի գլխին կախվեց զավթող․ մոլուցքով համակված օսմ․ թուրքերի վտանգը։ 1473-ին Դերջանի ճակատամարտում օսմ․ թուրքերը պարտության են մատնել ակկոյունլուներին, նվաճել Փոքր Հայքը և Մեծ Հայքի հս-արմ․ հողերը (Դերջան, Կամախ, Էրզրում, Բաբերդ ևն), իսկ 1487-ին զավթել են նաև Կիլիկիան։

XV դ․ վերջին «շահ-ի սևան» կամ «կըզըլբաշ» կոչվող թուրք․ ցեղերը Իսմայիլի գլխավորությամբ ջախջախել են ակկոյունլուներին, խլել նրանց տիրապետության ներքո գտնվող երկրները՝ Ատրպատականը, Իրանը, Իրաքը, Հայաստանը, Անդրկովկասը և Թավրիզ մայրաքաղաքում հռչակվել շահնշահ (1502-24)։ 1507-09-ին Իսմայիլ I շահը, գրավել է Հայաստանի արմ․ նահանգները և բախվել օսմ․ թուրքերի հետ։ 1514-ին Ուրմիա լճի մոտ, Չալդրանի վճռական ճակատամարտում թուրքերը ջախջախել են կըզըլբաշներին, մտել Ատրպատական և գրավել Թավրիզը։ 1515-ին կնքված հաշտության պայմանագրով Հս․ Միջագետքը և Արմ․ Հայաստանն անցել են օսմ․ Թուրքիային, իսկ Արլ․ Հայաստանը և Անդրկովկասը՝ մնացել Սեֆյանների տիրապետության ներքո։ Թուրք-իրան․ վերստին բորբոքված պատերազմները (1530-35 և 1548-54) աղետալի հետևանքներ են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ 1555-ին պատերազմող կողմերն Ամասիայի պայմանագրով, որը վերահաստատել է 1514-ի թուրք-իրան․ սահմանը, Հայաստանի արմ․ և հվ․ նահանգները, Իրաքը և Արմ․ Վրաստանը անցել են օսմ․ Թուրքիային, իսկ Ատրպատականը, Արլ․ Հայաստանը, Արլ․ Վրաստանը և Շիրվանը՝ Սեֆյան Պարսկաստանին։ Թուրքիայի սուլթան Մուրադ III-ը (1574-95), օգտվելով Սեֆյան Իրանում բռնկած գահակալ․ կռիվներից, 1578-ին ներխուժել է Արլ․ Հայաստան, զավթել Արլ․ Հայաստանը և Արլ․ Վրաստանը։ Կոստանդնուպոլսում կնքված թուրք-պարսկ․ հաշտության պայմանագրով ամբողջ Հայաստանը, Անդրկովկասը և Ատրպատականն անցել են օսմ․ Թուրքիային։

Կրոն․ մոլեռանդությամբ ու անհանդուրժողությամբ առաջնորդվող թուրք․ նվաճողները հայերին, մյուս քրիստոնյա ժողովուրդներին դիտել են իբրև «գյավուրներ» (անհավատներ) և «եսիրներ» (ստրուկներ), նրանց զրկել մարդկային տարրական իրավունքներից, կյանքի ու գույքի ապահովությունից։ Հայերին արգելել են բողոքել մահմեդականների դեմ կամ վկայություն տալ դատարաններում, կրել զենք և բարետես տարազ, երթևեկել ձիով ևն։ Համատարած բնույթ է կրել հայերի բռնի մահմեդականացումը, սպանությունները, հալածանքները, ունեզրկումը։ Մահմեդականություն ընդունած հայերին իրավունք է վերապահվել յուրացնել իրենց հարազատների ամբողջ ունեցվածքը։ XVI-XVII դդ․ օսմ․ տիրակալության մեջ քրիստոնյա ժողովուրդների համար աղետալի էր պարբերաբար կրկնվող մանկահավաքը․ մանուկներին ու պատանիներին բռնությամբ խլելով իրենց ծնողներից՝ հատուկ ճամբարներում նրանց դաստիարակել են իսլամի մոլեռանդ ոգով, համալրել սուլթանի հենարան ենիչերիների զորաբանակը՝ ընդդեմ քրիստոնյա հպատակների։ Հայկ․ սկզբնաղբյուրներում հայ մանուկների համատարած բռնահավաքների տարիներ են հիշատակվում 1519, 1531, 1536, 1543, 1547, 1550, 1590, 1622 թթ․։ Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների դուստրերի բռնահավաքներով համալրվել են թուրք․ սուլթանների և ռազմավարչ․ ավագանու ներկայացուցիչների հարեմները։ XVI դարից սուլթան․ կառավարությունը հետևողականորեն վարել է Հայաստանի էթնիկ․ կազմի այլափոխման քաղաքականություն։ Պարբերաբար ամայացվող հայկ․ նահանգներում թուրք․ կառավարությունը բնակեցրել է քրդ․ ռազմատենչ և ընչաքաղց ցեղեր, որոնց կարևոր դեր էր հատկացվում Հայաստանում սուլթան․ տիրապետությունն ամրապնդելու և Իրանի դեմ պայքարելու գործում։

XVI դ․ կըզըլբաշ և օսմ․ թուրքերի գիշատիչ ճիրաններում հոշոտվող հայ ժողովրդի համար անհավանական էր սեփական ուժերով հայրենի երկրի ազատագրումը։ Այդ գիտակցությամբ հայ ազատագր․ շարժման գործիչներն օգնություն են խնդրել իրենց հնարավոր թվացող դաշնակիցներից՝ Արմ-ի քրիստոնյա պետություններից և Հռոմի պապից։ 1547-ին Հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցու նախաձեռնությամբ Էջմիածնում հրավիրված հայ աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ժողովը, քննարկելով ստեղծված ծանր կացությունը, որոշել է կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Հռոմի պապի և Արմ-ի քրիստոնյա պետությունների հետ Հայաստանի ազատագրման հարցի շուրջ բանակցություններ վարելու և թուրք․ նվաճողների դեմ համատեղ պայքարի ծրագիր մշակելու նպատակով։ 1548-ին Ստեփանոս Ե Սալմաստեցին, կաթողիկոսության գործերը հանձնարարելով իր տեղապահ Միքայել Սեբաստացուն, Կոստանդնուպոլսի վրայով մեկնել է Եվրոպա, 1549-51-ին բանակցություններ վարել Հռոմի պապի, Վենետիկի հանրապետության, Գերմանիայի կայսրության և Լեհաստանի թագավորության ղեկավարների հետ, նրանց հնարավոր ռազմաքաղ․ օգնության դիմաց նույնիսկ Հայոց եկեղեցու գրավոր հնազանդությունը հայտնել կաթոլիկ եկեղեցուն։ Ի վերջո, որևէ շոշափելի արդյունքի չհասնելով, Ստեփանոս Ե Սալմաստեցին ուղևորվել է Մոսկվա, սակայն 1551-ին վախճանվել