Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(տես Էջմիածնի ժողովներ 1547, 1677) որոշել է Հակոբ Դ կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Եվրոպա։ Սակայն 1680-ին Կ․ Պոլսում Հակոբ Դ կաթողիկոսի մահը խափանել է նախաձեռնության իրագործումը։ Միայն երիտասարդ Իսրայել Օրին է մեկնել Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, այնուհետև՝ Պֆալց, որտեղ կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմին է ներկայացրել Հայաստանի ազատագրության իր ծրագիրը։ Հովհան-Վիլհելմի գրություններով 1699-ին ժամանելով Արլ․ Հայաստան, Սյունիքի մելիքների Անգեղակոթի ժողովի հանձնարարությամբ Իսրայել Օրին վերադարձել է Եվրոպա։ 1699-ի սեպտ․ 22-ի զեկուցագրում (պֆալցյան ծրագիր) Օրին առաջարկել է Հովհան-Վիլհելմին պֆալցյան զորքերով, գերմ․ կայսրի, Հռոմի պապի և Տոսկանայի մեծ դքսի դաշնակցությամբ 1700-ի մայիսին ձեռնամուխ լինել Արլ․ Հայաստանի ազատագրմանը և պետականության վերականգնմանը, որից հետո օրախնդիր կդառնար Արմ․ Հայաստանի ազատագրումը։ Օրին կարևոր դեր է հատկացրել նաև հայ-վրաց․ դաշնակցությանը։ Եվրոպայում իսպան․ ժառանգության համար պատերազմը բացառել է այդ ծրագրի իրագործման հնարավորությունը։ 1701-ին Օրին դիմել է Ռուսաստանի օգնությանը․ նա մշակել և ներկայացրել է նոր ծրագիր (մոսկովյան), որտեղ գլխ․ դաշնակցի դերը վերապահվել է Ռուսաստանին։ Օրուն ընդունել է կայսր Պետրոս Մեծը, իսկ 1702-ին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուս․ արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն շվեդ․ պատերազմից հետո։ 1708-ին Օրու կազմակերպած դեսպանագնացությունը Պարսկաստան նպատակ ուներ պարզել նրա ներքին կացությունը, ռազմաքաղ․ վիճակը։ Օրու ազատագր․ առաքելությունն ու գործը խափանվել է 1711-ին Աստրախանում նրա հանկարծահաս մահով։


Հս․ պատերազմի ավարտի (1721) և Պարսկաստանում ստեղծված խառնակ իրավիճակի պայմաններում Ռուսաստանը 1722-ին սկսել է պարսկական արշավանքը, որի նպատակն էր տիրանալ Կասպից ծովի արմ․ ափերին և, մասնավորապես, մետաքսարտադրության կենտրոն Գիլանին։ Քաղ․ առումով այն նպաստելու էր հայ-վրաց․ ուժերի համախմբմանը և միացյալ քրիստ․ թագավորության ստեղծմանը։ Սակայն Պետրոս Մեծի հարկադրական վերադարձը և թուրք․ ռազմարշավը ի դերև են արել այդ ծրագրի իրագործումը։ 1723-ին թուրքերը գրավել են Թիֆլիսը և շարժվել դեպի Գանձակ, բայց այն գրավելու փորձերը ձախողվել են։ Արցախում ստեղծվել էին ռազմ․ կայան-ամրություններ (սղնախներ) իրենց մշտական զորաջոկատներով, որոնք անհրաժեշտության դեպքում համալրվելու էին աշխարհազորայիններով (30_50 հզ․ մարդ)։ Ձգտելով ամրապնդվել Կասպիականի ափերին, միաժամանակ խուսափելով թուրքերի հետ պատերազմից՝ 1724-ի հունիսի 12-ին Կ․ Պոլսում Ռուսաստանը Թուրքիայի հետ կնքել է պայմանագիր, որով Կասպիականի առափնյա նեղ շերտը (Դերբենդից մինչև Մազանդարան) ճանաչվել է ռուս․, իսկ Անդրկովկասի մնացյալ շրջանները՝ թուրք․ գոտի։ Պայմանագիրը ծանր հարված էր հայ ազգ-ազատագր․ շարժմանը։ Այդ ընթացքում թուրքերը գրավել են Նախիջևանը, Օրդուբադը, Գողթնը։ 1724-ի սեպտ․ եռամսյա համառ և արյունահեղ կռիվներից հետո գրավվել է Երևանը, 1725-ի հոկտ․՝ Գանձակը։ Բայց 1725-ի փետր․ Վարանդայում հայկ․ ուժերը գլխովին ոչնչացրել են թուրք․ 6 հզ-անոց զորաբանակը։ Ստեղծված ծանր իրադրության մեջ հայ ազգ-ազատագր․ շարժման ղեկավարներն ապարդյուն օգնություն են հայցել ռուս․ արքունիքից։ Ծանր կորուստ էր 1728-ին Արցախի ազգ-ազատագր․ պայքարի ոգեշնչող և ղեկավար Եսայի կաթողիկոսի մահը, 1729-ին Ավան և Թարխան Յուզբաշիների հեռանալը։

1720-ական թթ․ հայ ազգ-ազատագր․ շարժման կենտրոնը Սյունիքն էր՝ Դավիթ Բեկի գլխավորությամբ։ Նա նախ ջախջախել է Սյունիք ներխուժած կարաչոռլու, ջիվանշիր և այլ թուրքմեն․ վաչկատուն ցեղերին, ապա՝ 1724-ի սկզբին գրավել Զեյվա և Որոտան բերդերը, Փոքր Կապանը և ստեղծել հայկ․ մի իշխանություն, որը ճանաչել է Պարսից Թահմազ II շահը։ 1725-ին հետ է շպրտել Սյունիք ներխուժած թուրք․ բանակը։ 1726-ի գարնանը թուրքերը ներթափանցել են Կապան, սակայն պարտվել պաշարված Հալիձորի բերդի մոտ։ Ազատագրվել է նաև Մեղրու բերդը։ 1728-ին, Դավիթ Բեկի մահից հետո, Մխիթար Սպարապետի գլխավորությամբ 2 տարի համառ կռիվներ են մղվել թշնամու դեմ, սակայն նրա եղերական մահից (1730) հետո պայքարը փաստորեն դադարել է։

Պարսից զորքերի հետ Արցախի մելիքները 1730-ական թթ․ կեսին թուրքերին վռնդել են Անդրկովկասից, և Դիզակի Մելիք-Եգանի ղեկավարությամբ Ղարաբաղում ստեղծվել է ինքնավար և Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված վարչ․ նոր միավոր՝ Խամսան։ Սակայն Պարսկաստանի Նադիր շահի մահից (1747) հետո ուժեղացել են մահմեդ․ վաչկատուն ցեղերի խժդժությունները։ 1750-ական թթ․ սկզբին, ստանալով Վարանդայի Մելիք Շահնազարի աջակցությունը, ջիվանշիր ցեղի Փանահ խանը հաստատվել է Շուշիում և հռչակել խանություն։ Նրա որդի Իբրահիմ Խալիլը զանազան խարդավանքներով իրեն է ենթարկել հայկ․ մելիքությունները։

XVIII դ․ 2-րդ կեսին նոր վերելք է ապրել հայ ազգ-ազատագր․ շարժումը։ Հնդկաստանի հայ գաղութում լույս են տեսել Հայաստանի ազատագրության և