Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ապագա կացության վերաբերյալ ծրագրային «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ», «Որոգայթ Փառաց», «Նշավակ» երկերը։ Ազգ․ ազատագրության հնդկահայ գաղափարախոսներ Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը և ուր․ հայկ․ պետականության անկման հիմն․ պատճառ դիտելով ներքին ավատատիր․ գժտություններն ու երկպառակությունները, մերժել են ավատատիր․ կարգը։ Ազգ-ազատագր․ շարժման մեջ նրանք կարևորել են լուսավորությունը, կրթությունն ու դաստիարակությունը, որով կբարձրանար ազգ․ ինքնագիտակցությունն ու ազատագրության ձգտումը։


Հաշվի առնելով քաղ․, տնտ․ և աշխարհագր․ հանգամանքները՝ Ռուսաստանը դիտել են որպես Հայաստանի ազատագրմանը նպաստող իրական գործոն։ Նրանց կարծիքով ապագա հայկ․ պետությունը Ռուսաստանի հետ կապված կմնա հավերժական դաշնակցային փոխօգնության պարտավորությամբ։

Ազատագր․ ծրագրեր է առաջարկել նաև Ռուսաստանի հայ բուրժուազիան։ 1770-ական թթ․ վերջից Ռուսաստանը սևեռվել է Պարսկաստանի հետ առնչվող խնդիրներին՝ օգտագործելով քաղ․ գործիչներ Հովհաննես Լազարյանի և Հովսեփ Արղությանի հնարավորությունները։ 1780-ին ռուս․ պետ․ գործիչ Գ․ Պոտյոմկինին ներկայացվել է «Պարոն Հովհաննես Լազարյանի հուշագիրը», որտեղ առաջարկվում էր սատարել Հայաստանի ազատագրությանը։ Փոխարենը՝ վերականգնված հայկ․ պետությունը դաշնակցային սերտ կապերի մեջ էր գտնվելու Ռուսաստանի հետ։ Աստրախանում 1780-ին զորավար Ա․ Սուվորովը նախապատրաստվել է պարսկ․ արշավանքի, բայց այն տեղի չի ունեցել։ Անսալով Արցախի հայ մելիքների 1783-ի դիմումին՝ ռուս․ կառավարությունը որոշել է արշավանք սկսել, տապալել Ղարաբաղի Իբրահիմ խանին և հիմնել հայկ․ իշխանություն․ այդ որոշումը ևս մնացել է թղթի վրա։ 1780-ական թթ․ Հ․ Արղությանը և Հ․ Լազարյանը ռուս․ կառավարությանը ներկայացրել են դաշնադրության երկու նախագիծ։

Ըստ առաջինի՝ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը դառնալու էր հանրապետություն՝ հայազգի նախարարի գլխավորությամբ։ Հայաստանը և Ռուսաստանը կապվելու էին անխախտ բարեկամությամբ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանն իր դաշնակցին տրամադրելու էր 6 հզ․ զինվոր։ Նույնչափ ռուս․ զորք էր տեղակայվելու Հայաստանում, որը 20 տարում մասառմաս հանվելու էր։ Ըստ երկրորդ նախագծի՝ վերականգնվելու էր Հայոց թագավորությունը։ Թագավորի (հայ կամ ռուս) ընտրության իրավունքը վերապահվում էր Ռուսաստանի կայսրին։ Հայոց թագավորն ընդունելու էր հայ եկեղեցու դավանանքը և օծվելու էր Էջմիածնում։ Հայաստանն ունենալու էր պետ․ զինանշան, դրոշ, պատվո նշաններ, հատելու էր սեփական դրամ և վասալական կախման մեջ էր լինելու Ռուսաստանից։ Առևտրի համար Հայաստանին նավահանգիստ էր տրամադրվելու Կասպից ծովի ափին։ Երկու նախագծերն էլ չիրագործվեցին։

1795-ին Պարսկաստանի շահ հռչակված Աղա Մահմեդ խանն արշավել է Ղարաբաղ ու Վրաստան և սեպտեմբերին ավերել Թիֆլիսը։ Ի պատասխան, ռուս․ գործող կորպուսը գեն․ Վ․ Զուբովի հրամանատարությամբ ձեռնարկել է պարսկ․ արշավանքը, գրավել Դերբենդը, Ղուբան, Բաքուն և Գանձակը։ Սակայն Ռուսաստանի նոր կայսր Պավել I-ը դադարեցրել է արշավանքը, որը ծանր հարված էր հայ ժողովրդի ազգ-ազատագր․ պայքարին։


Հայաստանը XIX դ․ առաջին կեսին։ Արևելյան Հայաստան։ Պարսկաստանի կազմի մեջ մտնող Արլ․ Հայաստանի տարածքը XIX դ․ սկզբին վարչականորեն բաժանված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Գանձակի խանությունների և Քարթլի-Կախեթի թագավորության (գոյատևել է մինչև 1801-ը) միջև։ Խանությունները բաժանվել են մահալների, որոնք կառավարել են նաիբները կամ միրբոլուքները։ Քարթլի-Կախեթի կազմի մեջ մտնող հայկ․ գավառների գլուխ կանգնել են մոուրավները, իսկ Ռուսաստանին անցնելուց հետո մոուրավներին կից նշանակվել են Վրաստանի գլխ․ կառավարչին անմիջականորեն ենթակա պրիստավներ։ Մեծաքանակ հայ բնակչություն կար նաև Անդրկովկասի մյուս վայրերում՝ Թիֆլիսում, Թելավում, Սղնախում, Գորիում, Բաքվում, Շամախիում, Նուխիում, Ղուբայում և այլուր։ Խանական կառավարման մարմինը դիվանն էր, որի մեջ մտել են վեզիրը, գանձապետը, ծախսարարը, զինված ուժերի հրամանատարը, ոստիկանապետը ևն։ Դատ․ ատյանը տնօրինել է շարիաթի նորմերով առաջնորդվող մահմեդ․ հոգևորականությունը։ Քրեական և որոշ քաղաքաց․ գործեր խաները քննել են անձամբ։ Քաղաքաց․ գործերում հայերն ունեցել են որոշակի ինքնավարություն և առաջնորդվել սովորութային իրավունքի նորմերով ու Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»։


Հողատիրության ամենատարածված ձևը պետականն էր։ Երևանի խանությունում պետ․ կամ արքունական գյուղերը կազմել են ամբողջի 70 %-ը։ Հողատիրության ժառանգական ձևը մուլքադարականն էր։ Մուլքադարներն իրավունք են ունեցել գանձելու հարկ-ռենտայի մուլք կոչվող մասը (բերքի 10 %-ը)։ Երևանի խանությունում գյուղերի 16 %-ը մուլքադարական էր, իսկ 3 %-ը՝ պետ-մուլքադարական։ Թիուլը շնորհվել է պետությանը մատուցած ծառայությունների դիմաց՝ հարկ-ռենտայից ժամանակավորապես կամ ցմահ օգտվելու իրավունքով։ Ուրույն տեղ է գրավել Էջմիածնի վանական հողատիրությունը, որը ժառանգաբար տիրել է մի շարք գյուղերի, ունեցել է նաև սեփական հողեր ու այգիներ։

Արտադրության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Գյուղատնտ․ արտադրության առավել զարգացած