Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջանի՝ Արարատյան դաշտի հիմն․ գյուղատնտ․ կուլտուրաներն էին ցորենը, գարին, բրինձը, բամբակը, ծխախոտը, վուշը, քնջութը։ Բամբակը արտահանվել է հարևան երկրներ։ Տեխ․ կուլտուրաների, բրնձի, մրգատու ծառերի, խաղողի մշակումը նպաստել է ապրանքադրամական հարաբերությունների զարգացմանը։ Հս․ շրջաններում հիմնականում մշակվել են հացահատիկ․ կուլտուրաներ, իսկ Ղարաբաղում նաև թթենի՝ հում մետաքս ստանալու համար։ Զարգացած էր ձիաբուծությունը․ ղարաբաղյան նժույգները մեծ պահանջարկ են ունեցել Պարսկաստանում։ Թաթար․ և քրդ․ վաչկատուն ցեղերը զբաղվել են անասնապահությամբ, որն արհեստավորներին ապահովել է բրդի, կաշվի հումքով, մորթիներով։

Գյուղատնտեսության համար կենսական նշանակություն է ունեցել արհեստական ոռոգումը։ Ջրօգտագործումը կարգավորելու համար մահալներում և գյուղերում նշանակվել են ջրբաշխներ։

Գյուղական համայնքն առանձին վարչ․ և տնտ․ միավոր էր, որի հիմն․ բջիջը ծուխն էր։ Ծուխը համայնքի հողօգտագործման, հարկերի ու պարտույթների բաշխման հարցերում ունեցել է որոշակի ինքնուրույնություն։ Համայնքի գլուխ կանգնած էր ընտրովի տանուտերը, իսկ հիմն․ հարցերը լուծվել են տարին երկու անգամ գումարվող գյուղ․ հավաքներում։ Համայնականները կատարել են պետ․ նշանակության կոռային աշխատանքներ։

Արհեստագործության հիմն․ կենտրոններն էին Երևանը, Նախիջևանը, Շուշին, Վաղարշապատը։ Վրաստանի արհեստավորության ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Գոյություն են ունեցել 100-ից ավելի արհեստներ, կապալով տրվող կաշեգործարաններ, ներկատներ։ Երևանում եղել են ապակու, վառոդի և թնդանոթաձուլական արհեստանոցներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Կողբի աղի հանույթին, որն արտածվել է և գանձարանին պատկառելի եկամուտ բերել։ Հայաստանի հս․ գավառները Ռուսաստանին միանալուց հետո հատուկ ուշադրության առարկա են դարձել Ալավերդու պղնձահանքերը, որոնք 1816-ից անցել են մասնավոր արդյունաբերողների ձեռքը։

Արհեստավորները միավորվել են համքարություններում, որոնց կանոնադրությունները հաստատել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Համքարության գլուխ կանգնած էր ընդհանուր ժողովում ընտրված վարպետաց վարպետը։ Աշխույժ առևտրի կենտրոններ էին Երևանը և Շուշին, որոնք կապվել են Թավրիզի, Թիֆլիսի, Բաքվի, Կարսի, Կարինի ու Բայազետի հետ և, տարանցիկ առևտրի կենտրոններ լինելուց բացի, արտահանել են մետաքս, չոր մրգեր, բուս․ յուղ, բամբակ, աղ, բրինձ, կաշեգործական իրեր, ձիեր ևն։ Գյուլիստանի հաշտության պայմանագրով (1813) սահմանված 5% մաքսը զգալիորեն ընդլայնել է առևտրական շրջանառությունը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ Հայ վաճառականական կապիտալը, չնայած ավատատիր․ անիշխանության և բռնակալների հարուցած խոչընդոտներին, առաջատար դեր է խաղացել Անդրկովկասում։ Երկրի ավատատիր․ մասնատվածության հետևանքով հարկային համակարգը խայտաբղետ էր։ Հարկերը գանձվել են դրամով և բնամթերքով։


Հայաստանի հս․ շրջաններում արքունի գյուղացիներից գանձվել է բնամթերային բահրա և դրամական հարկ։ Վերջինս գանձվել է նաև քաղաքացիներից։ Կալվածատիր․ գյուղացիները կատարել են նաև կոռ։ Ռուսաստանի տիրապետության սկզբ․ շրջանում այս համակարգը մնացել է անփոփոխ։

Ղարաբաղի խանությունում նստակյաց բնակչությունը հարկեր է վճարել նաև խանական պաշտոնյաների, ծառաների և զորքի վարձատրության համար։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Ռուս․ կայսրությունը, ելնելով իր քաղ․ և տնտ․ շահերից, գործնական քայլերի է դիմել Անդրկովկասը Ռուսաստանին միացնելու համար։ 1801-ին Արլ․ Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որին անցել են նաև մի շարք հայկ․ գավառներ։ 1804-ի սկզբին նվաճվել է Գանձակի խանությունը։ 1804-ին ցարը ձեռնարկել է երևանյան առաջին արշավանքը (տես Երևանյան արշավանքներ 1804, 1808, 1827), որով սկսվել է 1804_13-ի ռուս-պարսկ․ պատերազմը (տես Ռուս-պարսկական պատերազմներ)։ Այն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով։ 1813-ի հոկտ․ 12-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով Շաքիի, Շիրվանի, Բաքվի, Ղարաբաղի խանությունները, Դաղստանը, Վրաստանը և Շորագյալը ճանաչվել են ռուս․ տիրույթներ։

1826-ի հուլիսին պարսիկները ներխուժել են Փամբակ և Ղարաբաղ․ սկսվել է 1826_28-ի ռուս-պարսկ․ պատերազմը։ Շահական զորքերը գրավել են Ելիզավետպոլը, Շամախին, Նուխին և հարակից ընդարձակ տարածքներ։ Անձնատուր չի եղել միայն Շուշին՝ շնորհիվ ռուս․ կայազորի և հայ աշխարհազորայինների հերոս․ դիմադրության։ 1826-ի սեպտ․ հայազգի գեն․ Վ․Մադաթովի ջոկատը Շամխորի մոտ ջարդել է պարսիկներին և գրավել Ելիզավետպոլը։ Աշնան վերջին պարսիկները լիովին դուրս են մղվել ռուս․ տիրույթներից։

1827-ի ապրիլին ռուս․ առաջապահ զորքերը գրավել են Էջմիածինը և պաշարել Երևանի բերդը։ Բերդի պաշարումը թողնելով գեն․ Ա․ Կրասովսկու դիվիզիային՝ ռուս․ զորքերի գլխ․ հրամանատար գեն․ Պասկևիչը շարժվել է Նախիջևան և, հունիսին գրավելով այն, հուլիսի սկզբին Արաքսի աջ ափին, Ջևան_ Բուլաղի մոտ պարտության մատնել Աբբաս-Միրզային ու գրավել Աբբասաբադը։ Պարսկաստանը զինադադար է խնդրել։ Բանակցությունների ընթացքում, օգոստ․ սկզբին Աբբաս-Միրզան թևանցել է ռուս․ բանակը, գրավել Աշտա