ներին, իրականում ցարիզմը այն ուզում էր դարձնել գաղութ։ 1830_38-ին մարզի պետ գեն․ Բ․Բեհբութովը զգալի աշխատանք է կատարել մարզում ցար․ օրենքների հաստատման և կիրառման ուղղությամբ։ 1833-ի հունիսի 23-ի օրենքով Երևանի գավառը բաժանվել է Երևանի, Շարուրի, Սուրմալուի և Սարդարապատի օկրուգների, դրանց կառավարման համար նշանակվել են ռուս աստիճանավորներ։ Հարկերի ու տուրքերի գանձման համար ստեղծվել է առանձին վարչություն և հատուկ կոմիսարի պաշտոն։ Այս միջոցառումները կրել են ժամանակավոր բնույթ։ 1840-ի ապրիլի 10-ին Անդրկովկասում կազմվել են Վրացա-Իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ Հայկ․ տարածքներից առաջինի մեջ մտել են Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի և Ելիզավետպոլի գավառները, երկրորդի մեջ՝ Ղարաբաղը։ Վերացել է Հայկական մարզը․ երկրամասի վարչ․ նոր բաժանումով անտեսվել են ազգ․ առանձնահատկությունները։
1844-ին, Կովկասի փոխարքայության ստեղծումից հետո Անդրկովկասի մի շարք շրջաններում հիմնվել են քաղաքաց․ վարչություններ։ 1846-ի դեկտ․ 14-ի օրենքով կազմվել են չորս նահանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի և Դերբենդի։ Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի գավառները մտել են Թիֆլիսի, իսկ Ղարաբաղը՝ Շամախիի նահանգի մեջ։ Միայն 1849-ի հունիսի 9-ին Երևանի նահանգի ստեղծումով Արլ․ Հայաստանի մի զգալի մասն ամփոփվել է մեկ վարչ․ միավորի մեջ, և համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվել տնտ․ ու մշակութ․ զարգացման համար։ Երևանի նահանգի մեջ մտել են Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Օրդուբադի և Նոր Բայազետի գավառները։
1836-ին հաստատվել է հայ եկեղեցու ներքին կյանքը կարգավորող կանոնադրություն՝ «Պոլոժենիե□-ն, որով հայերը իրավունք են ստացել պահպանել մայրենի լեզուն և ազգ-կրոն․ առանձնահատկությունները։
Ցար․ իշխանությունը շահագրգռված էր Անդրկովկասում սոց․ նեցուկ ունենալու խնդրով։ 1836-ին Հայկ․ մարզի պետ Բ․ Բեհբութովը մշակել է մուլքադարների, թիուլդարների, բեկերի ու աղաների իրավունքները կարգավորող կանոնադրություն։ 1846-ի դեկտ․ 6-ի Նիկոլայ I-ի հրովարտակով, խաների, բեկերի և այլոց ժառանգ․ սեփականություն են ճանաչվել երկրամասը Ռուսաստանին միացվելու ժամանակ նրանց օգտագործման տակ գտնվող հողերը։ Դրանց վրա բնակվող գյուղացիները հողերից օգտվելու համար զանազան պարտադիր ծառայություններ են կատարել՝ հօգուտ կալվածատերերի։ 1847-ի ապրիլի 20-ի և դեկտ․ 28-ի կանոնադրություններով կալվածատիրական դարձած հողերի վրա ապրող գյուղացիները դրվել են գրեթե ճորտային կացության մեջ, իսկ նորաթուխ կալվածատիր․ դասն օժտվել է լայն իրավունքներով ու արտոնություններով։
Մինչև 1834-ը տուրքերը գանձվել են պարսկ․ տիրապետության ժամանակ գանձվող տուրքերի կեսի չափով, իսկ ներգաղթածները մինչև 1836-ը ազատվել են տուրքերից։ 1834-ին եկամուտների և պետ․ տուրքերի վարչության ստեղծումից հետո որոշվել է ամենուրեք գանձել գյուղատնտ․ արդյունքների 1/5 մասը․ հաստատվել են նաև դրամական տուրքեր։ 1836_42-ին կիրառված հարկային-կապալային կամ գույքային համակարգը փոխարինվել է դրամականով, որը մեծ դժգոհություն է առաջացրել։ Ըստ հարկային նոր համակարգի՝ Արլ․ Հայաստանի և մահմեդ․ շրջանների գյուղացիները ճանաչվել են պետ․։ Հաստատվել է համապարտ երաշխավորության սկզբունքը։
Ցար․ իշխանությունների վարած գաղութ․ քաղաքականության արտահայտություններից էր ռուս աղանդավոր գաղթականների (դուխոբորներ, իկոնոբորներ, մոլոկաններ) բնակեցումը Արլ․ Հայաստանում։ 1844-ից Լոռու, Սևանի, Զանգեզուրի շրջաններում, Ջավախքում, Ղարաբաղում հիմնվել են տասնյակ գյուղեր, որոնց տրամադրվել են լավորակ հողեր և տրվել զանազան արտոնություններ՝ առաջ բերելով տեղական բնակչության դժգոհությունը։
Գյուղացիության զանգվածային առաջին բողոքները և ելույթները տեղի են ունեցել 1837-ին, երբ Նիկոլայ I-ը այցելել է Հայկ․ մարզ։ Ցարի կարգադրությամբ ներգաղթածների արտոնաժամկետը երկարացվել է մինչև 1838-ը, բայց այս անգամ էլ նրանք հրաժարվել են տուրքեր վճարել։ Մեծ ծավալ են ընդունել Նոր Բայազետի 30 հայկ․ գյուղերում բռնկած հուզումները։ Գյոկչայի գավառամասի գյուղերի պայքարն աղալարների դեմ շարունակվել է մինչև 1870-ական թթ․ վերջը։ Մասնակի հաջողություններով սուր պայքար է ընթացել Զանգեզուրում։
Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաստանին նպաստել է երկրի տնտ․ զարգացմանը։ Ընդարձակվել են ցորենի, գարու, բամբակի ցանքատարածությունները։ Զարգացել է շերամապահությունը։ 1860-ական թթ․ վարձակալական ֆերմերական տնտեսություններ ստեղծելու փորձեր են արվել, ուշադրություն է դարձվել տեխ․ կուլտուրաների մշակության վրա։ Երկիրը դանդաղ, բայց անշեղորեն ներգրավվել է կապիտալիզմի ոլորտը։
Նպաստավոր պայմաններ են ստեղծվել արհեստների, արդ-յան, առևտրի զարգացման համար։ Թիֆլիսի համքարությունները, որոնց անդամների ճնշող մեծամասնությունը հայեր էին, եռանդուն դիմադրություն են ցույց տվել ռուս․ արդ․ արտադրանքի տարածմանը։ Այսուհանդերձ, 1865-ի ապրիլի 5-ի կանոնադրությամբ Թիֆլիսի 80 համքարություններից թողնվել են միայն 17-ը։ Պահպանված համքարությունները դրվել են ոստիկանական խիստ հսկողության տակ։ Թիֆլիսի քաղաքային ինքնավարության