հակահամքարական միջոցառումների դեմ 1865-ին բուռն ելույթ է տեղի ունեցել։ Սակայն կապիտալիզմի զարգացման պայմաններում համքարությունները դատապարտված էին քայքայման։
Արլ․ Հայաստանում հատկապես զարգացած էր լեռնարդյունաբերությունը։ Ցար․ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել Ալավերդու և Զանգեզուրի պղնձարդյունաբերությանը։ 1850-ական թթ․ մտցվել է ազատ վարձու աշխատանքի համակարգ։ Պղնձահանքերը կապալով տրվել են հայ, հույն, գերմանացի արդյունաբերողներին։ Աղի արտադրության հիմն․ կենտրոններն էին Կողբի, մասամբ՝ Նախիջևանի աղհանքերը։ Մինչև 1870-ի գյուղացիական ռեֆորմը աղհանքերի շահագործումն իրականացվել է մասնավոր կապալառուների կամ կառավարական մարմինների միջոցով։ 1868-ից այստեղ ևս սկսվել է կիրառվել ազատ վարձու աշխատանք։ Կապալային համակարգը լայնորեն օգտագործվել է զորքերի մատակարարման և պետ․ հիմնարկների համար շինությունների կառուցման գործում։ Առևտրի զարգացմանը մեծապես խթանել են ներքին մաքսային պատնեշների վերացումը, բնամթերային հարկման փոխարինումը դրամականով, տեխ․ կուլտուրաների ցանքատարածությունների ընդարձակումը։
Հիմնականում արտահանվել են գյուղատնտ․ մթերքներ։ Արտաքին առևտր․ կապերը բավական աշխույժ էին Պարսկաստանի և Թուրքիայի հետ։ Հայ վաճառականները առևտր․ կապեր են հաստատել նաև եվրոպ․ քաղաքների հետ՝ դրանով նպաստելով ամբողջ Անդրկովկասի տնտեսության զարգացմանը։ Առևտրի հիմն․ կենտրոններ էին Երևանը, Ալեքսանդրապոլը, Շուշին։
Արևմտյան Հայաստան։ Օսմ․ տիրապետության տակ գտնվող Արմ․ Հայաստանը վարչականորեն բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Բայազետի, Չըլդրի (Ախալցխայի), Դիարբեքիրի, Սվազի (Սեբաստիա) փաշայությունների, որոնք իրենց հերթին բաժանվել են գավառների, գավառները՝ գավառակների, գավառակները՝ գյուղախմբերի։
Հայկ․ Կիլիկիան բաժանված էր Ադանայի և Մարաշի փաշայությունների, Սասունը, Շատախը, Մոկսը, Սավուրը, Իսյանը, Խնուսը, Մանազկերտը, Զեյթունը, Ալբիստանը պահպանում էին կիսանկախ վիճակ։
Օսմ․ Թուրքիայում հողը պետ․ սեփականություն էր։ Պաշտոնյաներին և զինվորական ծառայություն կատարող մահմեդականներին իբրև վարձատրություն՝ ցմահ տրամադրվել են հողատարածքներ (խաս, զիամեթ, թիմար)։ Մզկիթներին և քրիստոնյա (հայկ․) եկեղեցիներին, վանքերին տրամադրվող հողերը՝ վակըֆները, տրվել են մշտնջենապես։ Եղել են նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։
Գյուղացիությունը իրավական առումով անձնապես ազատ էր, բայց քաղ․ լիակատար իրավազուրկ վիճակը ի չիք է դարձրել այդ ազատությունը։ Գյուղացիները մասնավոր օգտագործման իրավունքով համայնքից բաժնեհողեր են ստացել, իսկ հողազուրկ գյուղացիները՝ մարաբաները, հողը վերցրել և մշակել են կիսրարության պայմանով։
Արմ․ Հայաստանի մի շարք շրջաններում մեծ քանակությամբ հացահատիկ է արտադրվել, որը նաև արտահանվել է։ Բամբակի մշակությունը զարգացել է Կիլիկիայում, ծխախոտինը՝ Տրապիզոնի և Ադանայի փաշայություններում։ Դիարբեքիրում որոշակի զարգացման է հասել շերամապահությունը։ Աճեցվել են խաղողի, խնձորի, տանձի, ձիթապտղի և մերձարևադարձային այլ կուլտուրաների ընտիր տեսակներ։ Երկրի հվ․ շրջաններում վաչկատուն ցեղերի ներհոսքի հետևանքով լայն տարածում է գտել անասնապահությունը։
Օսմ․ կառավարության հարկային քաղաքականությունը «կազմակերպված կողոպուտ» էր։ Գլխ․ հողահարկը տասանորդն էր, որը հաճախ գանձվել է հացահատիկի բերքի 1/7-ի, 1/5-ի, նույնիսկ 1/4-ի չափով։ Քրիստոնյաներից գանձվել է նաև գլխահարկ, իսկ անշարժ կայքից՝ տների, խանութների, ջրաղացների, ձիթհանների ևնի համար՝ տնահարկ։ Հարկեր են գանձվել նաև ամուսնության, քրիստոնյաներին թաղելու թույլտվության, միրաբներին, գիշերապահներին վճարելու համար ևն։ Թեև հայ եկեղեցին և հոգևորականությունն ազատ են համարվել հարկերից, սակայն յուրաքանչյուր նորընտիր պատրիարք հաստատման հրամանը՝ ֆերմանը, ստանալու համար վճարել է որոշակի գումար, նույնը նաև նոր սուլթանի գահակալության կապակցությամբ։ Փաշաներն իրենց հերթին հարկման են ենթարկել վանքերը։
Արմ․ Հայաստանի տնտ․ կյանքում կարևոր դեր էին խաղում քաղաքները։ Հայ ստվար բնակչություն կար Կ․ Պոլսում, Զմյուռնիայում, Կեսարիայում, Ամասիայում և այլուր։ Քաղաքներում զարգացել է արհեստագործությունը։ Արհեստավորներն ու վաճառականները միավորված էին էսնաֆություններում։
Առևտուրը հիմնականում եղել է հայերի մենաշնորհը։ Տարանցիկ առևտրի ուղիների վրա գտնվող Կարին, Եվդոկիա, Մարաշ, Ադանա, Վան, Բաղեշ, Բայազետ քաղաքներն առևտր․ կապեր են ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի, եվրոպ․ երկրների հետ։ Երկրի տնտ․ և ֆինանս․ կյանքում շարունակել են կարևոր դեր խաղալ հայ ամիրաները։
Սուլթան․ կառավարության ազգ․ և կրոն․ հալածանքների քաղաքականությունը տարել է երկրի արտադրող․ ուժերի անկման, հայերի ֆիզ․ բնաջնջման՝ նպաստավոր հող ստեղծելով վաչկատուն անարտադրող․ ցեղերի տարածման և տիրապետության համար։
XIX դ․ 30-ական թթ․ Օսմ․ կայսրությունում տիրող ճգնաժամային կացությունը հարկադրել է իշխանություններին դրանից դուրս գալու միջոցներ փնտրել։ Որոշվել է բարենորոգումների ուղիով կասեցնել կայսրության քայքայումը, բարելավել վարչ․ կառավարման համակարգը, կանխել ճնշված հպատակ ժո