Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայաստանի», «Արծվի Վասպուրական», «Արծվիկ Տարոնո» պարբ-ները։ Ըստ նրանց՝ ազգ․ կենդանի լեզուն, գրակ-ը, պատմությունը, մանուկների հայեցի դաստիարակությունը, հնամենի բարքերն ու ավանդույթները, հայրենասիր․ գործերը, ժողովրդի լուսավորությունը՝ հայադավան եկեղեցու հետ միասին ազգի հարատևության և հայկ․ պետականության վերականգնման գրավականն են։ Նրանք հանդես են եկել համքարությունների, տեղական արդյունագործության և առևտրի շահերի պաշտպանությամբ, ողջունել են Զեյթունի 1862-ի հերոսամարտը, միջոցներ հանգանակել հօգուտ զեյթունցիների։

Երևելի մտավորականներ Ս․ Նազարյանը, Գ․ Արծրունին, Ն․ Զորայանը, Գ․ Օտյանը, Ն․ Ռուսինյանը, Սերվիչենը և ուր․ եղել են հայ հաս-քաղ․ կյանքը բուրժուականացնելու, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու և եվրոպ․ առաջադիմության ուղու վրա դնելու ջատագով։ Ժողովրդի ազգ․ ազատագրության և առաջադիմության միջոց համարել են բարեփոխումները, կարևորել լուսավորության, դպրոցի, լեզվի, գրակ-յան և գիտության զարգացումը։ Ս․ Նազարյանը Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» հանդեսը։ Գ․ Արծրունին հայ ժողովրդի ազատագրության հարցի լուծումը տեսել է հայ և ռուս զինակցության միջոցով արևմտահայերի թուրք․ լուծը թոթափելու մեջ։ Ն․ Ռուսինյանը, Գ․ Օտյանը և համախոհները լուսավորությունը համարել են տնտ․ հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտ․ անկախությունը, երկրագործության զարգացումը։


Հայ ժողովրդի ազատագրության առավել արմատական միջոցների կողմնակիցներն էին Մ․ Նալբանդյանը, Ս․ Ոսկանյանը, Հ․ Սվաճյանը, Ս․ Թագվորյանը, Մ․ Մամուրյանը և ուր․։ Մ․ Նալբանդյանը ձգտել է հայ դեմոկրատների ազգ-ազատագր․ պայքարը կապել ռուս․ գյուղաց․ հեղափոխության և եվրոպ․ ազգ-ազատագր․ հեղափոխությունների հետ, կարևորել է բռնատիրությունների դեմ պայքարի ընդհանուր ճակատ կազմելու խնդիրը։ Ջանացել է շաղկապել արևելահայ և արևմտահայ դեմոկրատ․ ուժերը, միասնական պայքարով սոց․ ազատագրության հասնելու համար։


Հ․ Սվաճյանը գտել է, որ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղ․ պայքարով կթոթափվի եվրոպ․ և ասիական բռնապետությունների լուծը։ Մ․ Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմն․ միջոց համարել է համաժող․ ապստամբությունը։ Նա Արմ․ Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։

1877_78-ի ռուս-թուրքական պատերազմը։ 1877-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռազմ․ գործողությունները մղվել են երկու ռազմաճակատներում՝ Բալկանյան և Կովկասյան։ Երկու ուղղություններում էլ ռուս․ բանակը վճռական հաջողությունների է հասել։ Կովկասյան ռազմաճակատում ռուս․ զորքերը հայկ․ կամավոր․ ջոկատների աջակցությամբ գրավել են Արմ․ Հայաստանի զգալի մասը, և երբ ռուս․ զորքերը Կ․ Պոլիսը գրավելու իրական սպառնալիք են ստեղծել, Թուրքիան հաշտություն է աղերսել (տես Ռուս-թուրքական պատերազմ 1877_1878)։

1878-ի մարտի 3-ին ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերը Բալկաններում և Անդրկովկասում․ Բուլղարիան հռչակվել է ինքնավար իշխանություն, Սերբիան, Չեռնոգորիան և Ռումինիան ստացել են անկախություն, Ռուսաստանին են անցել Հվ․ Բեսարաբիան, Բաթումը, Կարսը, Բայազետը և Արդահանը։

Ռուս․ և թուրք․ պատվիրակությունների միջև հաշտության բանակցությունների օրերին Կ․ Պոլսի հայոց պատրիարք Ն․ Վարժապետյանը դիմել է ռուս․ պատվիրակությանը՝ ստորագրվելիք հաշտության պայմանագրում Թուրքիայի կազմում արևմտահայերին որոշակի երաշխիքներ և իրավունքներ ընձեռելու խնդրանքով։ Չնայած թուրք․ կողմի դիմադրությանը, ռուս․ պատվիրակությանը հաջողվել է պայմանագրում մտցնել առանձին՝ 16-րդ հոդված, համաձայն որի, թուրք․ կառավարությունը պարտավորվել է հայերով բնակեցված նահանգներում (Արմ․ Հայաստանում) կենսագործել բարեփոխումներ և երաշխավորել նրանց անվտանգությունը։ Ընդ որում ռուս․ զորքերը վեց ամիս մնալու էին Արմ․ Հայաստանի գրաված տարածքներում, մինչև Թուրքիան կատարեր իր պարտավորությունները։

Սան Ստեֆանոյի պայմանագիրը չի բավարարել եվրոպ․ տերություններին, հատկապես Անգլիային և Ավստրո-Հունգարիային, որոնք էլ պահանջել են գումարել եվրոպ․ երկրների վեհաժողով՝ քննարկելու ռուս-թուրք․ պատերազմից հետո ստեղծված իրադրությունը։ Հայտնվելով եվրոպ․ պետությունների միասնական ճակատի առջև, Ռուսաստանը տեղի է տվել․ վեհաժողովի գումարման վայր է ընտրվել Բեռլինը։

Բեռլինի կոնգրեսը բացվել է 1878-ի հունիսի 1(13)-ին և տևել մեկ ամիս։ Ստորագրված պայմանագրի համաձայն, Բուլղարիայի հվ․ մասը մնացել է Թուրքիայի իշխանության տակ, սեղմվել են Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքները, Անդրկովկասում Ռուսաստանին միացվել են Կարսը, Արդահանը, Բաթումը, Թուրքիային է վերադարձվել Բայազետը։ Ռուսաստանը կրել է դիվանագիտական պարտություն։

Արևմտահայերի առավել սթափ տրամադրված շրջանները, ոչ մի լավ բան չսպասելով եվրոպ․ վեհաժողովից այդու