պատճառներով, պարտություն է կրել։ Շարժումն այդպես էլ չի ունեցել միասնական ղեկավարություն, կրել է տարերային, ցաք ու ցրիվ ելույթների բնույթ, ձեռք չի բերել դաշնակիցներ թուրքահպատակ մյուս ժողովուրդների մեջ ևն։ Հայերի հետ հաշվեհարդար տեսնելու Օսմ․ կայսրության վճռականությունը պայմանավորված էր ամենից առաջ Արմ․ Հայաստանն իր բնիկ ազգաբնակչությունից դատարկելու, Ռուսաստանի և եվրոպ․ պետությունների կողմից կայսրության ներքին գործերին միջամտելու համար Հայկ․ հարցը շահարկելու հնարավորությունը կանխելու ձգտմամբ։
Արևմտահայության եղերական ճակատագրի կանխագուշակներն են եղել Սասունի 1893_94-ի իրադարձությունները (տես Սասունի ապստամբություններ 1894, 1904)։ Սասունը հայ ազատագր․ պայքարի կենտրոններից էր, և վաղուց առաջ էր բերել թուրք․ իշխանությունների անհանգստությունը։ 1893-ին քրդ․ հրոսակները հարձակվել են Սասունի վրա, բայց հետ են շպրտվել։ Հաջորդ տարվա ամռանը Սասունի դեմ են ուղարկվել թուրք․ կանոնավոր զորքեր, որոնք, կոտրելով պաշտպանների դիմադրությունը, հողին են հավասարեցրել ավելի քան 40 հայկ․ գյուղ (կոտորել շուրջ 10 հզ․ հայ)։
Սասունի դեպքերից հետո մեծ տերությունների դեսպանները Կ․ Պոլսում մշակել և 1895-ի մայիսին Թուրքիայի կառավարությանն են հանձնել Արմ․ Հայաստանում անցկացվելիք բարեփոխումների ծրագիր (տես «Մայիսյան բարենորոգումներ» 1895)։ Թեև կառավարությունը ձևականորեն ընդունել է այդ ծրագիրը, սակայն իրականում մտադիր չի եղել այն կենսագործել։ Ավելին, օգտագործելով մեծ տերությունների միջև եղած հակասությունները, սուլթան Աբդուլ Համիդ II արագացրել է հայերին բնաջնջելու իր ծրագրի իրագործումը։
1895-ի աշնանից Արմ․ Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ վայրերում թուրք․ իշխանությունները կազմակերպել են հայերի զանգվածային կոտորածներ։ Ջարդերն իրագործել են կանոնավոր զորքերը, հատուկ ստեղծված քրդ․ «համիդիե» հեծելագնդերը, քրդերի և չերքեզների հրոսակները, մահմեդ․ մոլեռանդ ամբոխը։ Ծայրահեղ դաժանությամբ կոտորածներ են կազմակերպվել Կ․Պոլսում, Մարաշում, Տրապիզոնում, Բաբերդում, Սվազում, Վանում, Խարբերդում և այլուր։ Ջարդերը շարունակվել են նաև 1896-ին։ 1894_96-ի եղեռնին զոհ են դարձել շուրջ 300 հզ․ հայեր, տասնյակ հազարներ լքել են հայրենի տները և տարագրվել այլ երկրներ։
1894_96-ի ջարդերի ժամանակ արևմտահայ և արևելահայ հաս․ շրջանները քանիցս դիմել են եվրոպ․ տերություններին՝ խնդրելով հարկադրել սուլթան․ կառավարությանը դադարեցնելու հայերի կոտորածները։ Սակայն մեծ տերությունները վճռական քայլերի չեն դիմել։ Թուրք․ իշխանությունների ոճրագործությունը դատապարտել են միայն մի շարք անվանի հաս․ գործիչներ, մշակույթի ներկայացուցիչներ՝ Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Լինչը, Ժան Ժորեսը և ուր․ (տես Հայկական կոտորածներ 1894_ 1896)։
Հայաստանը XX դ․ սկզբին։ Արեվելյան Հայաստանի արդ-յան հիմն․ ճյուղերն էին պղնձի արդ-ը, կոնյակի, սպիրտի և գինու արտադրությունը։ 1913-ին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 17 %-ը։ Արդ-յան այդ ճյուղի կենտրոններն էին Ալավերդին և Կապանը։ Ավելացել է գինու և կոնյակի արտադրությունը, որի շուրջ 80 %-ը արտահանվել է։ Գործել են սննդի մի քանի ձեռնարկություններ և մեծաթիվ տնայնագործ․ արհեստանոցներ։ 1912-ին Երևանի նահանգում կար 2307 արդ․ ձեռնարկություն։ Արդ-յան զարգացմանը խթանել է երկթղ․ շինարարությունը։ 1901-ին Թիֆլիս_Ալեքսանդրապոլ գիծը շարունակվել է մինչև Երևան, իսկ 1908-ին՝ Ջուլֆա։ Մինչև առաջին աշխարհամարտը կառուցվել է մի քանի կարևոր խճուղային ճանապարհ։
Արդ-յան զարգացումը նպաստել է քաղաքային բնակչության աճին։ 1910-ի տվյալներով Երևանում բնակվել է 32 հզ․ (1897-ին՝ 29 հզ․), Շուշիում՝ 42 հզ․ (31 հզ․), Ալեքսանդրապոլում՝ 35 հզ․ (32 հզ․) մարդ։
Տնտեսության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Գյուղում շարունակվել է նահապետ․ հարաբերությունների քայքայման և ապրանքային հողագործության զարգացումը։ Խորացել է գյուղացիության շերտավորումը։ Սակավահող կամ հողազուրկ գյուղացիների մի մասը բռնել է պանդխտության և արտագնացության ուղին (միայն 1913-ին Երևանի նահանգից գաղթել է շուրջ 49 հզ․ մարդ)։
XX դ․ սկիզբը Արլ․ Հայաստանում նշանավորվել է հաս-քաղ․ կյանքի վերելքով։ Հայ ժողովուրդը վճռականորեն հանդես է եկել ցարիզմի մեծապետական քաղաքականության դեմ, արձագանքել առաջին ռուս․ հեղափոխության (1905_ 07) իրադարձություններին։ Աշխուժացել է հայ քաղ․ կուս-ների գործունեությունը։ Գործել են նաև XIX դ․ վերջին ձևավորված Ռուսաստանի սոց-դեմոկրատ․ բանվորական կուս-յան տեղական բջիջները՝ խմբակներ և կազմակերպություններ, որոնք հիմնվել են գերազանցապես Անդրկովկասի արդ․ կենտրոններում։ Արլ․ Հայաստանի հաս-քաղ․ կյանքի առավել խոշոր իրադարձությունը հայ ժողովրդի 1903-ի հուժկու ելույթն էր ցար․ ինքնակալության ազգ․ քաղաքականության դեմ։ 1903-ի հունիսի 12-ին ցար․ կառավարությունը ընդունել է օրենք, համաձայն որի, հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող գույքը բռնագրավվում էր և անցնում պետության տնօրինությանը (տես Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903)։
Օրենքը հանդիպել է հայ բնակչու