Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան խիստ դիմադրությանը։ 1903-ի հուլիս-սեպտ․ Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Շուշիում, Ելիզավետպոլում, Բաքվում և այլուր տեղի են ունեցել բազմամարդ հանրահավաքներ, ցույցեր, որոշ վայրերում՝ ընդհարումներ ոստիկանության և զորքերի հետ։ Ժողովրդի ելույթը ձեռք է բերել համազգ․ շարժման բնույթ։ Շարժման ճնշման տակ 1905-ի օգոստ․ 1-ին ցարը ստորագրել է եկեղեց․ գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը։

1905_07-ի ռուս․ հեղափոխության դեպքերն Արլ․ Հայաստանում արձագանքվել են մի շարք արդ․ ձեռնարկություններում։ Գործադուլներ են տեղի ունեցել Ալավերդու հանքերում և գործարաններում, Շուստովի և Սարաջևի գինու գործարաններում, Կապանի հանքերում և այլ գործարաններում։ Գործադուլային շարժումը թուլացել է իշխանությունների հրահրած հայ-թաթար․ ընդհարումների պատճառով։ Անդրկովկասի մի շարք վայրերում՝ Ելիզավետպոլում, Շուշիում, Բաքվում, Նախիջևանում, Երևանում և այլուր հայ բնակչությունը դիմել է ինքնապաշտպանության, որը գլխավորել են հայտնի հայդուկապետներ Համազասպը, Նիկոլ Դումանը, Վարդանը և ուր․։

Թեև ռուս․ հեղափոխությունը պարտություն է կրել, սակայն Ռուսաստանի քաղ․ կյանքում լուրջ փոփոխություններ են կատարվել։ Երկրում ձևավորվել և գործունեություն են ծավալել տարբեր քաղ․ կուս-ներ։ Ստեղծվել է իշխանության ընտրովի, ներկայացուցչական մարմին՝ Պետական դումա։ Առաջին Պետ․ դումայի (1906)՝ Արլ․ Հայաստանից ընտրված պատգամավորները իշխանություններից պահանջել են քննել հայ-թաթար․ ընդհարումների պատճառները և հետևանքները։ Երկրորդ Պետ․ դումայի (1907) հայ պատգամավորներ Հ․ Աթաբեկյանը և Ս․ Զուրաբյանը հանդես են եկել Անդրկովկասում զեմստվոներ ստեղծելու օգտին։ Երրորդ Պետ․ դումայի (1907_12) հայ պատգամավորն է եղել ՀՀԴ անդամ Հ․ Սաղաթելյանը։ Չորրորդ Պետ․ դումայի (1912_17) հայ պատգամավոր Մ․ Պապաջանյանը ձգտել է համոզել կառավարությանը Արմ․ Հայաստանում բարեփոխումներ իրագործելու անհրաժեշտության մասին։

Արեվմտյան Հայաստանում XX դ․ սկզբին թուրք․ իշխանությունները շարունակել են վարել սոց․ և ազգ․ դաժան քաղաքականություն։ Հայությունը մշտապես գտնվել է ֆիզ․ հաշվեհարդարի, նոր կոտորածի վտանգի ներքո։ Նման պայմաններում շարունակվել է արևմտահայերի ազատագր․ պայքարը, որի առավել խոշոր արտահայտությունն էր Սասունի 1904-ի ապստամբությունը։

1908-ին Թուրքիայում տեղի է ունեցել պետ․ հեղաշրջում։ Իշխանության գլուխ է անցել «Միասնություն և առաջադիմություն» (երիտթուրքեր) ազգայնական կուս-ը։ Գրավելով սուլթան․ վարչակարգի նկատմամբ ընդդիմադիր դիրք՝ երիտթուրքերը առաջ են քաշել օսմանիզմի տեսությունը, որը կոչված էր պահպանելու Օսմ․ կայսրության ամբողջականությունը, հեռանկարում՝ իրագործելու ոչ մահմեդ․ ժողովուրդների ձուլումը։

Պայքարելով իշխանության համար՝ երիտթուրքերը ձգտել են համախմբել կայսրության բոլոր ընդդիմադիր ուժերը, խոստացել քաղ․ իրավունքներ տալ ոչ թուրք ժողովուրդներին։ Սակայն գրավելով իշխանությունը, երիտթուրքերը ոչ միայն հրաժարվել են այդ խոստումներից, այլև իրագործել հայերին վերացնելու իրենց հրեշավոր ծրագիրը։ 1909-ի գարնանը կազմակերպել են Կիլիկիայի հայ բնակչության կոտորածը (տես Ադանայի կոտորած 1909), որին զոհ է գնացել 30 հզ․ մարդ։

1912-ին սկսվել է առաջին Բալկանյան պատերազմը․ Թուրքիայի դեմ պատերազմել է Բուլղարիայից, Սերբիայից, Չեռնոգորիայից և Հունաստանից կազմված բալկանյան երկրների կոալիցիան։ Բուլղ․ զորքերի կազմում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի գլխավորությամբ մարտնչել է հայկ․ կամավոր․ վաշտը (260 մարտիկ) (տես Բալկանյան պատերազմներ 1912_1913)։

Պատերազմում Թուրքիայի պարտությունն առիթ է հանդիսացել Հայկ․ հարցի վերաբացման համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Տփղիսեցին դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով աջակցել Հայկ․ հարցի լուծմանը, Արմ․ Հայաստանում բարենորոգումներ իրագործելուն։ Ռուսաստանի կառավարությունը, ելնելով իր քաղ․ շահերից, 1913-ի հունիսին առաջադրել է բարենորոգումների ծրագիր (տես Հայկական բարենորոգումներ 1912_1914), համաձայն որի, Արմ․ Հայաստանի վեց նահանգներ՝ Վանը, Էրզրումը, Բիթլիսը, Դիարբեքիրը, Սվազը (Սեբաստիա) և Խարբերդը պետք է կազմեին մեկ վարչ․ միավոր՝ Հայկ․ մարզ։ Մարզի կառավարչին՝ քրիստոնյա-նահանգապետին, նշանակելու էր թուրք․ կառավարությունը՝ եվրոպ․ տերությունների համաձայնությամբ։ Սակայն Թուրքիան մերժել է այդ ծրագիրը։ Իսկ Ռուսաստանը շարունակել է ճնշում գործադրել։ Բանակցությունները ավարտվել են 1914-ի հունվ․ 26-ին ստորագրված համաձայնագրով, որով թուրք․ կառավարությունը պարտավորվել է իրագործել Արմ․ Հայաստանում վարչ․, ագրար․, դատ․ և այլ բարենորոգումներ։ Դրանց իրագործման նկատմամբ ընդհանուր հսկողությունը դրվում էր Ռուսաստանի վրա։ Սակայն թուրք․ կառավարությունը չիրագործեց նաև այդ չափավոր ծրագիրը։ 1914-ի ամռանը, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիան չեղյալ հայտարարեց համաձայնագիրը։


Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատերազմը սկսվել է 1914-ի հուլիսի 19 (օգոստ․ 1)-ին։ Պայքարելով նոր գաղութների և շուկաների տիրելու համար՝ եվրոպ․ պետությունները պատերազմից շատ առաջ ստեղծել էին հակադիր երկու խմբավորում՝ Քառյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հուն