Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հունվ․ գավառի միջին շերտը հայտարարվել է «չեզոք գոտի» (տես Լոռու «չեզոք գոտի») և Անգլիայի վերահսկողությամբ հաստատվել գեներալ-նահանգապետություն։

Աստիճանաբար ամրապնդվել է ՀՀ միջազգ․ դրությունը։ Դիվանագիտ․ հարաբերություններ են հաստատվել մի շարք երկրների (Իրան, Վրաստան, Բուլղարիա, Խորհրդ․ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Իտալիա, Շվեյցարիա ևն) հետ։ 1920-ի հունվ․ Անտանտի երկրների Գերագույն խորհուրդը ճանաչել է ՀՀ։


ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հիմնականը Հայկ․ հարցի լուծմանն ուղղված ջանքերն էին։ Խնդրի իրագործումը կառավարությունը կապել է Անտանտի օգնության հետ։ 1919-ի փետր․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Փարիզի հաշտության կոնֆերանս է ուղարկել պատվիրակություն՝ Ա․ Ահարոնյանի գլխավորությամբ։ Այստեղ էր արդեն նույն նպատակին հետամուտ հայ ազգ․ պատվիրակությունը՝ հաս-քաղ․ գործիչ Պողոս Նուբարի գլխավորությամբ։ Սակայն երկու պատվիրակությունների ջանքերը համատեղել չի հաջողվել, և կոնֆերանսում միաժամանակ գործել է երկու հայկ․ պատվիրակություն։ Այստեղ ներկայացված «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը» պատշաճ արձագանք չի գտել։ Հայաստանի համար դրական նշանակություն են ունեցել կոնֆերանսի միայն երկու՝ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու (1919-ի մայիսի 14) և ՀՀ դե-ֆակտո ճանաչելու մասին (1920-ի հունվ․ 19) որոշումները։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը, հարցի երկարատև քննարկումից հետո մերժել է ԱՄՆ-ի նախագահ Վ․ Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը ընդունելու վերաբերյալ։ Թուրքիայի հետ հաշտության պայմանագիրը մշակվել է 1920-ի ապրիլին կայացած Սան Ռեմոյի կոնֆերանսում, որը ստորագրվել է օգոստ․ 10-ին, Սևրում։ ՀՀ անունից պայմանագիրը ստորագրել է Ա․ Ահարոնյանը։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն, Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես «ազատ և անկախ պետություն», Թուրքիան և Հայաստանը համաձայնվում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը, Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով։ Ապագա Հայաստանի ընդհանուր տարածքը կազմելու էր 160 հզ․ կմ 2։

Սակայն Սևրի պայմանագիրը չիրագործվեց։ Թուրքիայում իշխանության գլուխ եկած քեմալականները պայքարեցին դրա դեմ՝ հմտորեն օգտագործելով միջազգ․ նոր իրադրությունը, ի վերջո հասան պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։

Բարդ են զարգացել նաև ՀՀ-յան և Խորհրդ․ Ռուսաստանի փոխհարաբերությունները։ Ձգտելով Հայաստանն անջատել Անտանտից՝ Խորհրդ․ Ռուսաստանի դիվանագիտությունը խաղարկել է «թուրքական քարտը», պատրաստակամություն արտահայտել միջնորդել հայ-թուրք․ հարաբերությունները կարգավորելու խնդրում։ 1920-ի մայիսին Մոսկվայում ՀՀ-յան և Խորհրդ․ Ռուսաստանի պատվիրակությունների միջև (տես Շանթի առաքելություն 1920) բանակցությունները մտել են փակուղի։ Պաշտպանության տակ վերցնելով 1920-ի ապրիլին խորհրդայնացված Ադրբեջանը և օգնելով նրան՝ Խորհրդ․ Ռուսաստանը ռազմ․ գործողություններ է ծավալել իր անկախությունը պահպանող Հայաստանի դեմ և գրավել Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը։ 1920-ի օգոստ․ ՀՀ և Խորհրդ․ Ռուսաստանի միջև Թիֆլիսում ստորագրված համաձայնագրով այդ տարածքները ժամանակավորապես մնացել են ռուս․ բանակի հսկողության ներքո, մարտական գործողությունները դադարեցվել, Խորհրդ․ Ռուսաստանը ճանաչել է ՀՀ անկախությունն ու ինքնուրույնությունը (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 օգոստոսի 10)։ Բանակցությունները շարունակվել են Երևանում, ռուս․ պետ․ գործիչ Բ․ Լեգրանի հետ։

1918_20-ին ՀՀ դժվարին խնդիրներից էր Ղարաբաղը․ թշնամական հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորված էին հիմնականում Ղարաբաղի (Արցախ), Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններով։ Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության փլուզումից հետո իշխանությունը Լեռնային Ղարաբաղում գտնվել է տեղական Հայոց ազգ․ խորհրդի ձեռքին։ Արցախի հայ բնակչությունը փաստորեն ձեռք է բերել ինքնավարություն և ձգտել վերամիավորվել ՀՀ հետ։ Նույն ժամանակ մուսավաթական Ադրբեջանը ջանքեր է գործադրել երկրամասը գրավելու համար։ Մինչև 1920-ի ապրիլն Ադրբեջանի կառավարությունը քանիցս առաջարկել է Ղարաբաղի Հայոց ազգ․ խորհրդին՝ ենթարկվել Ադրբեջանի իշխանությանը, սակայն ստացել է վճռական մերժում։ Նման պայմաններում ադրբ․ զորքերը և նրանց դաշնակից թուրք․ զավթիչները բազմիցս հարձակվել են Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի վրա, սակայն ղարաբաղցիները հետ են շպրտել թշնամուն։ 1920-ի մարտին մուսավաթական բանդաները և մոլեռանդ ամբոխը սրի են քաշել Ղարաբաղի կենտրոն Շուշիի հայ բնակչությանը, հրդեհել քաղաքի հայկ․ թաղամասերը։

Ադրբեջանում խորհրդ․ իշխանություն հաստատելուց հետո, 1920-ի մայիսին Խորհրդ․ Ռուսաստանի զորամասերը մտել են Ղարաբաղ և այստեղ ևս հաստատվել են խորհրդ․ կարգեր։

Գործարքի մեջ մտնելով Խորհրդ․ Ռուսաստանի հետ և ապահովելով նրա չեզոքությունը՝ 1920-ի սեպտ․ քեմալական Թուրքիան ռազմ․ գործողություն