տականության ստեղծման, սոց-տնտ․ հարաբերությունների արմատական վերափոխումների, հասարակության ժողովրդավար․ հիմունքների հաստատման շրջան։ Աճեց ազգի համախմբմանը նպաստող գործոնների նշանակությունը։ Հայ առաքելական եկեղեցին ուժեղացրեց իր գործունեությունը Հայաստանի և սփյուռքահայության միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։ Նկատվեց որոշ մերձեցում Մայր աթոռ Ս․ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միջև։ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի մահից (1994) հետո, 1995-ի ապրիլին նոր կաթողիկոս ընտրվեց Գարեգին Ա (վախճանվել է 1999-ի հունիսի 29-ին)։ 1999-ի մայիսի 30-ին կայացած ԱԺ ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը (Հայաստանի հանրապետական կուս․ և Հայաստանի ժողովրդ․ կուս․)։ ԱԺ-ում տեղեր ստացան ՀԿԿ, ՀՀԴ, ԱԺՄ, «Օրինաց երկիր» կուս-ները, «Իրավունք և միաբանություն» դաշինքը։ ԱԺ նախագահ ընտրվեց Կ․ Դեմիրճյանը (զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ), այնուհետև Ա․Խաչատրյանը։ Կազմվեց նոր կառավարություն վարչապետ Վ․ Սարգսյանի (զոհվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ), ապա նրա եղբոր՝ Ա․Սարգսյանի գլխավորությամբ։
ՀՀ արտաքին քաղաքականությունը 1990-ական թթ․ սկզբին արձանագրել է որոշ հաջողություններ։ Դեռևս 1991-ին ՀՀ ճանաչել են Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ, ինչպես նաև Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներ։ Մի շարք պետությունների հետ դիվանագիտ․ հարաբերություններ են հաստատվել դեսպանությունների մակարդակով․ 1999-ին հանրապետությունը դեսպաններ է ունեցել աշխարհի 26 երկրներում, իսկ 14-ում՝ համատեղությամբ։ Հայաստանում իրենց դեսպանություններն են բացել 17 պետություններ։ 1992-ին ՀՀ դարձել է ՄԱԿ-ի անդամ, ընդունվել մի շարք հեղինակավոր միջազգ․ կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԵԱՀԿ, Միջխորհրդարանական միություն ևն) մեջ։ Հանրապետությունն անդամակցում է ԱՊՀ միջպետ․ կառույցներին։
Սակայն ՀՀ արտաքին քաղաքականության հիմն․ խնդիրը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումն է։ Հիմնախնդիրը կանխորոշում է Հայաստանի հարաբերությունները ոչ միայն տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի, այլև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ պետությունների, ինչպես և ճգնաժամի կարգավորումով զբաղվող միջազգ․ կազմակերպությունների հետ։ Բոլոր մակարդակներով տարվող բանակցություններում Հայաստանը մշտապես հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչելու առաջարկով, պաշտպանում արցախահայության ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը։
1991-ի օգոստոսյան խռովությունից հետո, ԽՍՀՄ փլուզման պայմաններում, ղարաբաղյան ճգնաժամը մտավ նոր փուլ։ 1991-ի օգոստ․ 30-ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին։ Օգտագործելով իր սահմանադր․ իրավունքները՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը և հայաբնակ սահմանակից Շահումյանի շրջանը 1991-ի սեպտ․ 2-ին հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ստեղծումը։ Դեկտ․ 10-ին Արցախում կայացավ հանրաքվե, որի ընթացքում բնակչության 98,9 %-ը արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օգտին։ 1991-ի վերջին տեղի ունեցան ԼՂՀ ԳԽ ընտրությունները։ 1992-ի հունվ․ 5-ին կազմավորվեց ԼՂՀ խորհրդարանը։ ԳԽ նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։
1991-ի 2-րդ կեսից և հատկապես Ադրբեջանում Ազգ․ ճակատի իշխանության գլուխ անցնելուց հետո (1992) Ադրբեջանը ընդլայնեց մարտ․ գործողությունները Արցախի դեմ՝ գործի դնելով ռուսաստանյան բանակից ստացված զենքը։ Արցախի բնակավայրերը ենթարկվեցին հրետանահրթիռակոծության, օդուժի հարձակման։ Երբ ադրբ․ զորքերը ձեռնամուխ եղան Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների հայկ․ գյուղերի բնակչության բռնի տեղահանմանը, Արցախի իշխանությունները որոշում ընդունեցին ինքնապաշտպանության ջոկատներ կազմավորելու մասին։ 1992-ի փետր․ այդ ջոկատները միավորվեցին միասնական հրամանատարության ներքո, և ստեղծվեց ԼՂՀ ինքնապաշտպանության բանակը։
ԼՂՀ ինքնապաշտպան․ բանակը, դիմագրավելով ադրբ․ բանակի հարձակումներին, անցավ ակտիվ գործողությունների և 1992-ի մայիսին ազատագրեց Շուշին, գրավեց Լաչինը, ստեղծեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցք։ 1993-ի հունիսին ԼՂՀ բանակը ազատագրեց Մարտակերտի շրջանը, իսկ հետո, ձգտելով հանրապետության տարածքը վտանգազերծել հրետանու և հրթիռային կայանքների գնդակոծություններից, դուրս մղեց ադրբ․ զորքերին մի քանի սահմանակից շրջաններից։
1992-ի մարտից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ստացավ միջազգ․ բնույթ։ Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը ձգտեցին իրենց նպատակների համար օգտագործել Թուրքիան, Իրանը, ԱՄՆ։ Թուրքիան բացահայտ հայտարարեց Ադրբեջանին օժանդակելու մասին և միացավ Հայաստանի շրջափակմանը։
Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվել է և ՄԱԿ-ը։ Տակավին 1991-ի մարտին