Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկել է Արցախի հայ բնակչության ազատությունների ոտնահարման հարցը։ 1992-ի մայիսին Լեռնային Ղարաբաղ է այցելել Անվտանգության խորհրդի հանձնաժողովը, իսկ հունիսի 22-ին խորհուրդը ընդունել է բանաձև՝ արտահայտելով անհանգստություն Ղարաբաղում շարունակվող արյունահեղության կապակցությամբ։
Ակտիվացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհուրդը (ԵԱՀԽ, հետագայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտե՝ ԵԱՀԿ)։ Ութ երկրների ներկայացուցիչներից ստեղծվել է հատուկ խումբ, որի գումարած խորհրդակցություններում ՀՀ հետևողականորեն պաշտպանում է Արցախի շահերը։ Այդ հետևողականությունը, ԼՂՀ բանակի հաջողությունները հարկադրեցին Ադրբեջանին բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ ներկայացուցիչների հետ։
ՀՀ և Լեռնային Ղարաբաղն առաջ են քաշել ռազմ․ գործողությունների դադարեցման, հայ բնակչության անվտանգության գործուն երաշխիքների ապահովման, Ադրբեջան_ԼՂՀ հակամարտության բոլոր խնդիրների լուծման համալիր ծրագիր։ ԼՂՀ ղեկավարվում է համաշխ․ հանրության կողմից ճանաչում ստացած ազգերի ինքնորոշման իրավունքով, իսկ Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով։ Հայաստանի Հանրապետությունը համաձայն կլինի ցանկացած որոշման, որն ընդունելի կլինի ԼՂՀ-ի համար։
1994-ի մայիսին հաջողվել է հաստատել զինադադար, որը գործում է մինչև օրս (1999)։ ՀՀ հանդես է գալիս տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման, հիմնախնդրի լուծման շուրջ բանակցությունները շարունակելու օգտին։ Այդ են փաստում ՀՀ նախագահ Ռ․ Քոչարյանի հանդիպումները (1999-ի ընթացքում) Ադրբեջանի նախագահ Հ․ Ալիևի հետ։
Սփյուռքահայության պատմությունը հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է։ Պատմ․ ճակատագրի բերումով, վաղ միջնադարից սկսած հայ ժողովուրդը ստիպված լքել է հայրենիքը և կյանքի տանելի պայմաններ որոնել օտար երկնքի տակ։ Հայաստանի նվաճումը օտարերկրյա զավթիչների կողմից, ազգ․ պետականության կորուստը և երկրում հաստատված անողոք կեղեքումը, ազգ․ ճնշումը, կրոն․ հալածանքները հայերի՝ արտագաղթի դիմելու հիմնական պատճառներն էին։ Հայ բնակչության մի մասն էլ բռնի է տեղահանվել Հայաստանից․ դեռևս IV դ․ Պարսից Շապուհ II արքան բազմահազար հայերի գերեվարել է Իրան (նույնը կրկնել է շահ Աբբաս I-ը 1604_05-ին՝ գերեվարելով շուրջ 200 հզ․ հայերի), իսկ Բյուզանդիայի կայսրերը IV_XIII դդ․ ընթացքում հայերին պարբերաբար բռնագաղթեցրել են Բալկանյան թերակղզու տարբեր շրջաններ։ Հայերի տարածման շառավիղը, աստիճանաբար լայնանալով և մեծանալով, ընդգրկել է ոչ միայն հարևան Վրաստանը, Իրանը, Բյուզանդիան, այլև հեռավոր Կիևյան Ռուսիան, Լեհաստանը, Ղրիմը, Ուկրաինան, Բուլղարիան, Մոլդովան, Հունգարիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքի երկրները։ Կիլիկիայի Հայկ․ թագավորության անկումից (XIV դ․) հետո մեծ թվով հայեր հաստատվել են Կիպրոսում, Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր։ XVII_ XVIII դդ․ հայերը տարածված էին Հս․ Աֆրիկայում, Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելքում, Կենտր․ և Հվ․ Ասիայում, Եվրոպայում։ XIX դ․ հիմնականում Արմ․ Հայաստանից, որտեղ անտանելի էին դարձել թուրք․ ճնշումներն ու ջարդերը, սկսվել է հայերի արտագաղթը դեպի Հս․ և Հվ․ Ամերիկա։ Հայ սփյուռքը մեծապես ստվարացել է, և առավել ծավալվել է նրա քարտեզը Մեծ եղեռնից ու Կիլիկիայի հայաթափումից (1915_23) հետո, շուրջ 800 հզ․ գաղթականներ լրացրել են արդեն գոյություն ունեցող գաղութները և կազմավորել նորերը։
Երկրորդ համաշխ․ պատերազմից հետո սփյուռքի տարածքային կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք պայմանավորված էին քաղ․ հանգամանքներով։ 1952-ի հեղափոխությունը Եգիպտոսում, երկարատև քաղաքաց․ պատերազմը Լիբանանում (1975-ից), Կիպրոսի մի մասի զավթումը Թուրքիայի կողմից (1974), իսլամական հեղափոխությունը Իրանում (1979), 1980_88-ի իրանա-իրաքյան պատերազմը պատճառ են դարձել նշված երկրներից բազմաթիվ հայերի արտագաղթի։ Նրանք հաստատվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրալիայում և այլուր։ 1980-ական թթ․ վերջին _ 1990-ական թթ․ սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով հայ փախստականների ալիքը հորդել է նաև Ռուսաստան, Միջին Ասիա, Եվրոպայի որոշ երկրներ, ԱՄՆ։ 1990-ական թթ․ սկզբից նկատելի չափեր է ընդունել հայերի արտագաղթը ավերիչ երկրաշարժից տուժած, շրջափակման մեջ գտնվող, տնտ․ ճգնաժամ ապրող Հայաստանից։ 1999-ին արդեն խոշորագույն հայ համայնքներ գոյություն ունեին Ռուսաստանում (շուրջ 1,8 մլն մարդ), ԱՄՆ-ում (շուրջ 1 մլն), Վրաստանում (430 հզ․), Ֆրանսիայում (400 հզ․), Իրանում (160 հզ․), Սիրիայում (շուրջ 100 հզ․), Լիբանանում (120 հզ․), Կանադայում (65_70 հզ․), Ավստրալիայում (35_40 հզ․)։
Օտար երկրներում հաստատված հայերը հանդիպել են մեծ դժվարությունների ու զրկանքների, հայտնվել իրավազուրկ վիճակում, ապրել առանց գոյության միջոցների։ Սակայն դրսևորել են