Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լեռան, Հաճնի, Ապարանի (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), Վան-Վասպուրականի (ճարտ․ Ջ․ Թորոսյան) և այլ հուշակոթողները։

Մայրաքաղաքի բնակչության աճին համընթաց վերակազմվել է նրա գլխ․ հատակագիծը (ճարտ-ներ՝ Մ․ Մազմանյան, Է․ Պապյան, Գ․ Մուրզա, Ց․ Չախալյան)։ Վերակազմվել են նաև Կիրովականի (ճարտ-ներ՝ Ռ․ Բոշյան, Ա․ Վարդանյան, Ա․ Ղուկասյան), Դիլիջանի (ճարտ․ Ռ․ Գրիգորյան) գլխ․ հատակագծերը։ Առանձին մասերի մանրամասն նախագծերով իրականացվել են Կիրովականի (ճարտ-ներ՝ Մ․ Գնունի, Մ․ Փարսյան, Մ․ Սաֆրաստյան), Հրազդանի (ճարտ-ներ՝ Մ․ Միքայելյան, Գ․ Գրիգորյան, Մ․ Մարգարյան), Չարենցավանի (ճարտ-ներ՝ Ա․ Միրիջանյան, Մ․ Սաֆրաստյան) գլխ․ հատակագծերը։ Վերակառուցվել է Լենինականի կենտրոնը (ճարտ-ներ՝ Ժ․ Շեխլյան, Ա․ Մկրտչյան, Հ․ Տիգրանյան)։ Ա․ Թարխանյանի, Լ․ Չերքեզյանի, Հ․ Պողոսյանի և Ս․ Խաչիկյանի կազմած գլխ․ հատակագծով կառուցապատվել է Աբովյան քաղաքը։ Խոշոր աշխատանքներ են իրականացվել քաղաք․ երթուղիների կատարելագործման, տարբեր մասերի միջև կապը դյուրացնելու ուղղությամբ (ճարտ․ Կ․ Անանյանի՝ էստակադով ուղանցույցը Երևանում ևն), որի բարձրակետն է մետրոպոլիտենի շին-ը, վերգետնյա և ստորգետնյա կայարաններով, որոնց ճարտարապետությունը, նորամուտ թեմա լինելով, իր մարմնավորումն է ստացել տարբեր (արդիական և ավանդ․) լուծումներով։ Ստորգետնյա ճարտ-յան շարքը լրացվել է նաև անցումներով՝ Աբովյան փողոցի և Մաշտոցի պողոտայի տակ՝ վաճառատներով (ճարտ-ներ՝ Է․ Արևշատյան, Ս․ Դավթյան)։


ՀՀ անկախացումից հետո հայ ճարտ․ միտքը կանգնել է նոր խնդիրների առջև․ մշակվում են քաղաքների նոր գլխ․ հատակագծեր, ներթափանցված արտասահմ․ տարբեր ճարտ․ ոճերին հակադրվում են ազգ․ մտածելակերպի արդեն մշակված ձևերն ու զարգացման նոր որոնումները։ Կառուցվում են բնակելի, առևտր․ շենքեր, հյուրանոցներ ևն, ինչպես և եկեղեցիներ [դրանց թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը Երևանում (ճարտ․ Ս․ Քյուրքչյան)]։ Տես նաև Ճարտարապետություն հոդվածը։

20․ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ


Հայաստանում նախնադարյան արվեստի հնագույն հուշարձանները շուրջ 10-հազարամյա վաղեմություն ունեն (քարայրային գեղանկարչություն, ժայռապատկերներ)։ Վաղ բրոնզեդարում (մ․թ․ա․ IV_III հազարամյակներ) կիրառ․ արվեստը ներկայանում է հիմնականում խեցեգործությամբ (երկրաչափ․, բուս․ շքեղ զարդերով բազմագույն խեցեղեն՝ Շրեշ բլուրից, Կառնուտ-Վանաձորից ևն)։ Մ․թ․ա․ II հազարամյակի մետաղագործ․ հոյակապ կերտվածք է Վանաձորի դամբարանաբլուրում հայտնաբերված ոսկե թասը՝ դրվագված վեց առյուծներով։ Արվեստը նշանակալից զարգացման է հասել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում մ․թ․ա․ XIV_IX դդ․՝ Մեծամորում, Դվինում հայտնաբերված մարդակերպ կուռքեր, մետաղագործ․ բարձրարվեստ կերտվածքներ (կռածո, ձուլածո, դրվագված, փորագիր և այլ տեխնիկաներով գեղ․ իրեր, զարդեր), Լճաշենից, Լոռե բերդից, Արթիկից, Տոլորսից՝ այծերի, թռչունների և այլ արձանիկներ, պատկերներ, բրոնզաձույլ մարտակառքերի մանրակերտներ՝ կառքին լծված ձիերով ու ռազմիկների պատկերներով։ Գեղ․ հուշարձաններ են ստեղծվել նաև քարից՝ ձկնակերպ վիշապներ, մարդակերպ կուռքեր՝ նաև ֆալոսատիպ՝ կապված պտղաբերության պաշտամունքի հետ։ Հայտնաբերվել են նաև կիսաթանկագին բազմագույն քարերից, ոսկուց, արծաթից, բրոնզից պատրաստված ուլունքներ, կախիկներ։ Մ․թ․ա․ IX_VII դդ․ գեղ․ մշակույթը զարգացել է Արարատյան թագավորության (Ուրարտու) ձևավորման և հզորացման պայմաններում։ Վանա լճի շրջակայքի, ՀՀ տարածքի պեղումներով ուսումնասիրվում է այդ ժամանակաշրջանի հարուստ գեղ․ մշակույթը՝ մոնումենտալ որմնանկարչությունը, խճանկարչությունը, քանդակագործությունը, կրոն․ և աշխարհիկ թեմաներով կիրառ․ արվեստը (զարդեր, զենքեր ևն)՝ Կարմիր բլուրում, Արինբերդում (Էրեբունի), Ալթընթեփեում, Ազնավուրթեփեում, Ռուսիխինիլիում (Թոփրակկալե), Վանում (բազալտե բոլորաքանդակի իրան)։ Մուսասիրի տաճարի գրավմանը վերաբերող՝ Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրության մեջ նկարագրվում են Սարդուրի, Արգիշտի, Ռուսա արքաների՝ հափշտակված ձուլածո արձանները, իսկ տաճարի կործանումը պատկերող հարթաքանդակում առկա են բոլորաքանդակներ։ Մոնումենտալ քանդակագործությանը համընթաց զարգացել է նաև արձանիկների կերտումը, դեկորատիվ-կիրառ․ արվեստը՝ բրոնզաձույլ, քարակերտ, փղոսկրե կերտվածքներ, դրվագված, փորագրված վահաններ, սաղավարտներ, գոտիներ՝ զանազան պատկերներով՝ պեղված Հայաստանի տարբեր վայրերից։ Մ․թ․ա․ VI _ մ․թ․ III դդ․ կերպարվեստում շարունակվել են նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել գեղ․ տարբեր կերպավորումներով մետաղե իրեր (արծաթե պտյակներ, թասեր ևն), կնիքներ, հատվել Ծոփքի թագավորների և Արտաշեսյան արքաների (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի) դիմապատկերային բնույթի պղնձե, արծաթե դրամներ, խեցեգործության, մոնումենտալ գեղանկարչության (որմնանկարչություն, խճանկարչություն), ոսկերչության, ակնագործության, ապակեգործության բարձրարվեստ գործեր (դրանց թվում՝ Գառնիի բաղնիքի հանդերձարանի նշանավոր խճանկարը, կավե արձանիկներից՝ մանկանը կերակրող Անահիտ աստվածուհու, երաժիշտ