ցու Աստվածաշունչը» ևն, հանդես եկել շեշտված անհատականություններով վարպետներ՝ Գրիգոր, Մարգարե, Իգնատիոս, Թորոս Տարոնացի, Մատթեոս, Մոմիկ, Ավագ, Գրիգոր Տաթևացի՝ միմյանցից տարբեր թե՛ ոճով, թե՛ պատկերագր․ ավանդներով՝ հակառակ IX_XI դդ․ սկզբնավորված, XIII դ․ 70-ական թթ-ից մինչև XVII դ․ վերջը գոյատևած Վասպուրականի մանրանկարչության դպրոցի գրչության և մանրանկարչության բազմաթիվ կենտրոններում ստեղծագործած ժամանակի երևելի վարպետներ Սիմեոն Արճիշեցու, Մելքիսեդեկի, Զաքարիա Աղթամարցու, Ծերուն Ծաղկողի, Ռստակեսի և ուր․, որոնք հետևել են ավելի միասնական, «պահպանողական» գեղանկարչ․ ավանդույթների՝ համեմված տեղական-ազգ․ պատկերացումներին բնորոշ «գեղանկարչական ֆոլկլորայնության» տարրերով, կենցաղային մոտիվներով։ Մանրանկարչության արվեստը ձեռքբերումներ է ունեցել նաև Ուտիքի, Արցախի, Նախիջևանի գրչատներում, Հայաստանից դուրս՝ գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում և այլուր, ձևավորելով իրենց դեմքն ունեցող Ղրիմի մանրանկարչության դպրոցը, Նոր Ջուղայի դպրոցը։ XVII_XVIII դդ․ հայկ․ մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագր․ արվեստին։
Միջնադարյան Հայաստանի քանդակագործությունը հիմնականում հայտնի է ճարտ․ հուշարձանների պատկերաքանդակներով, կոթողներով, հուշասյուներով, «թևավոր» խաչերով, խաչքարերով և վաղ միջնադարում առավելապես հարթապատկերային, գծա-գրաֆիկական է։ IV դ․ սկզբին տեղական քանդակագործ․ ավանդույթները ներհյուսվել են Հայաստանի վաղ քրիստ․ քանդակարվեստին, առնչվելով շրջակա երկրների քանդակային մշակույթին, կազմավորել IV_VI դդ․ պլաստիկ արվեստը՝ տեղական մի քանի դպրոցներով։ Կոթողներին և հուշարձաններին քանդակվել են Հին և Նոր կտակարաններից սյուժեներ, սրբերի, Քրիստոսի, Աստվածամոր, Գրիգոր Լուսավորչի, Տրդատ թագավորի և այլոց, նաև խորհրդանշական (օր․, Գառնհովիտի գարնան զարթոնքը ավետող հուշակոթողը) պատկերներ։ IV դ․ սկզբին երևան են եկել երկումետրանոց «թևավոր» խաչ-կոթողները՝ տիպարով կրկնելով Գողգոթայի խաչը, հետագայում սկզբնավորելով խաչքարերը, որոնք հատկանշական են միայն Հայաստանի IX_XVIII դդ․ արվեստին։ Միայն հայկ․ խաչքարին է հատուկ ուղղաձիգ սալի տարածական ծավալաձևը, կենտր․ խաչի (սովորաբար շրջանակված կողային զարդաշերտերով) տակ քանդակված վարդակը կամ դեկորատիվ զարդը, ծավալի վերին մասում ելուստավոր ավարտը։ Վաղ խաչքարերը ձվաձև կամ պայտաձև էին, XI_XVIII դդ․՝ գերազանցապես ուղղանկյուն ուղղաձիգ։ Ննջեցյալի հիշատակին, ի նշանավորումն հաղթանակի և այլ, տարբեր նպատակներով դրվող պատվանդանավոր խաչքարերից բացի, նման խաչավոր հորինվածքներ են ստեղծվել IX_XVIII դդ․ ճարտ․ հուշարձանների որմերին։ Ճարտարապետության արտահայտչականության բաղադրիչներից են զարդաքանդակային հարդարանքը, կերպարային (դրանց թվում՝ կտիտորական) և սյուժետային քանդակները։ Վաղ նմուշները վերաբերում են V_VI դդ․ (Դվին, Տեկոր, Երերույք, Պտղնավանք), VII դ․՝ Զվարթնոց, Մրեն, X_XIV դդ․՝ Անիի հուշարձաններ, Աղթամար (ճարտ․ և քանդ․ Մանուել), Նորավանք (ճարտ․ և քանդ․ Մոմիկ), Սպիտակավոր, Հաղպատ, Սանահին, Հաղարծին, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Գանձասար, Տաթև, Եղվարդ, Դադիվանք, Հառիճ ևն։ Հայաստանի զարգացած միջնադարի մշակույթի նոր առաջընթացը հավաստող նմուշ է Անիի պեղումներով գտնված (այժմ տեղն անհայտ է) Գագիկ Բագրատունու բոլորաքանդակը։ Դրանք միջնադարյան Հայաստանի տարբեր շրջաններում՝ Այրարատում, Տաշիրում, Սյունիքում, Շիրակում, Վասպուրականում ձևավորված տեղային քանդակագործ․ դպրոցների նշանավոր վարպետների ստեղծագործություններ են, որոնք առանձնանում են արտահայտչամիջոցների, սյուժեների, ոճերի բազմազանությամբ, կատարման տեխնիկայով, արվեստի համադրման տարբեր մոտեցումներով, հորինվածքային լուծումների յուրահատկություններով, պատկերագրությամբ, բարձրարվեստ ստեղծագործություններ, որոնցում նկատելի են շփումները Արլ-ի և Արմ-ի արվեստների հետ։ Ուշ միջնադարի քանդակարվեստն աչքի է ընկնում համակարգային ընդհանրությամբ, տեղային տարբերությունների համահարթեցման հակումով։ Ստեղծվել են հուշարձաններ՝ նշանավոր ճակատազարդերով (Թադեի և Ստեփանոս Նախավկա վանքերի XVII դ․ քանդակները)։ Գոյություն ունեցող համակառույցներին կից կանգնեցվել են հուշարձաններ, որոնք IX_XIV դդ․ համեմատությամբ ունեցել են դեկորատիվ այլ լուծումներ։
Միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել դեկորատիվ-կիրառական արվեստը․ գեղ․ ջուլհակությունն ու կարարվեստը, ոսկերչությունը, դրվագումը, խեցեգործությունը։ Առաջատար տեղ է գրավել գրքի ձևավորման արվեստը․ պահպանվել են մեծ քանակությամբ գրքի կազմեր՝ պատրաստված տարբեր նյութերից կամ դրանց համադրությամբ (արծաթ, ոսկի, փղոսկր, ակնեղեն ևն), տարբեր գեղ․ միջոցներով (դրվագում, փորագրություն, ընդելուզում ևն)։ Հայկ․ արվեստի ընտիր նմուշ է «Էջմիածնի Ավետարանի» (989) թեմատիկ փորագրումներով փղոսկրե կազմը։ Գրակազմերի գեղ․ նախօրինակով ստեղծվել են տարբեր տիպի մասնա