տուփեր, պահարաններ (Աշոտ Երկաթի ակնազարդ երկաթե խաչի երկփեղկ պահարանը, X դ․, «Խոտակերաց Ս․ Նշան» եռափեղկը, 1300, Ստեփանոս Նախավկայի մասնատուփը, 1302, Գեղարդի մասնատուփը, 1617, «Նոյյան տապանի տախտակի» պահարանը, 1698, բոլորը՝ Ալեք և Մարի Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, ևն)։
XVII_XVIII դդ․ տարածված էին ոսկեկուռ կամ արծաթակուռ բազկանման նշխարատուփերը (Գրիգոր Լուսավորչի աջը, 1657, Ս․ Հակոբ Մծբնա հայրապետի աջը, 1790, երկուսն էլ՝ Ա․ և Մ․ Մանուկյան Գանձատուն, Էջմիածին, ևն)՝ կատարված տարբեր ոսկերչական հնարքներով, ակնազարդ, հաճախ՝ թեմատիկ պատկերումներով։ Ոսկերչության հատուկ ճյուղերից էր ժամերգության ծիս․ իրերի (բուրվառներ, սկիհներ, մեռոնամաններ, խաչեր, գավազաններ ևն), ծիս․ հանդերձանքի մասերի (խույրեր, թագեր, բազպաններ, շուրջառներ ևն) պատրաստումը։ Մեծ արվեստով են ստեղծվել սկուտեղներ, գինու սպասք, կահույքի դեկորատիվ տարրեր, գոտիներ, ճարմանդներ, կանացի կրծքազարդեր, ապարանջաններ, մատանիներ ևն։ Հատկանշական է, որ հայկ․ զարդերը հաճախ իրենց ձևերով կրկնում են Հայաստանի տարածքում գերեզմաններից (սկսած մ․թ․ա․ III հազարամյակից) պեղված ոսկերչ․ իրերը։ Ոսկերչ․ բազմազան իրեր են պատրաստվել Հայաստանի տարբեր շրջաններում, որոնք ունեցել են իրենց նշանավոր կենտրոնները։ Դեկորատիվ-կիրառ․ արվեստի շատ բնագավառների, մասնավորապես փայտի փորագրությանը, բնորոշ են մշակման կատարելությունը, հորինվածքի մտածվածությունը (Մշո Ս․Առաքելոց վանքի գլխ․ եկեղեցու փորագրազարդ դուռը, 1134, ՀՊՊԹ, Երևան, ևն)։ Միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել գեղ․ ջուլհակությունը և կարարվեստը։ Արդեն IX_XIII դդ․ միջազգ․ շուկայում Հայաստանը հանդես է եկել որպես բրդե, կերպասի և ոսկեթել արտադրանքի մատակարար, որը շարունակվել է XVII_XVIII դդ․։ Չթի տարածման ժամանակաշրջանում հայերը Ֆրանսիայում հիմնադրել են (1677) կայուն ներկման դաջազարդ գործվածքի՝ Եվրոպայում առաջին ֆաբրիկան։ Հայկ․ ջուլհակության և ասեղնագործության կատարյալ նմուշներ են XVII_XVIII դդ․ եկեղեց․ վարագույրները, արծվագորգերը, տարբեր տիպի ծածկոցները։ Ասեղնագործությունը հասել է գեղանկարչական պատկերման մակարդակի։ Գեղ․ ջուլհակության հնագույն տեսակներից է կարպետ-գորգագործությունը։ Միջազգ․ շուկայում հայկ․ գորգը մեծ համարում ուներ։ Պահպանված օրինակներից է հայատառ և թվագրված խորանագորգը՝ ստեղծված 1602-ին, Ուտիքի Բանանց գյուղում։ Հայկ․ գորգերի հնագույն տեսակներից է վիշապագորգը։ Վիշապի թեման հատկապես մշակվել է կապերտների զարդահորինվածքներում։ Գորգագործության մեջ կիրառվել են բնական ներկեր, մասնավորապես՝ որդան կարմիրը, տորոնը, լաջվարդը ևն։ Առաջնակարգ արվեստներից էր խեցեգործությունը, որի պահպանված վառ օրինակներից են կարմրափայլ կարասները (Անի, Դվին)։ XVII_XVIII դդ․ Կուտինայի հայկ․ բրուտագործությունը (հախճասալ, սպասք) ձեռք է բերել միջազգ․ նշանակություն։ Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ-կիրառ․ արվեստն էական ներդրում է համաշխ․ մշակույթի զարգացման մեջ, մասնավորապես՝ կենցաղի գեղաձևավորման ասպարեզում, թե՛ պաշտամունքային-պալատական, թե՛ ժող․։ XVII_XVIII դդ․ հայկ․ կերպարվեստն անցում է կատարել միջնադարյան պայմանական ձևերից դեպի նոր, ռեալիստ․ ձևեր և արտահայտչամիջոցներ։
Մանրանկարչությանը և որմնանկարչությանը զուգընթաց զարգացել են կերպարվեստի նոր տեսակներ ու ժանրեր՝ հաստոցային գեղանկարչություն, դիմանկարչություն, կենցաղ․ թեմաներով պատկերներ, բնանկար։ Ազգ․ կերպարվեստը գլխավորապես զարգացել է գաղթավայրերում։ XVII դ․ կեսին Նոր Ջուղայում են ստեղծագործել նկարիչներ Մինասը, Հովհաննես Մրքուզը․ նորջուղայեցի էր նաև Բոգդան Սալթանովը։ Երուսաղեմի Ս․ Հակոբյանց եկեղեցում են գտնվում Հովհաննես Տիրացուի նկարները, Կահիրեի ղպտիական եկեղեցիներում՝ Հովհաննես (Հաննա էլ Արմանի) նկարչի (XVIII դ․) սրբապատկերները։ Հայկ․ կերպարվեստի զարգացմանը մեծապես նպաստել են Մանասե տոհմի (Կ․Պոլիս) և Հովնաթանյան ընտանիքի նկարիչները։ XIX դ․ սկզբին Արլ․ Հայաստանի միացումը Ռուսաստանին պայմաններ է ստեղծել ազգ․ նոր կերպարվեստի զարգացման համար, որի կենտրոններից է դարձել Թիֆլիսը։ Պետերբուրգի գեղ․ ակադ-ում սովորել են հայ նկարիչներ։ Նոր ժամանակի հայկ․ կերպարվեստի հիմնադիրներից Հակոբ Հովնաթանյանը (1806_81) ստեղծել է իր ժամանակակիցների (Նատալյա Թեումյանի, Ներսես Աշտարակեցու և ուր․) բարձրարվեստ դիմանկարներ, որոնք աչքի են ընկնում հոգեբ․ խոր արտահայտչականությամբ։ Ստեփանոս Ներսիսյանը (1815_84), բացի հայ կերպարվեստի կենցաղ․ ժանրի առաջին նմուշից («Խնջույք Քուռ գետի ափին») վրձնել է ինչպես իր ժամանակակիցների, այնպես էլ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի դիմանկարները, որոշակիորեն հայկ․ կերպարվեստ ներմուծելով ռոմանտիզմը, որի ամենակարկառուն ներկայացուցիչը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին էր (1817_ 1900)։ Նա առաջինն է անդրադարձել հայկ․ բնաշխարհի պատկերմանը (Արարատը, Սևանա լիճը ներկայացնող բնանկարներ, դրանց թվում՝ «Նոյը իջնում է Արարատից» ևն), ստեղծել հայոց պատմությանը նվիրված կտավներ («Հայ ժողովրդի մկրտությու