Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երիցյանը (1879_1966)։

Խորհրդային ժամանակաշրջանի կերպարվեստը, ինչպես և մշակույթի մյուս բնագավառները ենթարկվել են իշխող գաղափարախոսությանը, դրվել կոմկուսի և պետության խիստ հսկողության ներքո։ Հայկ․ կերպարվեստի նոր՝ խորհրդ․ դպրոցի կազմավորումը հիմնականում ընթացել է ամբողջ երկրի գաղափարագեղ․ խնդիրների լուծման ոլորտում։ Խորհրդահայ արվեստի դպրոցի կազմավորման հարցում որոշակի դեր է խաղացել մինչև հեղափոխությունը հայրենիքից դուրս ստեղծագործած վարպետների՝ Մ․ Սարյանի, Ս․ Աղաջանյանի, Գ․ Գյուրջյանի, Հ․ Կոջոյանի, Փ․ Թերլեմեզյանի, Ա․ Սարգըսյանի, Ս․ Ստեփանյանի, Ա․ Ուրարտուի Հայաստանում հիմնավորվելը։ Արվեստի զարգացման հիմքն են հանդիսացել Երևանում 1921-ին գեղարվեստական ուսումնարանի (1938-ից՝ Փ․ Թերլեմեզյանի անվ․), պետ․ թանգարանի (1947-ից՝ պետ․ պատկերասրահ, 1992-ից՝ Հայաստանի ազգային պատկերասրահ), 1923-ին՝ Հայաստանի կերպարվեստից աշխատողների ընկերության (առաջին ցուցահանդեսներով) հիմնադրումը։ 1920_30-ական թթ․ գեղանկարչության հիմնական ժանրերը եղել են ավանդ․ բնանկարը, դիմանկարը, նատյուրմորտը։ Կերպարվեստի նոր դպրոցի կազմավորման գործում բացառիկ դեր է ունեցել Մ․ Սարյանը, իր բնանկարներով, դիմանկարներով մարմնավորել հայրենիքի հզոր ու գունեղ կերպարը, որ մարդկանց գիտակցության մեջ նույնացել է իրական Հայաստանին, դառնալով նրա յուրօրինակ խորհրդանիշը (1923-ի «Հայաստան» պաննոն՝ Սունդուկյանի անվ․ թատրոնի վարագույրը)։ Հ․ Կոջոյանի երփնագրի ու գրաֆիկայի փոխներթափանցումներով ստեղծված թեմատիկ կոմպոզիցիաները («Փողոց Թավրիզում», «Ճաշարան Թավրիզում», 1922), բնանկարները («Կոտայքի լեռները», 1925), 1934-ին Ե․ Թադևոսյանի ցուցադրած էտյուդները, ապա և դիմանկարների շարքը (հատկապես՝ «Կոմիտաս», 1935) հայ նկարիչներին գեղ․ նոր մոտեցումների են մղել։ Ս․ Առաքելյանի քնար․ գործերը («Աշուն։ Երևանի մի անկյուն», 1926), արդի թեմաներով հորինվածքների առաջին փորձերը («Կուլտուրան լեռներին», 1936), Ս․ Աղաջանյանի դիմանկարները («Վասիլը», 1926), «արդյունաբերական» բնանկարը սկզբնավորող Գ․ Գյուրջյանի («Շիրակի ջրանցքի ամբարտակի կառուցումը», 1926), Փ․ Թերլեմեզյանի («Ղափան։ Պղնձաձուլման գործարան», 1929), Վ․ Գայֆեճյանի («Փողոցը գիշերով», 1929) և ուր․ գործերը հայկ․ գեղանկարչությունը հարստացրել են կերպարային-ոճական նոր ըմբռնումներով, ժանրային բազմազանությամբ, իրականության բազմակերպ արտացոլման խորությամբ։ Զուգընթաց էին՝ քանդակագործությունը (մոնումենտալ, դեկորատիվ-զարդաքանդակային, հոգեբ․ կերտվածքի հարստությամբ դիմաքանդակ, հեղինակներ՝ Ա․ Սարգսյան, Ս․ Ստեփանյան, Ս․ Մերկուրով՝ Ստեփան Շահումյանի արձանը Երևանում), գրաֆիկան (հաստոցային գծանկարչություն, գրքի ձևավորում՝ «Հայկական մունետիկ», 1921, Ե․, Չարենցի «Գիրք ճանապարհի», 1933, երկուսն էլ՝ նկարիչ Հ․ Կոջոյան, Կ․ Տիրատուրյանի և ուր․ նկարազարդումները, հաստոց․ գործերը), բեմանկարչությունը (Գ․ Յակուլովի, Մ․ Արուտչյանի, Մ․ Սարյանի, Ս․ Թարյանի, Ա․ Սարգսյանի, Ե․ Քոչարի, Ս․ Ա․ Արուտչյանի, Ա․ Չիլինգարյանի, Մ․ Սվախչյանի, Վ․ Շերիշևի, Ռ․ Նալբանդյանի, Մ․ Սաղյանի և ուր․ ձևավորումները հանրապետության, ինչպես և Թիֆլիսի, Բաքվի տարբեր թատրոններում)։

1932-ին լուծարելով ստեղծագործ․ խմբավորումները՝ հիմնվել է նկարիչների միությունը։ 1938-ին կազմակերպվել են «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված ցուցահանդես և հոբելյանական հրատ-ներ՝ Հ․ Կոջոյանի, Գ․ Գյուրջյանի, Կ․ Սիմոնյանի, Ս․ Առաքելյանի, Մ․ Աբեղյանի, Ս․ Ռաշմաջյանի, Ա․ Մամաջանյանի, Ե․ Քոչարի գեղանկարչական ու գրաֆիկ․ գործերով, 1939-ին՝ Մոսկվայում կայացած հայկ․ տասնօրյակի հետահայաց ցուցահանդեսը հայ ողջ մշակույթի բազմադարյան ընդգրկումով։ 1930-ական թթ․ արվեստի հիմն․ ուղղվածությանը զուգընթաց տեղ է գտել պատմողականությունը, ստեղծվել են հայ գրակ-յան կերպարներով ներշնչված սյուիտներ (քանդ․ Ա․ Ուրարտու), ազատ գծանկարով բնապատկերներ (Մ․ Աբեղյան, Ա․ Ղարիբյան և ուր․)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին մեծ տեղ է տրվել արվեստի քարոզչական բնույթին (Ս․ Արուտչյան, Ա․ Չիլինգարյան և ուր․), պատերազմ․ անցքերի արտացոլմանը (Դ․ Նալբանդյան)։ Այդ շրջանում են ասպարեզ իջել նկարիչներ Հ․ Զարդարյանը, Է․ Իսաբեկյանը, քանդակագործներ Ն․ Նիկողոսյանը, Ղ․ Չուբարյանը և ուր․։ Պատերազմին տար