հայ եկեղեցին, որը մինչ այդ ենթակա էր Կ․ Պոլսի աթոռին ենթակա Կեսարիայի (Կապադովկիա) մետրոպոլիտությանը, Ընդհանուր եկեղեցու կազմում դարձել է ինքնուրույն, անկախ։
303-ին կառուցվել է Էջմիածնի Մայր տաճարը Վաղարշապատ մայրաքաղաքում։ Այն դարձել է հայ եկեղեցու գլուխ Ամենայն հայոց կաթողիկոսների գահանիստը, թեև պատմ․ պայմանների բերումով կաթողիկոս․ աթոռանիստը բազմիցս տեղափոխվել է (տես Կաթողիկոսություն ամենայն հայոց)։ 325-ին Նիկիայի I տիեզերական ժողովին (տես Տիեզերական ժողովներ) մասնակցել է Գրիգոր Ա Լուսավորչի Արիստակես որդին (326_333-ին՝ Հայոց կաթողիկոս Արիստակես Ա Պարթև)։ Նա Հայաստան է բերել և Ս․ Գրիգոր Լուսավորչին ներկայացրել ժողովի ընդունած դավանաբան․ բանաձևը՝ Նիկիական Հավատո հանգանակը, և 20 կանոնները, որոնցից քիչ փոփոխված տարբերակը՝ աթանասյան խմբագրությամբ (Ալեքսանդրիայի պատրիարք Աթանաս Ա Ալեքսանդրացու անունով), դարձել է հայ եկեղեցու հավատքի հիմքը և անփոփոխ է մինչև օրս։
Հ․ա․ե-ու առաջին բարենորոգիչը Ներսես Ա Մեծ կաթողիկոսն էր։ 356-ին նրա նախաձեռնությամբ գումարվել է Աշտիշատի ժողովը, որտեղ ընդունվել են կազմակերպական, բարեսիր․ աշխատանքներին վերաբերող, ինչպես նաև դավանաբան․ և ծիս․ որոշումներ։
Քրիստոնեության գաղափարախոսությունը ժողովրդին հասցնելու, այն Հայաստանում արմատավորելու համար անհրաժեշտ էին հայերեն գրեր։ Սահակ Ա Պարթև կաթողիկոսի աջակցությամբ, Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ վարդապետ Մեսրոպ Մաշտոցը նվիրվեց հայ գրերի ստեղծման աշխատանքներին և 405-ին ստեղծեց հայերեն այբուբենը։ Գրերի գյուտը և նրան հաջորդած հայագիր ու հայալեզու դպրոցի հիմնումը, Աստվածաշնչի թարգմանությունը, ծիս․ գրակ-յան հայ․ թարգմանությունը, ազգ․ դպրության, գրակ-յան, մշակույթի զարգացումը մեծապես նպաստել են ոչ միայն քրիստոնեության համընդհանուր տարածմանը Հայաստանում, այլև՝ քրիստոնեության հայացմանը, հայ եկեղեցու ինքնության պահպանմանը։
Հ․ա․ե․ կենտր․ դեր է խաղացել V դ․ Վարդանանց և Վահանանց ազատագր․ պատերազմներին իր մասնակցությամբ։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները միշտ գտնվել են պարսից տիրապետության դեմ մարտնչող զինվորների ու ժողովրդի կողքին, ոգեշնչել նրանց ու նահատակվել «հանուն հայրենյաց և հավատքի» մղած պատերազմներում։
451-ի Քաղկեդոնի ժողովից հետո Բյուզանդիան եկեղեց․ և դավանաբան․ խնդիրները փորձել է ծառայեցնել Արլ-ի քրիստոնյա ժողովուրդների վրա իր քաղ․ ազդեցությունն ուժեղացնելու նպատակին։ Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովի ընդունած «Մի Քրիստոս յերկուս բնութիւնս» դավանաբան․ բանաձևը, քանի որ այն հակասում էր հայ ժողովրդի ազգ․ ինքնության պահպանման շահերին, դավանական-աստվածաբան․ սեփական ըմբռնումներին և եկեղեցու անկախության պահպանման ձգտումներին։ Քրիստոսի բնությունների հարցում հայ եկեղեցին ընդունում է «Մի բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացելոյ» ալեքսանդրյան աստվածաբան․ դպրոցի բանաձևը, Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի երկրորդ ժողովում (554) (տես Դվինի ժողովներ) հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի որոշումը։ Պապ թագավորի ժամանակ ձեռք բերած վարչ․ անկախությունից հետո, VI դ․ Հ․ա․ե․ դավանապես ևս զատվել է բյուզ․ եկեղեցուց՝ բռնելով ինքնուրույն զարգացման ուղի։
VII դ․ 40-ական թվականներից Հայաստանը դարձել է արաբա-բյուզ․ պայքարի ռազմաբեմ։ Հայաստանը թեև անվանապես համարվել է արաբ․ խալիֆայությանը ենթակա, սակայն ներքին կյանքն ամբողջովին Հայոց իշխանի ձեռքում էր։ Պատահական չէ, որ VII դ․ դարձել է մշակութ․ առաջընթացի մի ժամանակահատված և համարվում է հայ ճարտարապետության ոսկեդարը։ Կառուցվել են Ս․ Հռիփսիմեի տաճարը, Ս․ Գայանե եկեղեցին, Զվարթնոցը,