մուտ է ռազմագիտ․ մտքի զարգացմանը Հայաստանի անկախության, նրա զինված ուժերի կառուցման պայմաններում, նպաստում է սպայակազմի ռազմ․ գիտելիքների հարստացմանը, հայկ․ և արտասահմանյան զինված ուժերի առաջավոր փորձի ուսումնասիրմանն ու տարածմանը, հայ․ ռազմագիտ․ տերմինաբանության մշակմանը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀԲԸՄ, Armenian General Benevolent Union, AGBU), բարեգործական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1906-ին, Կահիրեում Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ինն այլ ականավոր գործիչների կողմից՝ հայրենաբնակ հայ ժողովրդի մտավոր, հոգևոր և տնտ․ զարգացմանը նպաստելու նպատակով։ Առաջին համաշխ․ պատերազմին նախորդած տարիներին արևմտահայ գյուղացիությանը ապահովել է սերմացուով, երկրագործ․ գործիքներով ևն։ Արմ․ Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաշատ այլ շրջաններում ուներ 41 կրթ․ հաստատություն։ 1912-ից հրատարակել է ՀԲԸՄ պաշտոնաթերթ «Միություն» ամսագիրը։ 1914-ին ՀԲԸՄ ուներ 8533 անդամ և 142 մասնաճյուղ, որոնցից
59-ը՝ Արմ․ Հայաստանում և Կիլիկիայում։
Մեծ եղեռնի և հետագա տարիներին ՀԲԸՄ հիմնականում զբաղվել է որբախնամ և գաղթախնամ գործունեությամբ։ 1915-ի հոկտ․ Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, ուր հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ «Սիսուան» վարժարանը՝ 25 դասարանով և 1222 աշակերտով, ապա՝ որբանոցը և այրիանոցը։ 1917-ին հիմնված «Սիսուան բոյ-սքաութ□-ի սաները որոշ ժամանակ անց կազմել են Արլ․ (Հայկական) լեգեոնի կորիզը։ Առաջին համաշխ․ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո՝ 1919-ին Պորտ Սաիդի հաստատությունները տեղափոխվել են Կիլիկիա։ 1921-ի վերջին, երբ ֆրանս․ զորքերը հեռանալով Կիլիկիայից՝ հանձնեցին այն Թուրքիային, ՀԲԸՄ իր հաստատությունները տեղափոխել է Բեյրութ։ Մերսինի և Դյորթ Յոլի որբանոցների հիման վրա ստեղծվել են Քելեկյան (տղաների) և Սիսուան (աղջիկների) որբանոց-նախակրթարանները։ 1922-ին ՀԲԸՄ ստանձնել է բրիտ․ իշխանությունների փակած Նահր էլ Օմարի գաղթակայանի շուրջ 800 որբերի խնամատարությունը, այդ նպատակով Երուսաղեմի Ս․Հակոբյանց վանքի տարածքում հիմնելով Արարատյան (տղաների) և Վասպուրական (աղջիկների) որբանոցները։ ՀԲԸՄ բոլոր որբանոցներում սաները ոչ միայն կրթություն են ստացել, այլև սովորել որոշակի արհեստ։ Այդ տարիներին ՀԲԸՄ հիմնել է նաև արհեստանոց-որբանոցներ, կանանց ապաստարան-աշխատանոցներ, գաղթատներ ևն։ ՀԲԸՄ ֆինանսավորել է գաղթականների, այդ թվում նաև Ալեքսանդրետի սանջակի 6 հզ․ հայերի տեղափոխումը Լիբանան և Սիրիա, նրանց համար բնակելի տների, գյուղերի կառուցումը ևն։
Սկսած 1930-ական թթ․ ՀԲԸՄ գործունեության հիմնական նպատակն է կրթ․, մշակութ․ և մարդասիր․ ծրագրերի միջոցով պահպանել հայ ազգ․ ինքնությունն ու ժառանգությունը։ 1924-ին ՀԲԸՄ Նիկոզիայում (Կիպրոս) հիմնել է Մելգոնյան (Մելքոնյան) կրթական հաստատությունը, իսկ Փարիզում՝ ուսանողական հիմնադրամ (Նուբարյան սաներ), որը թոշակներ էր հատկացնում հայ երիտասարդներին եվրոպական համալսարաններում ուսանելու համար։ 1933-ից ՀԲԸՄ ստանձնել է Հայ երիտասարդաց ընկերակցության վարչական և նյութական հովանավորությունը։ 1939-ին Բեյրութում հիմնել է Դարուհի Հակոբյան վարժարանը։ ՀԲԸՄ ազգապահպան գործունեությունն առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք։ 1954-ին նա հիմնել է Ալեք և Մարի Մանուկյան, իսկ 1968-ին՝ Ալեք Մանուկյան մշակութ․ հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր եղավ կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ։ 1999-ին ՀԲԸՄ տարբեր երկրներում ուներ 20 սեփական ամենօրյա վարժարաններ, որոնցից ամենախոշորներն են «Նաճարյան-Կյուլպենկյանը» (1352 աշակերտ) Հալեպում և «Մանուկյան-Դեմիրճյանը» (960 աշակերտ) Քանոկա-Պարքում (ԱՄՆ,Կալիֆոռնիա), ինչպես նաև մեկօրյա վարժարաններ։ 1999-ին բոլոր այդ դպրոցների վրա ծախսվել է ավելի քան 12 մլն դոլար։ Սկսած 1950-ական թթ-ից զգալի աճել է հայազգի ուսանողներին հատկացվող կրթաթոշակների չափը և քանակը (1999-ին՝ շուրջ կես մլն դոլար)։ 1927-ից Փարիզում ՀԲԸՄ-ին Պողոս Նուբարի նվիրած շենքի հարկաբաժիններում շարունակում է գործել Նուբարյան մատենադարանը, իսկ 1930-ից՝ Մարի Նուբար հայ ուսանողական տունը։ Աշխարհի տարբեր քաղաքներում կառուցվել են ՀԲԸՄ երիտասարդ․ ու մշակութ․ կենտրոններ, մարզադաշտեր, որոնց կից գործում են գեղ․, թատերական և մարզ․ զանազան խմբեր։ Տարբեր երկրներում ՀԲԸՄ կազմակերպում է ամենամյա համընդհանուր և շրջանային մարզ․ նավասարդյան խաղեր, գործում են՝ Նուբար ամառային ճամբարը (ԱՄՆ, Նյու Յորքի նահանգ), ՀԲԸՄ-ի ճամբարը Մարսելում, կազդուրման կայանը Քեսապում (Սիրիա), ինչպես նաև դարմանատներ Հալեպում և Բեյրութում։ ՀԲԸՄ նախագահական ակումբը 1987-ից կազմակերպում է ամառային փորձառ․ ծրագրեր ամերիկահայ ուսանողների համար։ 1989-ից, գործակցաբար Ալեք և Մարի Մանուկյան մշակութ․ հիմնադրամի հետ, ակումբը հիմնել և հովանավո