Ղրիմի ռազմաճակատի 51-րդ բանակի կազմում 1942-ի փետր-մայիսին մասնակցել է Կերչ թերակղզու պաշտպան․ ծանր մարտերին, աչքի ընկել հակառակորդի 22-րդ տանկային դիվիզիայի ջախջախման ժամանակ։ Մարտերում զոհվել են դիվիզիայի հրամանատար Ս․Զաքյանը, կոմիսար Թ․Շահինյանը և շատ ռազմիկներ։ Չնայած հուժկու դիմադրությանը՝ թշնամու գերակշիռ ուժերին հաջողվել է մայիսի կեսին ճեղքել Ղրիմի ռազմաճակատի պաշտպանությունը և հասնել Կերչ քաղաքի արվարձանները։ Մինչև մայիսի 20-ը զորքերը ստիպված հետ են քաշվել Կերչից և կենտրոնացել Թաման թերակղզում։ Թաման է փոխադրվել նաև 390-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան, որտեղ և հունիսին կազմացրվել է։ Դիվիզիայի անձնակազմի զգալի մասը համալրել են նորաստեղծ հայկ․ միավորումները, մի մասն էլ փոխադրվել է Սևաստոպոլ, մասնակցել քաղաքի պաշտպանությանը։
408-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան․ կազմավորվել է 1942-ին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։ Հրամանատար՝ գնդ․ Պ․Կիցուկ։ 1942-ի մարտից հրատարակել է «Հանուն հայրենիքի» հայ․ թերթը։ 1942-ի մարտին դիվիզիան վերակազմվել է հայկականի։ Մինչև ռազմաճակատ մեկնելը նրա հիմն․ խնդիրն էր Հայաստանի տարածքում խորհրդա-թուրք․ սահմանի մի հատվածի պաշտպանությունը, ինչպես նաև գործող բանակի համար երթային վաշտեր պատրաստելը։ 1942-ի սեպտ․ դիվիզիան տեղափոխվել է Նովոռոսիյսկի պաշտպան․ շրջանը և 47-րդ բանակի կազմում մասնակցել Գելենջիկի մարտ․ գործողություններին։ Հետապնդելով թշնամուն՝ դիվիզիան ազատագրել է բազմաթիվ բնակավայրեր։ Այնուհետև փոխադրվել է Տուապսե․ համառ մարտերում հաջողվել է կանգնեցնել հակառակորդի առաջխաղացումը և խափանել Տուապսեի վրայով Անդրկովկաս ներխուժելու թշնամու ծրագիրը։ Հոկտ․ վերջին դիվիզիան առաջավոր գծից փոխադրվել է 18-րդ բանակի պահեստի զորամաս, վերակազմվել 7-րդ առանձին հետևակ․ բրիգադի։ 1943-ին վերջինիս հիման վրա կազմավորվել է 23-րդ հրաձգ․ Կիևյան, Ժիտոմիրյան կարմրադրոշ դիվիզիան, որն իր մարտ․ ուղին ավարտել է Էլբայի ափերին։
409-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան․ կազմավորվել է 1941-ի օգոստ․, Հայաստանում՝ 45-րդ բանակի կազմում։ Հրամանատարներ են եղել գնդ-ներ Ա․Վասիլյանը, Վ․Գլադկովը, Մ․Դոբրովոլսկին, Գ․Սորոկինը, գեն-մայոր Ե․Գրեչանին։ Հրատարակել է «Մարտական դրոշ» հայ․ թերթը։ 1942-ի փետր․ դիվիզիան պաշտոնապես վերանվանվել է հայկական։ Նոյեմբ․ մեկնել է ռազմաճակատ և 44-րդ բանակի կազմում մարտերի մեջ մտել Մոզդոկի շրջանում։ 1943-ի հունվ-մարտ ամիսներին Հս-կովկաս․ ռազմաճակատի 58-րդ, ապա՝ 46-րդ բանակների կազմում մասնակցել է Հս․ Կովկասի, 2-րդ ուկր․ ռազմաճակատի 7-րդ գվարդիական բանակի կազմում՝ Ուկրաինայի, Մոլդավիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը, արժանացել «Կիրովոգրադյան», «Բրատիսլավյան» անվանումներին, պարգևատրվել Բոգդան Խմելնիցկու 3-րդ աստիճանի շքանշանով։ Կազմացրվել է 1945-ի հուլիսին, Հունգարիայում։
89-րդ հայկ․ հրաձգ․ դիվիզիան, լրիվ անվանումը՝ Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիա։ Կազմավորվել է 1941-ի դեկտ․, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։ Պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդ․ Ս․Զաքյանը, փոխգնդապետ Ա․Սարգսյանը, գնդ․ Ա․Վասիլյանը և գեն-մայոր Ն․Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեն-մայորներ Ա․Կարապետյանը, Հ․Մարտիրոսյանը, Ս․Միանսարովը։ Հրատարակել է «Կարմիր զինվոր» հայ․ թերթը։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստ․։ Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտ․, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943-ին 58-րդ բանակի կազմում՝ մասնակցել է Հս․ Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943-ի նոյեմբ․ _ 1944-ի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի