Հ․հ․ հակազդում է հայերի ցեղասպանությունը հերքելու փորձերին, անդրադառնում ցեղասպանությունը մերժելու, ուրանալու թուրք․ կառավարության բոլոր ճիգերին և պայքարում, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը հայերի ցեղասպանությունը ճանաչի որպես անհերքելի պատմ․ փաստ։
Հ․հ-ի գաղթականական հարցերի մասնաբաժինը ջանում է օգնել իրենց երկրներից տեղահան եղած հայ գաղթականներին, զբաղվում է նրանց ապաստանի և մշտական վերաբնակեցման խնդիրներով, համագործակցում գաղթականներին օգնող ամերիկահայ բարեսիր․ և հաս․ կազմակերպություններին ևն։
Հ․հ․ մասնակցում է հայերի ցեղասպանության վերաբերյալ միջազգ․ գիտաժողովների կազմակերպմանը, հրատարակում և տարածում ցեղասպանության մասին գիտ․ գրակ․։
Հայաստանում 1988-ին սկսված քաղ․ իրադարձությունները և դեկտեմբերյան երկրաշարժը դարձան Հ․հ-ի հիմն․ ծրագրերի սևեռակետը՝ ապահովելու համար ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունն ու օժանդակությունը։ Հ․հ․ բազմաթիվ դիմումներ է հղել ԱՄՆ-ի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հայերի ծանր վիճակի, Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակման վերաբերյալ։ Երկրաշարժից տուժած Հայաստանին սատար կանգնելու նպատակով՝ Հ․հ․ հաստատել է օգնության հիմնադրամ, որը մինչև 1989-ի դեկտ․ 31-ը հանգանակել է 4 մլն դոլար և Հայաստանի իշխանությունների հետ ստորագրել վերակառուցման մի համաձայնագիր։ Երևանում ՀՀ-ի գրասենյակը բացվել է 1989-ի փետր․։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ (1947), կայացել է ապրիլի 30-ից մայիսի 4-ը, Նյու Յորքում, Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ։ Նպատակն էր երկրորդ համաշխ․ պատերազմից հետո ստեղծված պայմաններում վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկ․ տարածքների վերադարձման հարցը՝ կապված հայերի ներգաղթի կազմակերպման հետ, ինչպես նաև զարկ տալ սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանը։ Մասնակցել է 715 պատգամավոր՝ 22 երկրից, որոնք ներկայացրել են սփյուռքահայ 70 կենտր․ կազմակերպություններ ու 275 մասնաճյուղ, 31 եկեղեցի։ ՀՀԴ կուսակցությունը կոնգրեսին չի մասնակցել։ Կոնգրեսը բացվել է մեծ ճաշկերույթով, «Ուոլդորֆ Աստորիա» հյուրանոցում, որտեղ ի թիվս այլ հռետորների, հանդես է եկել ամերիկ․ սենատոր Չարլզ Ու․ Թոբին։ Նա ընդգծել է հայերի մատուցած ծառայությունները երկու համաշխ․ պատերազմներում, արտահայտվել հօգուտ Հայոց դատի արդարացի լուծման և արմ․ տերություններին կոչ արել այլևս Հայկ․ հարցը չզոհաբերել իրենց շահադիտ․ նկրտումներին։ Կոնգրեսը քննել է ներգաղթի և վերաշինության, համաշխ․ քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի ներդրման, Հայաստանի և սփյուռքի մշակութ․ հարաբերությունների ընդլայնման հարցեր, առաջարկել ՄԱԿ-ի ուշադրությանը հանձնել հայկ․ հողային պահանջները (դրանք վերադարձնել ՀԽՍՀ-ին) և ընդունել համապատասխան որոշումներ։ Հ․հ․կ․, որին հեռագրով ողջունել են Խորհրդ․ Հայաստանի կառավարությունն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ, ավարտվել է Նյու Յորքի Քարնեգի հոլում տեղի ունեցած հրապարակային ժողովով, որին ներկա է եղել 2700 հոգի։ Մայիսի 12-ին առանձնացված հատուկ պատվիրակությունը մի հուշագրով ԱՄՆ-ի պետ․ քարտուղարի տեղակալ Դ․Աչեսոնին է ներկայացրել կոնգրեսի հիմն․ որոշումը՝ ԱՄՆ-ի կառավարությանը խնդրելով ՄԱԿ-ի օրակարգի մեջ մտցնել հայկ․ հողային պահանջների հարցը։ Աչեսոնն ակնարկել է այն «մեծ դժվարությունները», որոնք ծառացած էին Հայկ․ հարցի լուծման ճանապարհին՝ ԱՄՆ-ի որդեգրած քաղ․ նոր ուղղության տեսակետից (ապրիլին ընդունվել էր «Տրումենի դոկտրինան», որը «կոմունիստական վտանգից» պաշտպանելու նպատակով 400 մլն դոլարի օգնություն էր նախատեսում Հունաստանին և Թուրքիային՝ երաշխավորելով նրանց տարածքային ամբողջականությունը)։ Կոնգրեսի այս որոշումը հանձնվեց նաև ՄԱԿ-ի քարտուղարությանը։
Հ․հ․կ-ի այդ հիմն․ որոշումը մնաց թղթի վրա, քանի որ սկսված «սառը պատերազմի» պայմաններում ցանկացած հողային պահանջ Թուրքիայից դիտվում էր որպես «կոմունիզմի ծավալում»։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, օտարների՝ Թուրքիայի տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովըրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-թուրք․ պատերազմից հետո։
Հ․հ․ Արևելյան հարցին առնչվում էր Թուրքիայի հետ Ռուս․ կայսրության փոխհարաբերությունների միջոցով, որոնք XIX դ․ ընթացքում և XX դ․ առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-78-ի ռուս-թուրք․ պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուս․ զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրք․ լծից հայ ժողովըրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878-ի փետր․ 19-ին կնքվեց հաշտության նախնական պայմանագիր (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878), որի 16-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հա