էքվիլիբրիստ Վ․Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Լ․Հայկազունու, ժոնգլյոր Ն․Շիրայի, ակրոբատ Ա․Մագդասյանի («Բրոնզե մարդիկ»), «գորգի վարպետներ» Ռ․Հարությունյանի ու Լ․Միներելյանի, օդային մարմնամարզուհի Ե․Ավանեսովայի և այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ս․Իսահակյանը («Կենդանիների խառը խումբ»), օդային մարմնամարզիկներ Մ․ և Ռ․Հակոբյանները, իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լ․Ենգիբարյանը։ Հաջողությամբ ելույթներ են ունեցել նաև ակրոբատ Բ․Ղազարյանի (1973-ից՝ ՀԿԿ-ի ղեկ․) ակրոբատ-էքսցենտրիկների (ղեկ․ Հ․Խասխազյան), ակրոբատ-ցատկորդների (ղեկ․ Ա․Դուդուկչյան) խմբերը, ակրոբատներ Ի․Շեստուան և Ասատրյան եղբայրները, լարախաղացներ Գ․Գրիգորյանը, Ն․Մանուկյանը, Ս․Մինասյանը, ձեռնածու Ս․Պետրոսյանը (1985-ից՝ ՀԿԿ-ի գլխ․ ռեժիսոր) և ուր․։ Կոլեկտիվում են ծաղրածու Վ․Մելիքջանյանը, վարժեցնողներ Մ․Բաղդասարյանը, Գ․Մինասյանը, էքվիլիբրիստներ Ի․ և Ռ․ Սարադյանները, ուժային ակրոբատներ Կ․ և Գ․Գասպարյանները և ուր․։ 1961-ին կոլեկտիվը կոչվել է «Երևան», արժանացել Հայաստանի վաստ․ կոլեկտիվի կոչման, 1974-ին՝ «Էրեբունի»։ Կրկեսի կոլեկտիվը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Կորեայում, Ռումինիայում, Կուբայում և այլուր։ 1980-ական թթ-ից ԱՊՀ և արտասահմ․ մի շարք երկրներում հայկ․ կրկես․ արվեստն են ներկայացնում ծաղրածուներ Ա․Փիլոսյանը, Է․Հակոբյանը, ձեռնածու Ս․Պետրոսյան կրտսերը, էքվիլիբրիստ Ա․Սարգսյանը, լարախաղաց Հ․Խաչատրյանը և ուր․։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ամերիկայի (Armenian Assembly of America), հայկական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1972 թվականին։ Կենտրոնը Վաշինգտոնում է, գրասենյակներ ունի Լոս Անջելեսում և Երևանում։ Հիմնադիր անդամներն են ձեռնարկատերեր Ստեփան Մուկարն ու Հրայր Հովնանյանը, ինժեներ Լիոնել Գալստյանը, իրավաբաններ Ռոբերտ-Արամ Գալուստյանն ու Հայկ Տեր-Մանուելյանը, գիտնականներ Ջոն Հաննեսյան կրտսերը, Հայկազ Գրիգորյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը։ Հ․հ-ի նպատակն է համախմբել ամերիկահայերին, սատարել ԱՄՆ-ում հայ մշակութ․ ավանդի և պատմ․ ինքնության գիտակցության գնահատմանը, հայկ․ հուշարձանների ու մշակութ․ նյութերի պահպանմանը, խրախուսել գիտ․ հետազոտությունն ու տեղեկահավաքը և ճշմարիտ տեղեկություններ տարածել հայ ժողովրդի պատմ․, կրթ․, կրոն․ ու մշակութ․ կյանքի, ամերիկահայության մասին, խրախուսել ամերիկահայերի ավելի լայն մասնակցությունը ամերիկ․ ժողովրդավարական գործընթացին, պաշտպանել ամերիկահայերի քաղաքաց․ և մարդու իրավունքները։
Այդ նպատակներն իրագործելու համար Հ․հ․ մշակել է մի շարք ծրագրեր՝ կառավարական, իրավագիտ․, հաս․, ուսանողական, համալսարանական, գաղթականական, որոնք յուրաքանչյուր բնագավառում իրագործում են մասնագիտացած անձնակազմերը՝ գործադիր տնօրենի ղեկավարությամբ։ Կազմակերպությունը ղեկավարում է տնօրենների խորհուրդը, դրամական միջոցները հայթայթում են Հ․հ-ի ծրագրերին աջակցող ամերիկահայերը։
Հ․հ-ի ուշադրության կենտրոնում են ամերիկ․ կառավարության քաղաքականությունը և հատկապես նրա հնարավոր հետևանքները հայության համար։ Ուստի կազմակերպության կառավար․ և իրավագիտ․ մասնաբաժինը մշտապես աշխատում է ԱՄՆ-ի կոնգրեսի և վարչակազմի անդամների հետ՝ ամերիկահայերին հետաքրքրող հարցերի շուրջ։ Հ․հ․ թողարկում է հաղորդագրություններ՝ ԱՄՆ-ի հայ համայնքին տեղյակ պահելով ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության այն դրսևորումներին, որոնք կարող են անդրադառնալ Հայկ․ հարցի վրա։ Հ․հ․ պահպանում է հայերի ցեղասպանության մասին կարևոր փաստաթղթերի հավաքածուներ (ցեղասպանության մասին 1915-ից ի վեր ԱՄՆ-ի կառավարության հրապարակած պաշտոն․ փաստաթղթեր, առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմ․ կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանի և հյուպատոսների տեղեկագրություններ ևն), ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ տրամադրում ամերիկ․ պաշտոնատար անձանց։
Հ․հ-ի հաս․ հարցերի մասնաբաժինը լույս է ընծայում «Համագումարի միջոցառումներ» ամենամսյա լրագիրը և եռամսյա «Համագումարի հանդեսը» (անգլ․), որն առաքվում է 25 հզ․ ամերիկահայ ընտանիքների, ԱՄՆ-ի կոնգրեսականների ու վարչակազմի անդամների, հեռուստատեսության համար պատրաստում է շաբաթական լրատվություն։ Ժողովրդավարական գործընթացին երիտասարդ ամերիկահայերի մասնակցությունը խրախուսելու նպատակով՝ Հ․հ-ի ուսանող․ հարցերի մասնաբաժինը ամեն ամառ Վաշինգտոն է հրավիրում համալսարանական ուսանողների, որոնք աշխատում են դաշնակցային (ֆեդերալ) կառավարության զանազան գործակալություններում ու հաստատություններում (ծրագրին ամեն տարի մասնակցում է ԱՄՆ-ի տարբեր ծայրերից եկած 40 հայ ուսանող)։ Մասնաբաժինը նյութեր է հայթայթում նաև ԱՄՆ-ի համալսարաններում գործող ավելի քան 60 հայ ուսանողական միությունների համար։
Հ․հ-ի համալսարանական (ակադեմիական) հարցերի մասնաբաժինը մշակել և տարածել է Հայկ․ հարցի վերաբերյալ նյութեր՝ հանրային և մասնավոր դպրոցներում օգտագործելու համար։ Ուսուցիչների համար պատրաստել է «Հայկական ցեղասպանության աղբյուրների ուղեցույցը» (անգլ․), ուս․ մի տեսաժապավեն, որում քննարկվում են հայերի ցեղասպանությունը և նրա դասերը։ 1987-ին Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը, նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի ղեկավարությամբ, վավերացրեց նահանգի կրթ․ համակարգում մարդու (ներառյալ հայերի) իրավունքների ու ցեղասպանության վերաբերյալ պարտադիր ուսուցման օրինագիծը։