յաների, մասնավորապես՝ հայերի պաշտպան, կամավոր․ ջոկատներ էր ստեղծում, ապա այժմ ձգտում էր Հ․հ․ հանել ռուս․ դիվանագիտության գործունեության ոլորտից և զրոյի հավասարեցնել հայերի քաղ․ նշանակությունը։ Պատերազմի իրավունքով գրավված հայկ․ նահանգները պետք է վերածվեին Ռուսաստանի սովորական ծայրամասային նահանգների՝ գործնականում զրկված բնիկ՝ հայ բնակչությունից։
Ռուսաստանում 1917-ի Փետր․ հեղափոխությունից հետո ստեղծված Ժամանակավոր կառավարությունը 1917-ի ապրիլի 25-ի որոշումով իր իրավասության տակ վերցրեց Արմ․ Հայաստանի գրավված մասերի կառավարումը։ Տեղահանված և աքսորված հայերին թույլատրվեց վերադառնալ հայրենի տները։ 1917-ի մայիսից ռուս-թուրք․ ճակատում ստեղծվեց ոչ պաշտոն․ զինադադարի իրադրություն։ Ճակատում գտնվող ռուս․ զինվորներին համակել էր ճակատը լքելու և տուն վերադառնալու ձգտումը։ Այդ տրամադրություններն առավել զգալի դարձան 1917-ի հոկտ․ հեղաշրջումից հետո։ Կովկասյան ճակատը մերկանում էր, և բարենպաստ պայմաններ էին ստեղծվում թուրք․ արշավանքի համար։
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդ․ կառավարությունը 1917-ի դեկտ․ 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, վաղուց կորցրած պետականության վերականգնումը։ Խորհրդ․ կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»։ Սակայն դեկրետը չիրագործվեց․ կնքելով Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր, Խորհրդ․ Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից։ Խախտելով 1917-ի դեկտ․ 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրք․ զինադադարը՝ 1918-ի փետր․ թուրք․ զորքերը հարձակման անցան ամբողջ ճակատով և դարձյալ նվաճեցին Արմ․ Հայաստանը։ Իր նպատակներին ծառայեցնելով Բրեստի հաշտության (1918) ընձեռած հնարավորությունները՝ թուրք․ կառավարությունը շարունակեց ճնշում գործադրել Անդրկովկասի վրա՝ պահանջելով նրա անջատվելը Ռուսաստանից՝ հետագա խնդիր ունենալով Անդրկովկասը բաժանել մասերի և այնտեղ հաստատել իր գերիշխանությունը (տես Տրապիզոնի բանակցություններ 1918)։ 1918-ին վերսկսելով հարձակումը, մայիսի կեսին թուրք․ զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ստեղծելով Երևանը գրավելու իրական վտանգ։ Հայ ժողովուրդը հայտնվեց օրհասական վիճակում։ Սակայն Սարդարապատի ճակատամարտում, Ղարաքիլիսայի ճակատամարտում և Բաշ Ապարանի ճակատամարտում հայկ․ զորքերն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն և վերացրին հայ ժողովրդի ֆիզ․ բնաջնջման վտանգը։ Միաժամանակ վերսկսվեցին բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասյան սեյմի միջև (տես Բաթումի պայմանագիր 1918)։ 1918-ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Հանրապետության, 27-ին՝ Ադրբեջանի Հանրապետության (Անդրկովկասի արլ-ում), 28-ին՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Իր ստեղծման պահին Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում էր 9 հզ․ կմ2-ից մի փոքր ավելի, բն․ 326 հզ․։ Թուրքիային, բացի բուն Արմ․ Հայաստանից, անցան նաև Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների զգալի մասը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից հետո թուրք․ զորքերը հեռացան Հայաստանի Հանրապետության և Կարսի մարզի տարածքից, վերականգնվեց 1914-ի սահմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց 56 հզ․ կմ2։
1919-20-ին Հայաստանի Հանրապետությունը մեծ ջանքեր գործադրեց Հ․հ․ լուծել արմ․ տերությունների աջակցությամբ, մեկ միասնական, անկախ պետության մեջ միավորել Հայաստանի արլ․ և արմ․ մասերը։ Հ․հ․ քննարկվեց Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20), որտեղ որոշում ընդունվեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի մանդատը։ Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան։ Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վ․Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ։ 1920-ի օգոստ․ 10-ին Անտանտը հաշտություն կնքեց պարտված Թուրքիայի հետ (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920), համաձայն որի, Թուրքիայի սուլթան․ կառավարությունը ճանաչում էր Հայաստանը իբրև ազատ և անկախ պետություն։ ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար ելքով դեպի Սև ծով։
Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը։ Խորհրդ․ կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկսված ազգայնամոլ շարժումն ուղղել Անտանտի դեմ, փորձեց իր միջնորդությամբ կայունացնել վիճակը տարածաշրջանում։ Սակայն խորհրդա-հայկ․ և խորհրդա-թուրք․ բանակցությունները բազմիցս ընդհատվեցին և ձգձգվեցին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ էր շահում մինչև Սևրի հաշտության կնքումը, իսկ թուրք․ կողմը չէր ուզում հրաժարվել արևմտահայկ․ հողերից։ 1920-ի ամռանը Խորհրդ․ Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց ռազմ․ և դրամ․ զգալի օգնություն, որը նա օգտագործեց արմ-ում՝ Հունաստանի, արլ-ում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։ 1920-ի սեպտ․ թուրք․ բանակն անցավ հարձակման։ Անկարայի կառավարությունը, նորանոր հողեր զավթելով, հայ ժողովրդի արլ․ հատվածը կոտորելով, ձգտում էր զրկել հայերին սեփական պետություն վերստեղծելու հնարավորությունից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Իտալիան, իրականացնելով Սևրի հաշտության պայմանները, անմիջապես հանդես կգան հօգուտ հայերի և հակահարված կտան Թուրքիային։ Հայկ․ կառավարությունը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով միջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ համաձայն Սևրի