պայմանագրի։ Սակայն դիմումներն արդյունք չտվեցին։ Թուրք․ զորքերը շարունակեցին հարձակումը։ Թուրքիայի անհաշտ ու ռազմատենչ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պայմանավորված էր ստեղծված միջազգ․ բարենպաստ իրադրությամբ, որից հաջողությամբ օգտվեց քեմալ․ կառավարությունը, ինչպես և Անտանտի ու Խորհրդ․ Ռուսաստանի միջև ռազմ․ առճակատումով։
Հեղ․ քարոզչությամբ, բարոյալքված, հարևանների ոտնձգությունների դեմ անընդհատ պատերազմելու հետևանքով թուլացած հայկ․ բանակը պարտվեց։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1920-ի դեկտ․ 2-ին ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով հանրապետությանն էին մնում միայն Երևանի և Սևանի շրջակա տարածքները, հայկ․ կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից, Թուրքիան իր հսկողությունն էր սահմանում հաղորդակցության ճանապարհների վրա ևն։ Նույն օրը, Խորհրդ․ Ռուսաստանի ճնշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրաժարվեց իշխանությունից (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր (տես Մոսկվայի պայմանագիր 1921), որը թալանչիական էր Հայաստանի և հայ ժողովըրդի նկատմամբ։ Այդ պայմանագրի համաձայն որոշված էր Խորհրդ․ Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Թուրքիային էին անցնում ոչ միայն ամբողջ Արմ․ Հայաստանը՝ Կարսի մարզի հետ, այլև Սուրմալու գավառը։ Պայմանագրում մտցվեց հատուկ հոդված, որի համաձայն Նախիջևանի մարզում կազմվում էր «ինքնավար տարածք՝ Ադրբեջանի հովանավորության ներքո, պայմանով, որ Ադըրբեջանը սույն հովանավորությունը չի զիջի մի երրորդ պետության»։ Մոսկվայի պայմանագիրը խորապես հակասում էր հայ ժողովրդի շահերին։ 1921-ի հոկտ․ 13-ին Կարսում ՌԽՖՍՀ մասնակցությամբ կնքվեց պայմանագիր մի կողմից Խորհրդ․ Հայաստանի, Խորհրդ․ Վրաստանի, Խորհրդ․ Ադրբեջանի, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, որն աննշան տարբերությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ձեռնտու էր բոլորին, բացի Խորհրդ․ Հայաստանից (տես Կարսի պայմանագիր 1921)։
Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կառավարությունները փորձում էին Հ․հ․ ծառայեցնել իրենց ծրագրերին և երբեք լրջորեն չմտահոգվեցին հայ ժողովրդի ճակատագրով։ 1920-ի նոյեմբ-դեկտ․ Լոնդոնի կոնֆերանսում, իսկ 1921-ի հունվ․ Փարիզում Անտանտի գլխ․ նիստում Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով։ Մինչև Լոզանի կոնֆերանսը (1922-23) Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան նահանջել էին Սևրի հաշտության դրույթները պաշտպանելու և Հ․հ․ լուծելու դիրքերից։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին վերացական ձևակերպումով, ինչը Լոզանի կոնֆերանսում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով։ Ազգերի լիգան նույնպես անկարող եղավ ինչ-որ կերպ թեթևացնել ցեղասպանության ենթարկված և տեղահանված ժողովրդի վիճակը։
Հ․հ-ի անկապտելի մասն է կազմում Լեռնային Ղարաբաղի հարցը։ 1918-20-ին Ադրբեջանի Հանրապետության մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձեց զավթել Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանն ու Զանգեզուրը։ Սակայն Հայաստանի այդ շրջանների բնակչությունը զենքով պաշտպանեց իր հողն ու իրավունքներն այդ ոտնձգություններից։ 1921-ի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստում որոշվեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին։ Այդ ոչ սահմանադրական, կուսակցական, այսինքն՝ անիրավական որոշմամբ բուն հայկ․ հողերը՝ հայ բնակչությամբ, արհեստականորեն անջատվեցին Հայաստանից, իսկ 1923-ի սահմանազատման հետևանքով մարզը զրկվեց Խորհրդ․ Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալուց և անջատվեց «ադրբեջանական» տարածքի բարակ շերտով (տես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։
XX դ․ սկզբին հայ ժողովուրդը, չնայած ահավոր ցեղասպանությանը և տեղահանությանը, կարողացավ վերապրել և անգամ վերականգնել պետականությունը իր բուն հայրենիքի մի մասում, իսկ ցեղասպանությունից ու տեղահանությունից փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ։ Ամրապնդվելով և զարգանալով իրենց ապաստանած երկրներում, չկորցնելով ազգ․ ինքնագիտակցությունը՝ իրենց պապերի հողերից վտարված հայերը շարունակեցին պայքարը հանուն ազգ․ գոյատևման ու կորսված հարազատ հողի իրավունքի, հանուն մեկ միասնական պետության մեջ համախմբման։
Երկրորդ համաշխ․ պատերազմի (1939-45) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Թուրքիային անցած Արմ․ Հայաստանի տարածքը Խորհրդ․ Հայաստանին միացնելու համար։ Սփյուռքահայ կազմակերպություններն ու գործիչներն այդ պահանջով դիմեցին հաղթող տերությունների ղեկավարներին, ՄԱԿ-ի Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (1945-ի ապրիլ), երեք դաշնակից տերությունների ղեկավարների Բեռլինի կոնֆերանսին (1945-ի օգոստ․), արտաքին գործերի նախարարների խորհրդի Լոնդոնի նստաշրջանին (1945-ի սեպտ․), երեք տերությունների արտաքին գործերի նախարարների Մոսկվայի խորհրդակցությանը (1945-ի դեկտ․), ՄԱԿ-ի Գլխ․ ասամբլեայի Լոնդոնի 1-ին նստաշրջանին (1946-ի հունվ․) ևն։ 1945-ի նոյեմբ․ 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ պահանջելով Խորհրդ․ Հայաստանին միացնել Արմ․ Հայաստանը։ 1945-ի մարտին խորհրդ․ կառավարությունը, ելնելով երկրորդ աշխարհամարտից հետո