ստեղծված միջազգ․ նոր իրադրությունից, հայտարարեց 1925-ի խորհրդա-թուրք․ պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին։ 1945-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդա-թուրք․ բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ, որը պայմանավորված էր խորհրդ․ կառավարության կողմից իբրև ժամանակի ոգուն չհամապատասխանող և արմատական բարելավման կարիք ունեցող 1925-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ։ Թուրք․ կողմն առաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։ Դրան խորհրդ․ կողմը պատասխանեց, որ դեմ չէ որոշակի պայմաններով այդպիսի պայմանագիր կնքելուն, մասնավորապես, եթե Թուրքիան վերադարձնի 1921-ին Խորհրդ․ Հայաստանից խլված Կարսը և Արդահանը։ Սակայն դաշնակցային պայմանագիրը Թուրքիայի հետ չկնքվեց։ Երեք դաշնակից տերությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարների 1945-ի Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսում, ի թիվս այլ հարցերի, լսվեց նաև Հ․հ․։
1953-ի մայիսի 30-ին խորհրդ․ կառավարությունը, անտեսելով հայ ժողովըրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից․․․»։
Այդպիսով, խորհրդ․ կառավարությունը հայտարարում է, որ Խորհրդ․ Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից։ ԽՍՀՄ-ի նման հակահայկ․ դիրքը հաստատվել է հետագայում ևս՝ միջազգ․ մի շարք փաստաթղթերում։
Հ․հ․ լուծելու, համաշխ․ համագործակցության կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու համար սփյուռքահայերի պայքարը առավել գործուն դարձավ 1960-ական թթ․ կեսից՝ հայերի ցեղասպանության 50-ամյակի նախօրեին։ 1965-ին Մեծ եղեռնի տարելիցն առաջին անգամ պաշտոնապես նշվեց Խորհրդ․ Հայաստանում։ Վերսկսվեց Հ․հ․ և հայոց ցեղասպանության հիմնախնդրի ուսումնասիրությունը։ 1988-ի նոյեմբ․ 22-ին ՀԽՍՀ ԳԽ ընդունեց Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին փաստաթուղթը։
1960-80-ական թթ․ նկատելիորեն ուժեղացավ համաշխ․ հասարակայնության հետաքրքրությունը Հ․հ-ի նկատմամբ, և այն քննարկվեց միջազգ․ տարբեր կազմակերպություններում, գիտ․ և հաս․ համաժողովներում, կոնֆերանսներում և գիտաժողովներում։ 1960-ական թթ․ վերջից Հ․հ․ դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգ․ փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա։ Հ․հ-ին հատուկ նվիրվեց Փարիզի ժողովուրդների մշտական ատյանի նիստը 1984-ի ապրիլին, եկեղեցիների համաշխ․ խորհրդի համագումարը (ԱՄՆ, 1989-ի մայիս) ևն, որոնց որոշումներում նշվեց հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը, սփյուռքահայերին իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքի ապահովումը։ Հայերի ցեղասպանության փաստի համաշխ․ ճանաչման և դատապարտման հարցին 1970-80-ական թթ․ գործուն աջակցություն ցույց տվեցին մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ ևն)։ ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվեցին Օսմ․ կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվեցին։ Թուրքիան վարում է հայերի ցեղասպանության փաստը չճանաչելու և մերժելու քաղաքականություն։ 1983-ից Հ․հ․ քննարկվել է Եվրոխորհրդարանում։ 1987-ի հունիսի 18-ին Եվրոխորհրդարանն ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
Ժամանակակից պայմաններում Հ․հ․ ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմ․ արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգ․ ինքնության պահպանման, Հայաստանի միավորման համար։
Գրկ․ Լեո, Հայոց հարցը, Թ․, 1906։ Նույնի, Հայոց հարցի վավերագրերը, Թ․, 1915։ Իշխանյան Բ․, Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թ․, 1906։ Բրանդես Գ․, Հայաստանը և Եվրոպան, Ժնև, 1907։ Եվրոպացիների կարծիքը հայկական դատի մասին, Ժնև, 1907։ Բյուրատ Սմբատ, Արևելյան խնդիր և Հայկական հարց, ԿՊ, 1919։ Մանդելշտամ Ա․, Օսմանյան կայսրության ճակատագիրը և Հայկական հարցը, մաս 1, ԿՊ, 1919։ Քրաֆտ-Բոնար Ս․, Հայկական խնդիրը, Ժնև, 1927։ Սերոբյան Մ․, Հայկական հարցը և անոր փուլերը, Բեյրութ, 1937։ Գաբիկյան Խ․, Հայկական հարցը, Բեյրութ, 1938։ Աղբաշյան Հ․, Հայկական հարցը երեկ և այսօր, Կահիրե, 1946։ Ներսիսյան Մ․, Հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ (1850-1870 թթ․), Ե․, 1955։ Եսայան Ս․, «Հայկական հարցը» և միջազգային դիվանագիտությունը, Ե․, 1965։ Կիրակոսյան Ջ․, Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե․, 1965։ Նույնի, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ․), Ե․, 1978։ Նույնի, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ․), Ե․, 1980։ Մսըրլյան Զ․, Արևմտահայ բռնագրաված հողերու հարցը 1921-1971 թթ․, Բեյրութ, 1971։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե․, 1972։ Թորիկյան Շ․, Հայկական հարցը և միջազգային օրենքը, Բեյրութ, 1976։ Խուրշուդյան