Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դատապարտվեց ցմահ բանտարկության), 1983-ի մարտի 9-ին Բելգրադի թուրք․ դեսպանի [Հարություն Լևոնյանը (այլ անունով՝ Անդրանիկ Պողոսյան) և Րաֆֆի Էլպեքյանը դատապարտվեցին 20 տարվա բանտարկության, Հ․ Լևոնյանը ազատ արձակվեց 1987-ին, Ր․ Էլպեքյանը՝ 1990-ին] սպանությունները։ 1982-ի հոկտ․ 22-ին, ՀՑԱՄ-ի անդամ լինելու մեղադրանքով, ԱՄՆ-ի հետաքննությունների ֆեդերալ բյուրոն Բոստոնում ձերբակալեց Սթիվըն Դեդեյանին, իսկ Լոս Անջելեսում՝ Վիգեն Հովսեփյանին, Վիգեն Յակուբյանին, Գառնիկ Սարգիսյանին և Տիգրան Բերբերյանին, նրանց մոտ հայտնաբերեց ռազմամթերք։ Հինգն էլ դատապարտվեցին տարբեր ժամկետների բանտարկության։ 1983-ից հետո ՀՑԱՄ հակաթուրք․ որևէ գործողություն չի հանձնառել։


ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԵՐՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀՈՒՄԸ, Association Internationale des Études Armèniennes), հայագետների միջազգային միություն։ Հիմնադրվել է 1983-ին, Լեյդենի (Նիդեռլանդներ) համալսարանում հայագետներ Մայքլ Ստոնի (Երուսաղեմի Իսրայելական համալսարան) և Ջոզ Վայթենբերգի (Լեյդենի համալսարան) նախաձեռնությամբ։ Միավորում է տարբեր երկրների 100-ից ավելի հայագետների (1999)։ Ըստ 1983-ին ընդունված կանոնադրության՝ ընկերակցության նպատակն է զարկ տալ հայագիտության տարբեր բնագավառներին (հայոց պատմություն, լեզվաբանություն, գրականություն, հնագիտություն, արվեստ ևն), նպաստել հայ մշակույթի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը։ Ընկերակցությանը կից գործում է հայագիտության տեղեկատու կենտրոն (Լեյդեն)։ Հրատարակում է պարբերական «Newsletter» («Լրաբեր»), ուր նյութեր են հրապարակվում ֆրանս․ և անգլ․։ Ընկերակցությունը պարբերաբար գումարում է ընդհանուր գիտաժողովներ [1983-ին՝ Լեյդենում, 1984-ին՝ Տրիրում (Գերմանիա), 1986-ին՝ Բրյուսելում (Բելգիա), 1988-ին՝ Ֆրիբուրում (Շվեյցարիա), 1990-ին՝ Բոլոնիայում (Իտալիա), 1993-ին՝ Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), 1996-ին՝ Լուվենում (Բելգիա)] և սեմինարներ՝ նվիրված առանձին խնդիրների։ 1988-ից գիտաժողովներին մասնակցում են Հայաստանի գիտնականները։ Ընկերակցությունը կապեր է պահպանում աշխարհի տարբեր հայագիտական կենտրոնների, այդ թվում ՀՀ ԳԱԱ-ի հետ (1987-ից)։ Օգտվում է մի շարք բարեգործական հաստատությունների (այդ թվում Կյուլպենկյան հաստատության) օժանդակությունից։

ՀՈՒՄԸ-ի նախագահն է պրոֆ․ Մ․Ստոնը (1983-ից)։


ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայության բնագավառում աշխատող անձանց միավորող կամավոր հասարակական կազմակերպություն ՀՀ-ում։ Ստեղծվել է 1990-ին՝ ԽՍՀՄ փիլ․ ընկերության հայկ․ բաժանմունքի (1975-90) հիման վրա (նախագահներ Հ․Գ․Գաբրիելյան՝ 1974-77, Գ․Ա․Բրուտյան՝ 1977-90, Լ․Խ․Քալաշյան՝ 1990-ից)։ Ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է, որն ընտրում է պրեզիդենտ (Գ․Ա․Բրուտյան, 1990-93, Լ․Խ․ Քալաշյան, 1993-ից, պատվավոր պրեզիդենտ Վ․Հ․Համբարձումյան, 1990-96), վարչություն և վերստուգիչ հանձնաժողով, 5 տարով։ Հ․փ․ը-յան անդամ կարող են լինել նաև արտասահմանի հայ գիտնականները։ Նպատակն է խթանել փիլիսոփաների գործունեությունը, կոորդինացնել ԳՀ աշխատանքները, միջազգ․ կապեր հաստատել փիլ․ և հայագիտական կազմակերպությունների հետ և այլն։ Կազմակերպում է միջազգ․ և հանրապետ․ գիտաժողովներ, «կլոր սեղաններ», հրատարակում է «Տարեգիրք» (1982-ից)։


ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐ, հայքար, օտար աղբյուրներում՝ Pierre d՚ Armenie, Armenicon, Armenion, արմենակուն, հաճար ը Էրմանի ևն, վառ կապույտ միներալ, բնական գունաքար։ Ըստ քիմիկոս Մ․ Կլապրոտի (1743-1817)՝ Հ․ք․ կազմված էր սիլիկահողից (46 %), կավից (14,5), ածխաթըթվական (28) և ծծմբաթթվական (16) կրերից, երկաթի օքսիդից (3) և ջրից (2), այլ տվյալներով՝ նաև պղնձի օքսիդից։ Ըստ Մանուել Քաջունու՝ պղնձի հիդրօքսոկարբոնատն է։ Խտութ․ ավելի քան 3000 կգ/մ 3։ Հանդիպել է հայտնի լաջվարդի (լազուրիտ, խտութ․ 2380-2450 կգ/մ 3) հետ, այդ պատճառով էլ կոչվել է նաև կեղծ լազուրիտ (false Lapis Lazuli)։ Օգտագործվել է որպես թանկարժեք քար (մատանու, կնիքի ևնի), դեղամիջոց և նկարչական ներկի հումք։ Հ․ք-ի փոշուց պատրաստված ներկերը միջին դարերում կոչվել են հայկական կապույտ։ Արաբները Հ․ք․ երբեմն շփոթել են հայկական կավի հետ։

Հ․ք․ հայտնի էր դեռևս Թեոֆրաստին (մ․թ․ա․ IV-III դդ․), Պլինիոս Ավագը (I դ․) Հ․ք․ (Armenium) հիշատակում է որպես Հայաստանից առաքվող ներկանյութ։ Դիոսկորիդեսը (I դ․), Ավիցեննան (X-XI դդ․), Ալ Բիրունին (X-XI դդ․) հիշատակում են որպես մելամաղձության ու տենդի դեղամիջոց։ Ըստ Մխիթար Հերացու՝ Հ․ք․ օգնում է գլխի, աչքերի, ոսկորների ցավի դեպքում, նպաստում գլխից և մարմնից խոնավության հեռացմանը։ Ամիրդովլաթ Ամասիացին տարբերակել է Հ․ք-ի երկու տեսակ․ մեկը՝ լազուրիտի նման (կապուտաքար, պարտեզաքար), մյուսը՝ մուգ կարմիր, շոշափելիս՝ կակուղ։


ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ, տես Հայոց տոմար։


ՀԱՅԿԱՁՈՐ, գյուղ ՀՀ Շիրակի մարզում։ Հ-ում պահպանվել է X դ․ հայկ․ ճարտ-յան լավագույն նմուշներից՝ Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (980-985, ճարտ․ Սամեհան)։ Կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից, երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ հորինվածքով։ Ընդարձակ աղոթասրահը արլ-ից