միջև՝ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի։ Կնքվել է Վարդանանց պատերազմի ժամանակ, 450-ի Խաղխաղի ճակատամարտում հայերի հաղթանակից հետո։ Հ-հ․դ․ թեև նախատեսում էր համատեղ ռազմ․ գործողություններ պարսկ․ բանակի դեմ, այնուամենայնիվ հոները հայերին օգնել են միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո՝ ավերելով դարձյալ պարսիկներին անցած Ճորա պահակը, ասպատակելով պարսկ․ տերության սահմանամերձ շրջանները։
Գրկ․ Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե․, 1989։
ՀԱՅ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 1254, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում։ Մոնղ․ կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկ․ հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղ․ տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հս․ Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հ-մ․դ․ սկզբ․ շրջանում դրական նշանակություն է ունեցել մահմեդ․ իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգ․ դիրքը, նպաստել երկրի տնտ․ վերելքին։ Սակայն XIII դ․ վերջին (հատկապես մոնղոլների մահմեդ․ ընդունելուց հետո) Հ-մ․դ․ կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, Հ-մ․դ․ փաստորեն դադարել է գոյություն ունենալ։
Գրկ․ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ․, 1956։ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։
«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ», բաժնետիրական ընկերություն։ Հիմնադրվել է 1955-ին, Երևանում։ 1955-58-ին կոչվել է «Հայքաղգյուղշիննախագիծ», 1958-95-ին՝ «Հայպետնախագիծ» նախագծային ինստ․։ «Հ․»-ում մշակվում են հանրապետության քաղաքների ու մարզկենտրոնների գլխ․ հատակագծեր (բացի Երևանից), կառուցապատման, զանգվածային շինարարության և կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծեր։ 1958-ից մշակվում են նաև բնակելի և հաս․ շենքերի տիպային նախագծեր։ Ունի ճարտ․ քաղաքաշինության հատակագծման արվեստանոցներ, տեխ․ և նախահաշվային բաժիններ, հաշվող․ կենտրոն։ «Հ․»-ում մշակված նախագծերով են կառուցվել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ-ի համալիրները, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանը, Երիտասարդության պալատը (Երևան), Աճեմյանի անվ․ թատրոնի և հյուրանոցի շենքերը Գյումրիում, Բյուրականի աստղադիտարանի կառույցները, Մեծամոր քաղաքը ևն։ Մշակվել են նաև Գյումրիի, Վանաձորի, Ստեփանավանի, Գորիսի գլխ․ հատակագծերը։ «Հ․»-ում մշակված նախագծերով կառուցված մարզահամերգային համալիրն արժանացել է ԽՍՀՄ պետ․ (1987), իսկ «Հրազդան» մարզադաշտը (1979), «Այրարատ» կինոթատրոնը (1980), «Զվարթնոց» օդանավակայանը (1985), «Կումայրի» արգելոցը (Գյումրի, 1985), Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը (Դիլիջան, 1985)՝ ՀՀ պետ․ մրց-ների։ «Էրեբունի» օդանավակայանը (1984) և Էջմիածնի լայնէկրան կինոթատրոնի շենքը (1982) ԽՍՀՄ ճարտարապետների միության «Տարվա լավագույն նախագիծը» մրցույթում շահել են դիպլոմներ։
ՀԱՅՆԻ, Հայնե, Հանի, քաղաք, համանուն գյուղախմբի կենտրոնը Արևմտյան Հայաստանի Դիարբեքիրի նահանգի Լըջե գավառակում, Դիարբեքիր (Ամիդ) քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք, Անբար (Ամբըրչայ) գետի գեղատեսիլ հովտում։ Հայկ․ աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Տարոնի Ս․Հովհաննես (Եղրդուտի) վանքի 1445-ի կոնդակում։ 1878-ին՝ ավելի քան 3000, 1914-ին՝ մոտ 8000 հայ բն․։ Զբաղվում էին արհեստներով (հատկապես ջուլհակությամբ և կոշկակարությամբ), այգեգործությամբ, առևտրով։ Հայկ․ 2 համայնքները (լուսավորչ․ և բողոք․) ունեին մեկական եկեղեցի (լուսավորչականը՝ Ս․Աստվածածին), 5 վարժարան՝ ավելի քան 700 աշակերտով։ Հ-ում բնակվում էին նաև դմլիկներ (զազաներ)։ Նշանավոր էր քաղաքի կենտրոնում գտնվող Էնգեբիր (Այնի Քեբիր) աղբյուրը, որից, ըստ ժող․ ստուգաբանության, առաջացել է Հ․ անվանումը։ Շրջակայքում կային մեծ քանակությամբ ջերմուկներ, աղի, քարի, կրաքարի չօգտագործվող հանքեր։ Հ-ի մերձակա Ներիբ լ-շղթայի երբեմնի խիտ կաղնու անտառները, անխնա հատման հետևանքով, XX դ․ սկզբին գրեթե վերացել էին։
1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Հ-ի հայերը բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Գրկ․ Ժամկոչյան Բ․, Հայնի, Բեյրութ, 1952։ Սրվանձտյանց Գ․, Թորոս աղբար, Երկ․, հ․ 2, Ե․, 1982։ Ուխտավոր, Տիգրանակերտ և յուր բնակիչները, «Արձագանք», Թ․, 1894, № 54։
ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1906-ին, Թիֆլիսում, Ե․Լալայանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր՝ ընդլայնել ազգագր․ և մարդաբան․ աշխատանքներն Այսրկովկասում և կից երկրներում։ Նախագահն էր Ա․