Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մելիք-Ազարյանը, անդամ-քարտուղարը, միաժամանակ՝ խմբագր․ մասնաժողովի նախագահը և գիտ․ ղեկավարը՝ Ե․ Լալայանը։ Ընկերության դրամ․ միջոցները գոյացել են անդամավճարներից, նվիրատվություններից, ընկերության օգտին տրված համերգներից, երեկույթներից, դասախոսություններից, գրքերի ու պարբերականների վաճառքից ստացված գումարներից։

Ընկերության գործերը վարել են ընդհանուր ժողովը (հրավիրվել է տարին մեկ անգամ), խորհուրդը և խմբագր․ մասնաժողովը։ Հ․ա․ը․ իր մասնաճյուղերն ուներ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր։ Գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում Հ․ա․ը․ կազմակերպել է գիտ․ արշավախմբեր, որոնք ազգագր․ և հնագիտ․ ուսումնասիրություններ են կատարել Այսրկովկասի և Արմ․ Հայաստանի մի շարք շրջաններում։ Ընկերության ջանքերով հրատարակվել է «Ազգագրական հանդես»-ի շուրջ 20 գիրք, կազմվել Վայոց ձորի, Նոր Բայազետի, Վասպուրականի հուշարձանների ալբոմները, Վասպուրականի հայ․ ձեռագրերի ցուցակը, Թիֆլիսում ստեղծվել հնագիտ․ և ազգագր․ թանգարան, ազգագր-մարդաբան․ և կովկասագիտ․ գրադարան (1908), Արմ․ Հայաստանից Այսրկովկաս գաղթած հայերից գրի առնվել մոտ 50 հատոր բանահյուս․ նյութ։


ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ՀԱԽ), Արևելահայ ազգային խորհուրդ, ստեղծվել է Թիֆլիսում, 1917-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը կայացած Հայ ազգային խորհրդակցությունում (համագումար)։ ՀԱԽ-ի ստեղծման համար նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռևս 1916-ից, երբ մի շարք կուս-ներ ու հոսանքներ հանդես եկան հայ հաս․ բոլոր հոսանքները ներկայացնող մի մարմին ստեղծելու նախաձեռնությամբ։ Ռուսաստանում Փետր․ հեղափոխության (1917) հաղթանակից հետո հայ հաս-քաղ․ շրջանակները, որոնք շահագրգռված էին պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ՝ հանուն Արմ․ Հայաստանի ազատագրման, գրավեցին սպասողական դիրք։ Երբ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության արտաքին քաղ․ ուղղությունը հստակվեց, հայ ազգ․ կուս-ները վերսկսեցին աշխատանքը համազգ․ մարմին ստեղծելու նպատակով։ Հրավիրվեց համախորհրդակցություն, որտեղ ընտրվեց ՀԱԽ (հաջորդեց Ազգային բյուրոյին) և արտահայտվեց Ժամանակավոր կառավարությանն աջակցելու օգտին։ ՀԱԽ կազմված էր 15 անդամներից, որոնց թվում՝ 6 դաշնակցական (Ա․Ահարոնյան՝ նախագահ, Ս․Գյուլխանդանյան, Ռ․Տեր-Մինասյան, Խ․Կարճիկյան, Ն․Աղբալյան, Կ․ Ղազարյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (էսէռ Հ․ Տեր-Օհանյան, Լ․Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղ․Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Ա․Երզնկյան), հայ ժող․ կուսակցությունից 2 ներկայացուցիչ (Ս․Հարությունյան, Հ․Այվազյան) և 3 անկուսակցական (Տ․Բեկզադյան, Ս․Մամիկոնյան, Պ․Զաքարյան)։ 1917-ի նոյեմբ․ 1-ին հրապարակված ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում էր․ «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին»։ ՀԱԽ-ի զինվ․ միությունը որոշեց ստեղծել Հայկական կորպուս՝ գեն․ Թ․Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ։ ՀԱԽ-ը զգալի դեր խաղաց հայ ժողովրդի գոյապահպանման, թուրք․ սպառնալիքի դեմ ազգ-ազատագր․ շարժման կազմակերպման ու հայ ժողովրդի համախմբման գործում։ Անդրկովկասում ազգ․ հանրապետությունների կազմավորումից հետո, 1918-ի մայիսի 28-ին ՀԱԽ «․․․իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։

Հայաստանի Հանրապետության (1918-20) կառավարության ստեղծումով՝ ՀԱԽ դադարեց գործել։

Գրկ․ Լեո, Անցյալից, Թ․, 1925։ Անանուն Դ․, Ռուսահայերի հասարակական զարգացումը, հ․ 3, Վնտ․, 1926։ Մելիքյան Վ․Հ․, Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը և Հայկական Ազգային խորհուրդների ստեղծումը (1916 թ․ մարտ - 1917 թ․ հոկտեմբեր), ԼՀԳ, 1989, № 6։


ՀԱՅՈՑ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, թատերական կազմակերպություն։ Հիմնվել է 1901-ին, Թիֆլիսում, թատեր․ գործիչ Մ․Թումանյանի և դրամատուրգ Գ․ Սունդուկյանի ջանքերով։ Ունեցել է մասնաճյուղեր գավառներում։

Նախապես կոչվել է Հայկ․ թատրոնական ընկերություն։ Նպաստել է հայ թատրոնի զարգացմանը, խաղացանկի հարստացմանը, դերասան․ կայուն խմբեր ստեղծելուն, դերասանների նյութ․ վիճակի բարելավմանը ևն։ 1908-ին նշել է արևելահայ թատրոնի 50-ամյակը, պատվ․ անդամներ են ընտրվել Գ․ Չմշկյանը, Ա․ Հրաչյան, Սիրանույշը, Գ․ Տեր-Դավթյանը, Վ․ Աբաշիձեն, Ա․ Յուժին-Սումբատովը, Հ․Աբելյանը և ուր․։ Նույն թվականին լույս է տեսել «Հայոց դրամատիկական ընկերության տեղեկագիրը», ուր տպագրվել են հայ թատրոնին վերաբերող բազմաթիվ հոդվածներ և հաշվետվություններ։ Նախագահներ են եղել Մ․Թումանյանը, Մ․ Ջաբարը, Բ․ Արղության-Երկայնաբազուկը և ուր․։ Գործել է մինչև 1921-ը։


ՀԱՅՈՑ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կազմակերպվել է 1917-ին, Թիֆլիսում, Ս․ Մելիքյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ (կոչվել է նաև երգեցիկ ընկերություն)։ Նպատակն էր՝ հասարակության լայն խավերում տարածել բազմաձայն երաժշտությունը, աջակցել երգիչների մասնագիտ․ ուսուցմանը։ Կազմակերպել է միասեռ և խառը կազմով երգչախմբեր։ Նյութ․ հասույթները գոյացել են անդամավճարներից, համերգներից և նվիրատվություններից։ Երգչախմբերի կատարողացանկն ընդգրկել է ժող․, հայկ․ հոգևոր երգեր, հայ, ռուս և այլ ազգերի կոմպոզիտորների խմբերգային երկեր։ 1917-21-ին ղեկա