է 584-ին՝ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի օրոք։ Հ․մ․թ-ի գործածման՝ մեզ հայտնի առաջին փաստը Թալինի Կաթողիկե եկեղեցում պահպանված արձանագրությունն է (783)։ Կոչվել է նաև Թուականութիւն Հայկազեան տոհմի, Թուաբերութիւն Արամեան, Թորգոմեան թուական ևն։
Ըստ հայկ․ ձեռագրերում բերված տեղեկությունների՝ Հ․մ․թ-ի սկիզբը (առաջին տարին՝ 552-ի հուլիսի 11-ից մինչև 553-ի հուլիսի 10-ը) կապվում է Էաս Աղեքսանդրացու կազմած 532-ամյա զատկացանկի գործածության հետ, ըստ որի, առաջին տարվա հիմն․ եկեղեց․ տոները՝ Ծնունդը և Զատիկը, համընկել են, համապատասխանաբար, 553-ի հունվ․ 6-ի և ապրիլի 20-ի հետ։ Հ․մ․թ․ և Հայոց տոմարը ճիշտ գործածելու և սխալներից խուսափելու համար՝ գրվում էին տոմարագիտ․ աշխատություններ և մեկնություններ։ Ձեռագրերում պահպանված՝ հայկ․ և այլ տոմարների զուգահեռ հաշվարկներում Հռոմ․ թվականի սկիզբը համարվում էր Հռոմի հիմնադրման 1000-րդ տարին։ Ուստի, հռոմ․ թվականի և Հ․մ․թ-ի տարբերությունը 304 տարի է, որն էլ, որպես կանոն, բերվում է տոմարական սահմանումներում։ Սակավ հանդիպում է Հ․մ․թ-ի համեմատությունը Քրիստոսի ծննդյան թվականի հետ (տարբերությունը երբեմն 551 տարի է, երբեմն 553)։ Որպես կանոն, հայոց յուրաքանչյուր տարի ընկնում էր հռոմ․ երկու տարվա տարբեր մասերի վրա։ 1320-ին Նավասարդի 1-ը համընկել է հունվ․ 1-ի, իսկ հաջորդ տարվա Նավասարդի 1-ը՝ նույն թվականի դեկտ․ 31-ի հետ։ Ուստի, տարեսկզբի՝ Նավասարդի 1-ի համար Հ․մ․թ-ով հաշվարկներ կատարելիս, մինչև 1320-ը մ․թ-ից պետք է հանել 551, իսկ 1320-ից հետո՝ 550։
Գրկ․ Թումանյան Բ․Ե․, Հայ աստղագիտության պատմություն, Ե․, 1964։ Նույնի, Տոմարի պատմություն, Ե․, 1972։ Ադամյան Ի․, Հայկական թվականի մասին գիտելիքներ, «Բազմավեպ», 1966, № 7-10։ Բադալյան Հ․Ս․, Հայոց տոմարի պատմություն, Ե․, 1976։
ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐ, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի համակարգ, որն օգտագործվել է Հայաստանում։ Պատկանում է արեգակնային հնագույն տոմարների (եգիպտ․, զրադաշտ․, հուլյան ևն) թվին։ Մինչև հայ գրերի ստեղծումը (V դ․) Հ․տ-ի մասին տեղեկությունները սակավաթիվ են։ Դրանք, հիմնականում, կապված են իրեղեն հուշարձանների (ժայռապատկերներ, գոտի-օրացույցներ, կենցաղ․ իրեր) հետ։ Հայկ․ լեռնաշխարհի բնակիչներն օգտվել են լուսնային, այնուհետև՝ լուսնաարեգակնային օրացույցներից։ Ըստ վերջինիս՝ տարին սկսվում էր գարնանամուտից, ուներ 12 լուսնային ամիս, որոնք բաժանված էին շաբաթների։ Լուսնաարեգակնային օրացույցներում օրացուցային հաշիվները տարվա եղանակների ժամանակի հետ համապատասխանեցնելու նպատակով, որոշ տարիներ հաշվվել են ոչ թե 12, այլ 13 ամիս։ Ենթադրվում է, որ մ․թ․ա․ առաջին հազարամյակի կեսին հայերն սկսել են օգտագործել 12 x 30 + 5 տեսակի արեգակնային օրացույց՝ հիմքում ունենալով արևադարձային տարին։ Ձեռագրերում պահպանված մի ավանդության համաձայն, Հ․տ-ի սկիզբը կապվում է Հայկ նահապետի՝ Բելի դեմ կռվում տարած հաղթանակի հետ (ըստ Ղ․Ալիշանի՝ մ․թ․ա․ 2492), իսկ ամիսների անունները՝ Հայկի որդիների և դուստրերի անունների հետ։
Որոշ ուսումնասիրողներ Հ․տ․ նմանեցրել են եգիպտ․ օրացույցին, ըստ որի, յուրաքանչյուր 4-րդ տարին մեկ օրով շուտ էր սկսվում (օրացուցային տարին իրական արևադարձային տարուց 1/4 օրով պակաս լինելու պատճառով)։ Տարեսկզբի դիրքը վերականգնվում էր 1460 (365 x 4) տարի անց։ Եգիպտացիներն այս թիվն անվանել են Սոթիսի շրջան, իսկ հայերը՝ Հայկյան շրջան։ Մ․թ․ա․ 26-ին հռոմ․ Օգոստոս կայսրի օրոք եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ հայկ․ շարժական տոմարը հարատևել է դարեր։ Հայտնի է, որ Նիկիայի եկեղեց․ ժողովից (325) հետո քրիստ․ բոլոր ժողովուրդներն ընդունել են հուլյան տոմարը։ Հռոմ․ կայսրության արմ-ում այն ընդունվել է առանց փոփոխության, իսկ արլ․ նահանգներում նոր տոմարը հարմարեցվել է տեղական սովորույթներին։ Ըստ հայկ․ ձեռագրերում հանդիպող տեղեկությունների՝ Նիկիայի ժողովից հետո հայերը նույնպես առաջնորդվել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352-551) զատկացանկով, որի ավարտից հետո սկսվել է Հայոց մեծ թվականը։
Ձեռագրերը վկայում են, որ VII դ․ Անաստաս կաթողիկոսի հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը, սակայն, գործածության մեջ չի մտել։ Ձեռագրերում պահպանվել է VII դ-ից ոչ շուտ գրված՝ հայկ․ շարժական և հարևան ժողովուրդների անշարժ տոմար․ համակարգերին նվիրված աշխատություն՝ «Պատճէն տումարի», որի հեղինակը, ամենայն հավանականությամբ, Անանիա Շիրակացին է։ Միջնադարյան բարձրագույն վանական դպրոցներում այդ գիրքը ծառայել է որպես տոմարագիտության դասագիրք։
Հ․տ-ի մի նոր փուլ՝ Հայոց փոքր թվականը կապվում է 532-ամյա երկրորդ պարբերաշրջանի (552 + 532 = 1084) հետ։ Դրա հիմնադիրը Հովհաննես Սարկավագն է, որը, մուծելով նահանջ տարվա գաղափարը, Հ․տ․ դարձրել է անշարժ։ Սակայն Հայոց փոքր թվականը պաշտոնապես չի ընդունվել․ հաշվարկները կատարվել են շարժական տոմարով՝ երբեմն զուգահեռ նշելով նաև Հայոց փոքր թվականը։ Հ․տ-ի բարեփոխության փորձեր է կատարել նաև Ստեփանոսը, որը կազմել է հայոց նոր՝ անշարժ տոմար։
1317-ին Ադանայի եկեղեց․ ժողովում որոշվել է հրաժարվել Հ․տ-ից և ընդունել հուլյան տոմարը, որը, սակայն, չի կատարվել։ 1584-ին Հռոմի պապի կարգադրությամբ թարգմանվել է հայ․ և հրատարակվել նոր՝ գրիգորյան տոմարը պարզաբանող աշխատություն, որը նույնպես չի նպաստել նոր տոմարի արմատավորմանը։ 532-ամյա երկրորդ պարբերաշրջանն անցնելուց հետո առաջարկվել են նոր օրացույցներ, որոնց մի մասն օգտագործվել է հայկ․ գաղթավայրերում, իսկ մյուսը՝ գրեթե չի օգտագործվել։ 532-ամյա երրորդ պարբերաշրջանի (552 + 532 + 532 = 1616) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը, որը շուրջ 200 տարի գործածել են պարսկահայերն ու հնդկահայերը։ Հիշատակության են արժանի նաև Վարդան Կարբեցու (1707), Սիմեոն Երևանցու (1759), Մինաս Կամսարականի (1807) կազմած տոմարները։ Նշված տոմարների