Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայքի Վասպուրական նահանգում, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետի հովտում։ Վանա լճի հվ-արլ․ եզերքից տարածվում է մինչև Հայկ․ Տավրոսի լ-շղթան։ Հիմնականում համապատասխանել է Մեծ Հայքի Երվանդունիք (Արուանթունի) գավառի մի մասին։ Հս-ից սահմանակից էր Տոսպ, հվ-արլ-ից՝ Ռշտունիք, արլ-ից՝ Կուղանովիտ գավառներին։ XX դ․ սկզբին կենտրոնն էր Կղզի գ․։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգավանդ։ Հարուստ է հատկապես հացահատիկով։

Ըստ ավանդության՝ Հ․ձ-ում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտն աշշուրա-բաբելական աշխարհակալ Բելի (Նեբրովթ) դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հ․ձ․։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։

Հ․ձ․ Արմ․ Հայաստանի ամենաստվար հայ բնակչություն ունեցող տարածքներից էր։ XIX դ․ 2-րդ կեսին այնտեղ ավելացել են քրդ․ ցեղերը, որոնց հոսքը Հ․ձ․ հատկապես ուժեղացել է 1896-ի հայկ․ կոտորածներից հետո (զոհվել է ավելի քան 900 հայ, կողոպտվել շուրջ 1300 տուն)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Հ․ձ-ի հայերի մեծ մասը զինված ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է կոտորածից և գաղթել Արլ․ Հայաստան։ Ըստ 1950-ի թուրք․ մարդահամարի տվյալների՝ Հ․ձ-ի տարածքում ապրել է 5700 մարդ (1915-ի բնակչության 1/3-ը)՝ հիմնականում քրդեր։

Հ․ձ-ի հայաբնակ գյուղերը՝ ըստ Մ․Միրախորյանի և Ա-Դոյի․ Ագրակ, Աթանանց, Անգղ, Անկշտանց (Հանկշտանց), Առեղ (Առաղան), Աստվածաշեն, Արատենց, Բերդակ, Զերնակ, Թրքաշեն, Իշխանիգոմ, Խառնուրդ, Խաչ, Խարականց, Խեք, Խնդրակատար, Խոսպ, Խորգոմ (Հյուրգոմ), Կալբալասան, Կարմրաքար, Կեմ, Կենդանանց, Կըզըլդաշ, Կղզի, Հերմերու (Էրմերուր), Հիլունք (Ուլունք), Հիրճ, Հնդստան, Մաշկատակ (Մաշտակ), Մարգս (Մարքս), Մուլք, Նանիկ (Հարատենց), Նորգյուղ, Ոչխրանց Վերին և Ներքին, Պահանց, Պժնկերտ Վերին և Ներքին, Պլտենց, Սպիտակ վանք, Սուրբ Վարդան, Վահրանց, Տրնի, Ուրթուկ, Փակատուկ, Քարավանց, Քերծ, Քեոշկ։

Գրկ․ Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևմտյան Հայաստանի, հ․ 1, ԿՊ, 1884։


ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԴԱՇՏ, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի գոգավորությունում։ Լճի հվ-արլ․ ափից տարածվում է դեպի արլ․ և զբաղեցնում մոտ 260 կմ2 տարած․։ Գրաբենային ծագման դարավանդային հարթավայր է՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Հս-ով հոսում է Խոշաբ գետը։ Կլիման ցամաքային է։ Բնորոշ է տափաստանային ու տափաստանամարգագետնային բուսածածկույթը։


ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ, կրթական հաստատություն։ Հիմնվել է 1821-ին, Կալկաթայում՝ ջուղայեցի մեծահարուստ Ա․ Մուրադխանյանի կտակով։ 1825-ին ճեմարանին է միացվել Կալկաթայում 1798-ին Հ․ Գալուցյանի հիմնած դպրոցը, ինքը՝ Գալուցյանը, ստանձնել է դպրոցի տեսչությունը։ Ճեմարանն ունեցել է օրիորդաց բաժին, որը փակվել է 1842-ին։ 1949-ին ճեմարանին է միացվել Կալկաթայի Դավիթյան օրիորդաց դպրոցը (հիմնել էր իրանահայ Դ․Դավիթյանը, 1922-ին՝ Կալկաթայի հայկ․ եկեղեցու մերձակայքում)։ Ճեմարանում սովորում են 7-18 տարեկան աշակերտներ։ Ունի գիշերօթիկ բաժին։ Դասավանդվում են հայոց լեզու, գրակ․, հայ ժող․ պատմություն, կրոն, ֆրանս․, անգլ․, պարսկ․, բենգալերեն, աշխարհագրություն, մաթեմատիկա։ Հայագիտ․ առարկաները դասավանդվում են մայրենի լեզվով, մյուսները՝ անգլ-ով։ Տեղացի աշակերտները սովորում են բենգալերեն, Իրանից եկածները՝ պարսկ․։ Մինչև 1870-ը ճեմարանն ունեցել է իր ինքնուրույն ծրագրերը, հետագայում դրանք համապատասխանեցվել են Կալկաթայի համալսարանի ընդունելության քննությունների պահանջներին։ 1883-ին ճեմարանը պաշտոնապես ճանաչվել է որպես երկրորդական (միջն․) դպրոց, 1888-ին՝ դասվել Կալկաթայի համալսարանի քոլեջների կարգը։ Առժամանակ դիմորդներ է պատրաստել Քեմբրիջի համալսարանի համար։ 1888-91-ին ճեմարանին կից գործել են բարձրագույն դասընթացներ՝ Կալկաթայի համալսարանի արվեստի ճյուղի համար դիմորդներ պատրաստելու նպատակով։ 1828-ին հիմնվել է Արարատյան գրադարանը։ 1824-ից ունեցել է տպարան, որը գործել է մոտ 50 տարի։ 1971-ին նախագծվել և կառուցվել է ճեմարանի վեց- հարկանի շենքը։ Ճեմարանն ունի գիտական աշխատանոց, բուժարան, մարզական խմբակներ, լողավազան, երգչախումբ, նվագախումբ, արական և իգական առանձին կացարաններ։

1999-ի փետրվարի 15-ի Կալկաթայի գերագույն դատարանի որոշմամբ ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսության տնօրինությանը (կառավարիչ՝ տ․ Միքայել ծ․ վրդ․ Աջապահյան)։ Ճեմարան են մեկնում նաև հայաստանցի մանուկներ՝ ուսանելու և ուսուցիչներ՝ դասավանդելու նպատակով։

Գրկ․ Հանանյան Ջ․, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, Թեհրան, 1971։


ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆ, հայկական տոմարական հաշվարկի վրա հիմնված թվականություն, որն սկիզբ է առնում 552-ի հուլիսի 11-ից։ Հ․մ․թ-ի հիմնադրման հարցը քննարկվել է 554-ի Դվինի ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել