Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատանքները վերաբերում են արդ-յան տեղաբաշխման, արդ․ արտադրության ճյուղային կառուցվածքին և այլ խնդիրների։


ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՑ Էրվանդ Շամիրի [5(18)․2․1906, գ․ Էդիշա (այժմ՝ Վարդաշատ, ԼՂՀ Հադրութի շրջանում) - 29․3․1975, Լենինգրադ], ֆիզիոլոգ։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1953), պրոֆ․ (1953)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1933-36-ին՝ գիտաուսում․ աշխատանքների գծով պրոռեկտոր, 1936-59-ին՝ լաբորատորիայի վարիչ, 1959-75-ին՝ բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են տարածական վերլուծության և կեղև-ընդերային փոխհարաբերության հարցերին։ Կ․ Բիկովի հետ բացահայտել է գլխուղեղի կեղևի կապը ներքին օրգանների հետ։ Զբաղվել է նաև բիոնիկայի հարցերով։ Ի․Պավլովի անվ․ մրց․ (1962)։

Երկ․ Высшая нервная деятельность и рецепторы внутренних органов, М.-Л., 1952; Принцип конвергенции анализаторных систем, Л., 1969 (соавтор); Эхолокация в природе, 2 изд., перераб. и доп., Л., 1974 (соавтор)․


ՀԱՅՐԱՎԱՆՔ, Այրիվանք, հայկական ճարտարապետական հուշարձան, IX-XIII դարերի վանքային համալիր ՀՀ Գեղարքունիքի մարզում, Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան եզրին, Սևանա լճի առափնյա ժայռեղեն հրվանդանի վրա։ Պահպանվել են եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին (IX դ․) խաչաձև-քառախորան (հվ-արլ․ անկյանը կից է խորանավոր ավանդատուն) կենտրոնագմբեթ կառույց է (գմբեթը կործանվել է XIX դ․ վերջին, ներկայիս ամբողջական տեսքը 1980-ական թթ․ վերականգնման արդյունք է)։

Հայ ճարտ-յան եզակի նմուշներից է․ բոլոր խորանների ներքին բոլորակությունը դրսևորվում է արտաքին տեսքում։ Մուտքերը հվ․ և արմ․ (բացվել է հետագայում) խորաններից են։ Լուսավորվում է խորանների և թմբուկի ճակատային նիստերի մեկական պատուհաններից։ Անցումը գմբեթատակ քառակուսուց գմբեթի բոլորակին երկշարք տրոմպներով է։ Հարդարանքի տարրերից ներսում ուշագրավ են խորանների հպման անկյունների հյուսվածքազարդ իմպոստները, դրսում՝ պատուհանների ուղիղ ավարտամասերով կիսաշրջան եզրակալները, թեքադիր կտրվածքով քիվերը։ Կառուցված է կոպտատաշ բազալտով, պատերը ներքուստ, ինչպես նաև թմբուկը և բացվածքների եզրերը սրբատաշ դարչնագույն տուֆից են։ Երկսյուն գավիթը (նույնատիպերից վաղագույնը՝ 1211) արմ-ից է (արլ-արմ․ առանցքից շեղված)։ Միջին քառակուսու վրա բարձրանում է երդիկավոր, ութանիստ, շթաքարեզարդ անկյուններով գմբեթը՝ ներքուստ երեսպատված սև և կարմիր շեղադիր տուֆաքարերով։ Տարածքի պեղումներով (1952, 1972-73, ղեկ․ Հ․ Մնացականյան) հայտնաբերվել են միջին բրոնզի և երկաթի դարերի զարդեր, զենքեր, գործիքներ, անոթներ, կրակարաններ ևն։ Վանքի պարսպապատերից (մնացորդները հրվանդանի արմ․ մասում են) դուրս նկատելի են կացարանների, ձիթհանի, տնտ․ շինությունների հետքեր։

Գրկ․ Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը,


ՀԱՅՐԵՆ, հայ հին ժողովրդական քնարերգության մեջ տարածված երգատեսակ։ «Հ․» անունը ծագել է «հայերեն» բառից, իբրև հայկ․ տաղաչափ․ ինքնահատուկ կառուցվածք ունեցող ոտանավոր․ այդ հատկանիշը դրսևորված է Հ-ների բանատողին տրվող «հայրենի կարգ» անվանման մեջ։ Հ․ կազմված է յոթ և ութվանկանի մեծավերջ-վերջատանջական (յամբանապեստյան) ոտքերով երկտող տներից։ Առաջին տողն սկսվում և վերջանում է երկվանկ, իսկ երկրորդը՝ եռավանկ ոտքով։ Հ-ների չափը դեռևս X դ․ բանահյուսությունից թափանցել է գրավոր բանաստեղծություն և օգտագործվել Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Երզնկացու, Մկրտիչ Նաղաշի և այլոց կողմից։ Հ-ները հայ իրականության մեջ երկար ժամանակ վերագրվել են Նահապետ Քուչակին։ Հետագայում Մ․Աբեղյանը, Ա․Մնացականյանը և ուրիշներ այդ վերագրումը համարեցին թեական։ Ներկայումս գերակշռում է այն տեսակետը, որ դրանք ժող․ ստեղծագործություններ են։

Հ-ների՝ ժող․ քնարերգության, մասնավորապես, «լալյաց» բանաստեղծության տեսակ լինելու անդրանիկ վկայությունը պահպանվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մեջ (Բան ԻԶ)։ Բայց նրա, հետագայում նաև Ներսես Շնորհալու Հ-ների չափով գրված բնության և աստվածային սիրո տաղերն անուղղակի վկայում են, որ հնում այդ չափով հորինվել են ոչ միայն սգերգեր, այլև սիրո երգեր։ Հ-ների հատուկենտ նմուշները, որ սկսվում են երևան գալ XIII դ․ ձեռագրերում, մեծ մասամբ սիրո, ուրախության և խրատ․ երգեր են։ Սիրո և ուրախության Հ-ները, ըստ Մ․ Աբեղյանի, հորինվել են միջնադար․ քաղաքներում, ժող․ երգիչների՝ գուսանների և վարձակների կողմից և երաժշտ․ տարբեր գործիքների նվագակցությամբ կատարվել գինարբուքներին ու խնջույքներին։ Հ-ները հորինվել են միջին հայ-ով, ավանդվել բանավոր, ոճական սերտ ընդհանրություններ ունեն XIX-XX դդ․ գրառված ժող․ երգերի հետ։ Ակնում, Խարբերդում, Վանում և այլուր գրառվել են նաև Հ-ների հնավանդ նմուշներ, որոնք XVII դ․ մի տաղարանում, հետագայում նաև ժողովրդի մեջ կոչվել են անտունի։

Երաժշտ․ առումով Հ-ները կազմել են միջնադար․ հայ գուսան․ քնար․ երգերի հիմն․ տեսակը։ Եղանակները կոմպոզիցիոն հատկանիշներով միջին տեղ են գրավում տաղերի և բուն ժող․ հանդարտահոս երգերի միջև՝ ավելի մոտ լինելով վերջիններին․ գերազանցապես ծորերգային են (այդ պատճառով կոչվել են նաև քաշ հարեն), առանձնանում են համեմատաբար պարզ ու թեթև կառուցվածքով, զուսպ զարդարանքով, արտահայտման սեղմությամբ, հուզական խորությամբ ու անմիջականությամբ, կրում են խոր ավանդականության և յուրատեսակ վեհության կնիք․ հավանաբար ժամանակին ունեցել են նաև հորինողների ստեղծագործ․ անհատականության գծեր։ Դարավոր գոյատևման ընթացքում Հ-ներից ճյուղավորվել են հոգևոր տաղերին մոտ, ավելի