Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարդարուն ու «քաղցրանվագ» անտունիները, մասամբ էլ ժողովրդականանալով՝ Հ-ները խառնվել են աշխարհիկ տաղերին կամ լուծվել ժող․ քնար․ ծորուն երգերում և ներկայումս դժվար գտանելի են։ Տաղարաններում երբեմն հանդիպում ենք խազերով գրված Հ-ների (սովորաբար՝ «տաղ» վերտառությամբ)։ Նոտագրված սակավաթիվ Հ-ներ կան Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ում և Մ․Թումաճանի «Հայրենի երգ ու բան» ժող-ում։

Գրկ․ Տես «Անտունի» հոդվածի գրակ-ը։ Աթայան Ռ․, Հայկական խազային նոտագրություն, Ե․, 1959, էջ 96-97։ Հայրեններ, աշխատասիր․ Ա․Մնացականյանի, Ե․, 1995։


ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (նախկինում՝ գավառագիտություն), երկրի առանձին մասերի (հանրապետություն, երկրամաս, մարզ, բնակավայր ևն) բնության, պատմության, բնակչության, կենցաղի բազմակողմանի ուսումնասիրություն։

Հայկ․ աղբյուրներում հայրենագիտ․ տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Օրբելյանի և ուր․ աշխատություններում։ Հ-յան զարգացմանը XIX դ․ սկզբին նպաստել է Խ․Աբովյանը, որը գավառ․ դպրոցներում ուսմանը զուգընթաց օգտագործել է էքսկուրսիան և իրազննությունը։ Հ-յան դասական օրինակ են Ղ․Ինճիճյանի «Ստորագրութիւն հին Հայաստանեայց», «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (եռահատոր), Ղ․Ալիշանի Հայաստանի առանձին պատմաաշխարհագր․ նահանգներին նվիրված երկերը («Շիրակ», «Սիսուան», «Այրարատ» ևն)։ Հ․ XX դ․ սկզբին գիտ․ հիմքերի վրա դրեցին Ս․Լիսիցյանը, Ա․Քալանթարը, Հ․Կարապետյանը և ուր․։ 1921-ին ՀԽՍՀ լուսժողկոմատին առընթեր ստեղծվել է կենտր․ գավառագիտ․ բյուրո, կազմակերպվել են գավառագիտ․ թանգարաններ, հրատարակվել են դպրոցական ձեռնարկներ (Թ․Ջուհարյան, Գ․Ավագյան և ուր․)։ Հայաստանում հայրենագիտ․ աշխատանքները միավորելու նպատակով Հայկ․ աշխարհագր․ ընկերությանը կից 1958-ին ստեղծվել է Հայրենագիտ․ խորհուրդ։ 1960-ական թթ․ հրատարակվել են «Սովետական Հայաստան» (հայրենագիտ․ ուրվագծեր), «Սովետական Միություն» մատենաշարի «Հայաստան» հայրենագիտ․ աշխատությունները։ Ներկայումս հանրապետությունում գործում է 10 հայրենագիտ․ պետ․ թանգարան։ Զվարթնոցի, Էջմիածնի, Մեծամորի, Սևանի, Գնդեվանքի, Հաղարծին-Գոշավանքի և այլ պատմաճարտ․ հուշարձաններին կից ստեղծվել են հայրենագիտ․, հնագիտ․, պատմ․ թանգարաններ։


ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ հայերի, աշխարհով մեկ սփռված հայերի մասնակի վերադարձը Հայաստան։ Առաջին համաշխ․ պատերազմի տարիներին Արմ․ Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջաններում երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության (տես Մեծ եղեռն) հետևանքով՝ արևմտահայերի մի մասը, փրկվելով ջարդերից, սփռվել է աշխարհով մեկ, ապաստանել տարբեր երկրներում։ Հայ գաղթականները հուսով էին, որ պատերազմի ավարտից և նրանում Թուրքիայի պարտությունից հետո մեծ տերությունները, որոնք բազմիցս հայ ժողովրդին խոստացել էին ազատություն և անկախություն, հնարավորություն կստեղծեն իրենց բնակավայրերը վերադառնալու համար։ Սակայն նրանց հույսերը չարդարացան։ Արևմտահայ գաղթականների մի մասը ապաստան գտավ Արլ․ Հայաստանում, որտեղ 1918-ի մայիսին վերականգնվել էր հայկ․ պետականությունը, ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը։ Հանրապետության ներքին և արտաքին ծանր պայմաններում կառավարությունն ի վիճակի չէր կազմակերպել հայրենակիցների զանգվածային Հ․, սակայն իր գոյության երկու և կես տարիների ընթացքում հարևան Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից նորաստեղծ հանրապետություն տեղափոխվեց մի քանի հազար հայ։

Հ․ կազմակերպված բնույթ ընդունեց Հայաստանում խորհրդ․ իշխանություն հաստատվելուց (1920-ի նոյեմբ․) հետո, երբ կառավարությունը ձեռնամուխ եղավ այդ գործի իրականացմանը։

Հ․ ընթացել է երեք փուլով։ Առաջին փուլը ընդգրկում է 1921-36 թթ․։ Այս շրջանում տարբեր երկրներից (Իրաք, Իրան, Հունաստան, Թուրքիա, Ֆրանսիա, Բուլղարիա) Հայաստան է վերադարձել 42,2 հզ․ հայ։

Երկրորդ փուլում՝ 1946-49 թթ․ Հայաստան է վերադարձել 89,7 հզ․ հայ (Իրանից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Պաղեստինից, Իրաքից, ԱՄՆ-ից)։ 1950-ական թթ․ անհատական կարգով Հայաստան է հայրենադարձել ավելի քան 4 հզ․ հայ։

Երրորդ փուլը սկսվել է 1962-ից․ մինչև 1982-ը Հայաստան է վերադարձել 32,5 հզ․ հայ՝ 30 երկրներից (Իրան, Սիրիա, Թուրքիա, Կիպրոս, Իրաք, Հունաստան, ԱՄՆ, Արգենտինա, Ֆրանսիա, Բուլղարիա, Հորդանան, Ուրուգվայ, Իտալիա, Լիբանան ևն)։

1920-80-ական թթ․ ընդհանուր առմամբ հայրենադարձվել է 170 հզ․ հայ։ Նրանց ընդունելու և տեղավորելու համար տարբեր ժամանակներում ստեղծվել են Արմ․ Հայաստանի բնակավայրերի անուններով նոր ավաններ ու թաղամասեր (Նոր Արաբկիր, Նոր Սեբաս