Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ․ իբրև հողային սեփականության ձև գոյություն է ունեցել նաև Կիլիկյան Հայաստանում։

Գրկ․ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Ադոնց Ն․, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե․, 1987։


«ՀԱՅՐԵՆԻՔ», հասարակական-քաղաքական, գրական-պատմամշակութային ամսագիր (1968-ից՝ եռամսյա)։ ՀՀԴ կուս-յան պաշտոն․ պարբ․։ Լույս է տեսել 1922-70-ին, Բոստոնում (ԱՄՆ)։ Խմբագիրներ՝ Ռ․ Դարբինյան, Մ․ Թեոլեոլյան։ Տպագրել է ՀՀԴ կուս-յան պաշտոն․ նյութեր, հոդվածներ և հուշեր՝ նվիրված հայ ժողովրդի XIX-XX դդ․ ազգ-ազատագր․ պայքարի, Հայկ․ հարցի, Մեծ եղեռնի, ՀՀԴ կուս-յան պատմության հարցերին։ Քննադատության է ենթարկել Խորհրդ․ Հայաստանում գոյություն ունեցող վարչակարգը, լուսաբանել սփյուռքի հաս-քաղ․ կյանքը, բանավիճել հայ ազգ․ այլ կուս-ների հետ։ Ամսագրի էջերում տպագրվել են ՀՀԴ կուս-յան գործիչների՝ Ա․Գյուլխանդանյանի, Ա․Խատիսյանի, Ա․Ջամալյանի, Գ․Նժդեհի, Մ․Վարդանյանի, Ս․Վրացյանի, Վ․ Փափազյանի և այլոց հոդվածները։ «Հ․»-ին աշխատակցել են Ա․Ահարոնյանը, Դ․Դեմիրճյանը, Համաստեղը, Լ․Շանթը, Ա․Շիրվանզադեն, Հ․Օշականը և ուր․։ «Հ․»-ի հրապարակումների զգալի մասը հետագայում հրատարակվել է առանձին գրքերով։


«ՀԱՅՐԵՆԻՔ», գրական, հասարակական, տնտեսական և քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1915-18-ին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատ-ներ՝ Ա․Մահտեսի-Հակոբյան, Ս․Թառայան։ Ներկայացրել է արևելահայության վիճակն առաջին համաշխ․ պատերազմի տարիներին, Արմ․ Հայաստանի իրադարձությունները։ Կարևոր տեղ է հատկացրել ազգ-ազատագր․ պայքարին, պատմել նրա մասնակիցների կյանքի ու գործունեության մասին։ Անդրադարձել է գրակ-յան ու արվեստի հարցերի, տպագրել գրակ․ ստեղծագործություններ։ Մշտական թղթակիցներ է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։


«ՀԱՅՐԵՆԻՔ», ազգային, քաղաքական-հասարակական, գրական շաբաթաթերթ, երկօրյա թերթ, ապա՝ օրաթերթ։ ՀՀԴ Ամերիկայի արլ․ շրջանի ԿԿ պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1899-1992-ին, Բոստոնում։ Հիմնադիր-խմբագիր՝ Թ․ Չարշավճյան։ Խմբագիրներ՝ Մ․Մինասյան, Ա․ Վռամյան, Հ․ Չագմագչյան, Սիամանթո, Ս․Վրացյան, Մ․Օզանյան, Վ․Ահարոնյան, Ե․Խաթանեսյան և ուր․։ «Հ․» լուրեր է տպագրել միջազգ․ քաղ․, տնտ․, մշակութ․ և մարզ․ կյանքի, Հայաստանի և սփյուռքահայ գաղթավայրերի անցուդարձերի վերաբերյալ։ Լուսաբանել է ՀՀԴ-ի և նրա կողմից հովանավորվող մշակութ․, մարզ․ ու բարեգործ․ միությունների գործունեությունը։ Տպագրել է գրակ-գեղ․ ստեղծագործություններ։


«ՀԱՅՐԵՆԻՔ», ազգային, գրական և քաղաքական օրաթերթ։ Լույս է տեսել 1870-96, 1909-10-ին, Կ․Պոլսում։ Խմբագիրներ՝ Մ․Գափամաճյան, Ա․ Արփիարյան, Լ․ Բաշալյան, Վ․Թեքեյան, Ե․ Օտյան, Հ․Գազանճյան։ Ունեցել է շեշտված ժողովրդավար․ ուղղվածություն, որի պատճառով հալածվել է սուլթ․ կառավարության կողմից։ Արտացոլել է արևմտահայության հաս․ և մշակութ․ կյանքը։ Նկատելի դեր է կատարել հայ ժողովրդի երկու հատվածների մերձեցման, նրանց տնտ․ և հոգևոր կյանքի լուսաբանման ասպարեզում։ Սերտ կապ է պահպանել «Մշակի» և Գ․ Արծրունու հետ, տպագրել արևելահայ գրողների ստեղծագործություններ, թղթակցություններ Թիֆլիսից։ Նրա շուրջն են համախմբվել Գ․ Զոհրապը, Տ․ Կամսարականը, Մ․ Կյուրճյանը, Ա․ Չոպանյանը և ուր․։ Նրա էջերում են տպագրվել Գ․ Զոհրապի «Քոքինակի», «Ճեյրան» նովելները, «Նարդիկ» անավարտ վեպը, Լ․Շանթի «Մնաս բարովի իրիկունը» վեպը ևն։


«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՁԱՅՆ», ազգային, մշակութային շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1965-96-ին (Սփյուռքահայության հետ մշակութ․ կապի կոմիտեի շաբաթաթերթ), Երևանում։ Խմբագիրներ՝ Վ․ Դավթյան, Կ․Վարդանյան, Լ․Զաքարյան։ Նպաստել է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանը, ծանոթացրել ՀՀ տնտ․, գիտ․ ու մշակութ․ կյանքին։ Լուսաբանել է հայկ․ գաղթավայրերի մշակութ․, կրթ․ կազմակերպությունների գործունեությունը։ Տարածվել է ՀՀ-ում և արտասահմանում։


«ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ», ազգային-ազատագրական խմբակ։ Հիմնվել է 1874-ի հունիսին, Մեծ Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ Խմբակի հիմնադիրն էր Բարենպատակ ընկերության անդամ Համբարձում Բալասանյանը։ «Հ․ս․գ․» փաստորեն եղել է այդ ընկերության մասնաճյուղը։ Նրանում ընդգրկվել են հայրենասեր երիտասարդներ, որոնք խմբակի նիստերում քննարկել են հայրենիքի անկախության և ազատության հարցերը։ 1875-ի հունիսի 5-ին, հայտնաբերելով, ոստիկանությունը ձերբակալել է որոշ անդամների, սակայն հիմնավոր փաստերի բացակայության պատճառով գործին դատ․ ընթացք չի տրվել։ Խմբակի ղեկավար Հ․Բալասանյանն արտաքսվել է Կարսի մարզ և վերցվել ոստիկանական հսկողության տակ, իսկ խմբակը լուծարվել է։

Գրկ․ Պարսամյան Վ․Ա․, Հայ ազատագրական շարժումների պատմությունից, Ե․, 1958։


ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, ստեղծվել է 1921-ի փետրվարի 18-ին, Հայաստանում՝ հակախորհրդային ապստամբությունը (տես Փետրվարյան ապստամբություն 1921) ղեկավարելու համար։ Գլխավորել է Հայաստանի Հանրապետության (1918-20) վերջին վարչապետ Ս․Վրացյանը, անդամներն էին Ա․Հովհաննիսյանը, Կ․Սասունին, Հ․ Տերտերյանը, Հ․Տեր-Հակոբյանը, Ս․Ե