կազմակերպման համար, օգնել բնական աղետներից (1926, 1988-ի երկրաշարժերը ևն) տուժածներին։
Այժմ (1999) գործում են շուրջ 100 Հ․մ․, որոնցից առաջատարներ են արաբկիրցիների, սեբաստացիների, մալաթիացիների, հաճնցիների, մարաշցիների, քղեցիների, խարբերդցիների, երզնկացիների, կեսարացիների, մուսալեռցիների, վասպուրականցիների, տարոնցիների, զեյթունցիների միությունները, որոնք մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Սիրիայի և այլ երկրների հայաշատ քաղաքներում։ 1990-ական թթ-ից ՀՀ-ում աշխուժացել է Հ․մ-ի շարժումը։ 1993-ին ստեղծվել է Հայաստանի հայրենակցական միությունների խորհուրդը։ 1991-93-ին գրանցվել են 33 միություններ՝ «Արցախ», «Ջավախք», «Սասուն-Մուշ», «Համշեն», «Գարդմանք», «Նախիջևան» ևն։
Հ․մ․ հրատարակել և հրատարակում են իրենց պաշտոնաթերթերը՝ «Նոր Տիգրանակերտ», «Չնքուշ», «Նոր Թոմարզա», «Նոր Խարբերդ», «Նոր Կեսարիա», «Նոր Մարաշ», «Նոր Արաբկիր», «Արգեոս» (1925-ից), «Գերմանիկ», «Նոր Հաճըն», «Նոր Մալաթիա», «Նոր Սեբաստիա, «Վարագ», «Նոր Այնթապ», և հայրենի վայրերի հուշագրքեր։
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ», քաղաքական, բանասիրական և գրական երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1850-53-ին, Նիկոմեդիայում (Իզմիթ)։ Խմբագիր-հրատ․ Ա․Մուրադյան։ Տպագրել է լուրեր Թուրքիայի ներքին կյանքի և միջազգ․ իրադարձությունների վերաբերյալ, պատրիարքարանի և ազգ․ ընկերությունների հաղորդումներ։ Գրակ․ բաժնում ներկայացրել է վիպակներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, զվարճալի մանրապատումներ, առակներ, ծանոթացրել տեղի մշակութ․ կյանքին։
«ՀԱՅՐԵՆԱՍԵՐ», քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, 1845-ից՝ երկշաբաթաթերթ։ Արագածունյաց մշակութ․ ընկերության հրատ․։ Լույս է տեսել 1843-46-ին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Խ․ Մելիքսելումյանց։ Տպագրել է առևտր․ ծանուցումներ, բարոյախոս․ զրույցներ, հատվածներ պատմա-ուղեգր․ երկերից, Մ․Թաղիադյանի օրագրից, թարգման․ գործեր, լուրեր հայկ․ համայնքներից։ Խուսափել է հակադրվել իշխանություններին, քննարկել կրոն․ խնդիրներ։ Ծանոթացրել է ժամանակի գիտ․ հայտնագործություններին։ «Հ․» հալածվել և արգելքների է հանդիպել լեզվի, կրթության, լուսավորության հարցերում ժողովրդավար․ դիրքորոշման համար։
ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հայ ազգային հայրենասիրական խմբակ։ Հիմնել են Մոսկվայի հայ ուսանողները, 1882-ին։ Նպատակն Արմ․ Հայաստանի ազատագրումն էր թուրք․ լծից։ Հրատարակել է «Ազատության ավետաբեր» անլեգալ թերթը (4 համար)։ Հ․մ․ պրոպագանդել է հայ ժողովրդի հաս․ և ազգ․ ազատագրության գաղափարը, դատապարտել եվրոպ․ երկրների երկդիմի քաղաքականությունը Արմ․ Հայաստանի ազատագրության հարցում։ Հ․մ․ Արմ․ Հայաստանի ազատագրությունը կապել է միայն զինված պայքարի և Ռուսաստանի ռազմ․ օգնության հետ, հայերին կոչել հետևել հույների և բուլղարների օրինակին։ Ցար․ ոստիկանության հետապնդումների հետևանքով Հ․մ․ 1884-ին դադարել է գործել։
Գրկ․ Պարսամյան Վ․, Հայ ազատագրական շարժումների պատմությունից, Ե․, 1958։
ՀԱՅՐԵՆԻՔ, հայրենականք, ֆեոդալական հողային սեփականատիրության ձև միջնադարյան Հայաստանում։ Առաջացել է ֆեոդ․ մասնավոր սեփականության ձևավորման ընթացքում, երբ տոհմացեղային և ստրկատիր․ ավագանու ներկայացուցիչները՝ իշխանները, դարձել են ավատատեր-նախարարներ, լիակատար և ժառանգման իրավունքով տնօրինել իրենց կալվածները։ Վաղ ավատատիրության ժամանակաշրջանում (III-IX դդ․) Հ․ եղել է ֆեոդ․ հողատիրության գերիշխող ձև․ դրանց չափերն զգալիորեն մեծացել են համայն․ հողերի զավթման, պարգևների, գնման և այլ եղանակներով։ Ժառանգումը՝ ավագության սկզբունքով։ Զարգացած ավատատիրության ժամանակաշրջանում (IX-X դդ․) Հ․ բաժանվել է նաև տոհմի մյուս ճյուղերի միջև։ Նոր առաջացած տոհմաճյուղերում պահպանվել է ժառանգման ավագության սկզբունքը։ Հ-ի տարածքի մի մասում ձևավորվել է ավատ․ կալվածքը, մյուսում բնակվել են շինականները, որոնք մշակել են իրավաբանորեն ավատատիրոջ սեփականությունը կազմող իրենց հողաբաժինը՝ վճարելով հողային ռենտա։
Սելջուկյան թուրքերի տիրապետության պայմաններում (XI-XII դդ․) հայ ավատատերերը գրեթե զրկվել են Հ-ից։ XII դ․ վերջից Զաքարյանները վերականգնել են այն։ Այդ ժամանակաշրջանից Հ․ են համարվել նաև գանձագին (քսակագին, դրամագին) կալվածքները և զենքի ուժով ձեռք բերված հողերը։
Մոնղ․ տիրապետության ժամանակաշրջանում (XIII-XIV դդ․) հայ ավատատերերի Հ-ները հիմնականում պահպանվել են մոնղոլների համար զինվ․ և վարչ․ ծառայություն կատարելու պայմանով։